Էլեկտրատեխնիկայի խանութը 47 միլիոն դրամ է շորթել 87 գնորդներից։ Տուժած սպառողները հաղորդում են ներկայացրել խարդախության հոդվածով, սակայն նրանց բողոքի քննությունը վերածվել է մեկ այլ խաբեության. փակված խանութին Սնանկության դատարանը պարտավորվեցրել է վճարել միայն պետության հանդեպ ունեցած պարտքերը՝ շուրջ 62 միլիոն դրամ հարկերը։ Խաբված քաղաքացիների գործն առանձնացվել է և ձգձգվում է տարուց ավել։
«ՊԵԿ-ը պետական մարմին է, նրա գործն են առաջ քցել քննիչները։ Բայց ըստ օրենքի՝ եթե կա պարտք և՛ քաղաքուն, և՛ պետությանը, սնանկ ճանաչված ընկերությունը առաջինը պիտի մարի քաղաքացու պարտքը։ Փաստորեն, մեզ խաբել են նաև գործով զբաղվող քննիչները։ Մեր զանգերին մի ամիս Քննչականում չէին պատասխանում, հետո իմացանք, որ առանց մեզ՝ միայն պետության պարտքերով, մտել են սնանկության դատարան։ Մենք փող ենք տվել, որ ինքը հարկե՞րը փակի», — Epress.am-ին ասել է տուժածներից Անահիտը։
Նա 2024-ի դեկտեմբերին Երևանում գտնվող «ՖուլՍայզ» խանութից գնել է իր նոր տան ողջ տեխնիկան՝ սառնարան, գազօջախ, օդորակիչներ, ընդհանուր՝ մոտ 850 հազար դրամի ապրանք։ Ոչինչ չի առաքվել։ Արդարանում էին՝ գնումները շատ են, չենք հասցնում։ Մեկ այլ տուժող պատմում է, որ մի ամիս ձգում էին, ասելով, որ կբերեն. Չինաստանից ապրանքը չի հասել։ Այնինչ հետո պարզվել է, որ ընկերությունը ներկրող չէր, առնում էր տեխնիկան այլ հայկական խանութներից ու վերավաճառում։
«ՖուլՍայզից» տուժածները վստահ են, որ խարդախության սխեմայի զոհ են դարձել, որի հեղինակներին պաշտպանում է նաև պետական ապարակը։ «Ես գտա մեզնից թացքված սնանկությանը գործը, գնացի դատական նիստին։ Դատավորն ինձ հարցրեց՝ բա ինչի՞ եք գնում արել այդ խանութից, ինչի՞ եք հավատացել իրենց։ Ասեցի՝ հավատացել եմ ՀԴՄ-ին, պետական հավաստագրին։ Այդ խանութը ուներ ութ աշխատող, օֆիցիալ գրացնում, ես հո պատահական մարդուց չեմ գնում արել», — ասում է տուժած Լիլիթը։
Խարդախության զոհերը գտել են իրար և միասին դիմել ոստիկանություն 2025 թվականի հունվարին։ Իրենցից գաղտնի, սնանկության գործով վճիռ է կայացվել 2025-ի դեկտեմբերին։ Քաղաքացիների գործը առանձնացվել է և ուղարկվել Շենգավիթի դատարան։ Գործով առաջին նիստը մարտի 27-ին էր՝ հաղորդում ներկայացնելուց 15 ամիս անց։ Խաբված սպառողները՝ դատարանում տեսնելով «ՖուլՍայզի» տնօրեն, 46-ամյա Մհեր Խաչատրյանին, սկսեցին նրան ամոթանք տալ․ «Էսքան ժողովրդի էրեխեքի փողը տո՛ւր», «նենց էլ անմեղ հայացքով ա նայում»։ Խաչատրյանը փորձում էր ինքնապաշտպանվել՝ հորդորելով իր հասցեին ոչինչ չասել։ Կռիվը կանխելու համար հրավիրեցին կարգադրիչների։ Մեկը դահլիճից բղավեց՝ «ոչինչ, ստեղ հո չի մնալու, դուրսը կխոսանք»։
Հաջորդ նիստը ամենաշուտը հունիսին է լինելու։ Տուժածները բողոքում էին՝ էս տեմպերով դատը տարիներ է տևելու։ Շատերը վարկ են վերցրել տան տեխնիկա գնելու համար, պարտքերի մեջ են, փաստաբանական ծախսերը թանկ են։
Արդեն դատարանի այգում հայցվորներից մեկը մոտեցավ Մհեր Խաչատրյանին, խնդրեց նրա հեռախոսի համարը։ Խաչատրյանն ասաց, որ գողական չի ու կխոսի միայն դատարանում։
«Սա արդեն մաշեցնող, հոգնեցնող ընթացք է։ Քանի՞ տարի գնանք-գանք։ Դրա համար էլ մենք փորձում ենք բեկանել սնանկության գործով վճիռ, որ նոր վճիռ կայացվի, մենք էլ լինենք առաջին պարտապանը, ում պետք է փոխհատուցեն», — ասում է Անահիտը։
Լիլիթն ու տուժածներից շատերը գնումներ են արել 2025-ի դեկտեմբերին, երբ ամանորյա ակցիա էր հայտարարված՝ մեծ զեղչեր։ «Ես գնեցի գազօջախ։ Իմ երեխաները ցուրտ ձմեռ անցկացրեցին, որովհետև իմ հաշմանդամության թոշակը ամբողջությամբ տվեցի իրենց։ Դրա համար գնալու եմ մինչև վերջ»,- ասում է նա։
«Սա մտածված խարդախություն էր։ Գործի նյութերից երևում է, որ նա նախկինում էլ է խանութ բացել, հետո սնանկ է ճանաչվել, հետո էլի խանութ է բացել։ Լսել ենք, որ հենց հիմա էլ նորն ա բացել՝ Երևան տոնավաճառում», — Epress.am-ին ասել է տուժած Հայկ Համբարյանը։
Մհեր Խաչատրյանը պնդում է, որ ինքը այդ խանութի սեփականատերը չէ, բայց չի հերքել իր կապը․ ասում է, որ էլ.տեխնիկայի ոլորտի մասնագետ է, և կապ ունի շատերի հետ։
Epress.am Լուրեր Հայաստանից