Կատաստրոֆա էր. Մայիսի մեկը Երևանում
Աշխատանքային իրավունքների տակ առաջարկվում է հասկանալ աշխատողին շահագործելու իրավունքը, և սա նախընտրական քարոզարշավի մաս է։
Մայիսի մեկին կառավարությունը շքերթ էր կազմակերպել կոմերցիոն ձեռնարկությունների և բանկերի միջոցով։ Փակել էին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները։ Բերել էին Ջերմուկ գրուպի անձնակազմին, Ֆաստ բանկի, Ակբա բանկի, Կոնվերս բանկի մենեջերներին, ՖլայՈւանի օդաչուներին և ստյուարդուհիներին, Յանդեքս Գո-ի միգրանտ առաքիչներին, Երեմյաններ Գրուպի, Արզնի թռչնաբուծարանի, Տակառ գինու գործարանի, Վեգա հիպերմարկետի, Հոմպլեքս խանութի, Թիմտելեկոմի և Վիվա Արմենիա-ի աշխատողներին։ Նրանք պիտի գովազդեին իրենց գործատուի ապրանքանիշը։
Երեխաները կարող էին նկարվել քայլող ջերմուկի շշերի, Արզնի թռնչաբուծարանի փափուկ հավկիթների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կուսակցությունների նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու առումով խոշոր կապիտալի համար կան ձևական սահմանափակումներ։ Դրանք հիմնականում շրջանցվում են։ Իբրև թե ժողովրդական տոնախմբությունները Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրարշավի մասը չեն, բայց ծառայում են որպես ագիտացիայի հարթակ։
Կուսակցական սիմվոլիկան թաքնված է կոմերցիոն ձեռնարկությունների լոգոների հետևում։ Վիվառո բուքմեյքերական ընկերության սեփականատեր Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող Ֆաստ բանկը ֆինանսավորում էր նաև Քաղաքացու օրվա տոնակատարությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ թմբուկ էր նվագում Ֆաստ բանկի գովազդային պաստառների ֆոնին․ քաղաքացիական պայմանագիրը մինչև հիմա պարծենում է ունկնդիրների քանակով։ Ֆաստ բանկի համերգը համեմատվում է 2018 թվականի հեղափոխության հետ։
Վիվառոն, որը հազարավոր աշխատավորների է սնանկացրել Հայաստանում, նաև մայիսմեկյան շքերթի համաֆինանսավորողներից էր։
***
Քաղաքական, տնտեսական և մշակութային առումով Հայաստանի աշխատավորները ջախջախված են։ Տոնական ուղերձ Նիկոլ Փաշինյանից՝ դեմոկրատիան ունի պարզ սահմաններ։ Քրեաօլիգարխիան կտարալուծվի, կպարզաջրվի, կբաժանվի թևերի և կմրցի քվեներով։ Հնարավոր չէ վերադարձնել ժողովրդից թալանվածը։ Չկա աշխատավոր, կա աշխատանք։ Կուսակցությունը, որը չի ֆինանսավորվում խոշոր բիզնեսի կողմից, մրցունակ չէ։ Կազմակերպված բիզնեսը ունի պատվեր, և քաղաքականությունն այդ պատվերի արտահայտությունն է։ Ամոթ չէ լինել սպեկուլյանտ, ամոթ է լինել փականագործ։ Արհմիությունները երթ չեն անելու։ Արհմիությունները փակ քննարկում են կազմակերպելու հյուրանոցում, որին կմասնակցեն որոշ պաշտոնյաներ։ Աշխատանքային իրավունք նշանակում է աշխատելու իրավունք, չկա տարբերություն աշխատողի և գործատուի, արտադրողի և յուրացնողի, շահագործվողի և շահագործողի միջև։ Կեցցե՛ հայ հարկատուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ով չի աշխատում, նա չի ուտում։ Իսկ գործադուլն արգելված է օրենքով։
«Եկեք եկող տարի մայիսմեկյան շքերթը սկսենք Մատենադարանից, բրենդային տաղավարները կանցնեն պրոսպեկտով, վերջում կմտնեն հրապարակ», — ասում է սոցապ նախարարը։ «Այնքա՜ն շատ ընկերություններ կան, որ կուզեին երթուղին ավելի երկար լիներ»։ Վարչապետը պատրաստ է լուսանկարվել ժողովրդի հետ։ Բոլոր ցանկացողներին կնվիրեն նախընտրական կրծքանշաններ։
Epress.am-ը խնդրել է Անահիտին, Հայկին, Լուսինեին, Գևորգին, Սոնային, Հասմիկին, Անտոնին, Անուշին և Գայանեին մեկնաբանել մայիսմեկյան շքերթը։ Մանրամասները՝ տեսանյութում։