Վարդենիսի հոգեբուժարանի կադրերի տեսուչին մեղադրանք է առաջադրվել պացիենտներից մեկին աշխատանքային շահագործման ենթարկելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
«․․․Վարդենիս քաղաքի 65-ամյա բնակչուհին, հանդիսանալով «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչ, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն և վարքային խանգարումներ F-70 սակավամիտ անձնավորություն» ախտորոշմամբ՝ նշված ՊՈԱԿ-ի բնակչուհուն նույն կազմակերպության տարածքում իր կողմից բացված մթերային խանութում առանց աշխատանքային պայմանագրի ընդունել է աշխատանքի՝ որպես վաճառողուհի», – ասված է ՔԿ հաղորդագրությունում։
16 տարի շարունակ՝ 2002 թվականից մինչև 2018-ը, տուն-ինտերնատում բնակվող կինը աշխատել է նշված խանութում՝ շաբաթական հինգ օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:30, առանց ընդմիջման: 65-ամյա տեսուչը, «օգտվելով ՊՈԱԿ-ի բնակչուհու վիճակի խոցելիությունից»՝ չի վարձատրել նրան՝ ենթարկելով աշխատանքային շահագործման:
65-ամյա տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է։ Մեղադրական եզրակացությունը՝ հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: