Հայաստանի վարչապետը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խորհրդակցությունների։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։
Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ», – գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է` սա որևէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու իր ղեկավարած քաղաքական թիմի ու իր անձնական հանձնառությունը․ «Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայցև չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»։
Վարչապետի պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ, հայտարարել է Փաշինյանը՝ շեշտելով՝ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, իրեն համարում է այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։
«Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եւ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։ Նաեւ պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»։
Փաշինյանը վերջում հայտարարել է, որ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։