Aravot.am-ը «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը» վերնագրով հոդված է հրապարակել։ Իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) նման պահանջ չի դրել, հայտարարում է Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիությունը։
«ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ՀԱՄԿ-ի նախագահը ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվեց օրակարգից՝ որպես կանոնադրությանը հակասող։
Չնայած դրան՝ նույն օրը Խորհրդի նիստի ժամանակ, ՀԱՄԿ-ի նախագահն առաջարկեց նույն հայտարարությունը ընդգրկել արդեն Խորհրդի նիստի օրակարգում և, հաշվի չառնելով, որ այդ առաջարկը չհավաքեց պահանջված թվով կողմ ձայներ, և խախտելով կանոնադրությունը, ՀԱՄԿ-ի նախագահը հարցն ընդգրկեց օրակարգում։ Ի նշան բողոքի՝ 8 ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության 5 ներկայացուցիչները, լքեցին դահլիճը, և հայտարարությունը չընդունվեց քվորումի բացակայության պատճառով։
Սակայն որոշ ժամանակ անց ՀԱՄԿ-ի կայքում հայտնվեց նշված հայտարարության տեքստը՝ արդեն նախագահ Էդուարդ Թումասյանի անունից, որը տարածվեց նաև ֆեյսբուքով՝ իբր Հայաստանի արհմիություններ կոնֆեդերացիայի հայտարարություն», – գրված է ճյուղային արհմիության տարածած հերքման մեջ։
Առանձին պարզաբանմամբ հանդես է եկել նաև ՀԱՄԿ խորհրդի անդամ, Մատենադարանի արհմիության նախագահ Գայանե Այվազյանը։
Այվազյանը հաստատել է, որ հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԿ-ի նախագահի կողմից և չի ներկայացնում Կոնֆեդերացիայի կարծիքը, որի խորհրդի զգալի մասը դեմ է եղել դրան, բոյկոտել նիստը, ինչի արդյունքում՝ քվորումի բացակայության բերումով, հայտարարությունը չի ընդունվել։ Միևնույն ժամանակ՝ Այվազյանն ընդգծել է՝ Aravot օրաթերթերթում հրապարակված հայտարարության մեջ ՀԱՄԿ-ի նախագահը հրաժարականի պահանջը բացատրում է նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրմամբ, որը չի արդարացրել հասարակության սպասելիքները, ինչպես նաև ստեղծված վիճակով պայմանավորված աշխատանքային իրավունքների խախտումներով։
«Չեմ ուզում անդրադառնալ ՀԱՄԿ-ի նախագահի այս խնդրահարույց տեքստին, հատկապես որ նա իր անունից է պահանջ ներկայացրել։ Ցանկանում եմ, սակայն, մեկնաբանել այս արտառոց դեպքը։
Իմ անձնական էջում որպես քաղաքացի ես պահանջել եմ վարչապետ Փաշինյանի հրաժարականը, քանի որ պատերազմի մեջ արկածախնդրորեն ներքաշվելու և մարդկային կորուստների աղետին հանգեցնելու թիվ մեկ պատասխանատուն եմ համարում նրան։ Իմ դիրքորոշումը անփոփոխ է։ Այսօր, սակայն, ես դեմ եմ քվեարկել վարչապետի հրաժարականի պահանջը օրակարգ մտցնելուն, ինչպես նաև խորհրդի շատ անդամների նման լքել եմ նիստերի դահլիճը։
Պատճառները մի քանիսն են. պատերազմի ընթացքում ՀԱՄԿ-ը հանդես չի եկել ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ, չի պահանջել վարչապետից գնալ անհրաժեշտ խաղաղության ճանապարհով հենց նույն աշխատավորների սիրույն։ Ստացվում է, որ ՀԱՄԿ-ը լուռ համաձայն էր անհեռատես և անհիմն ավանտյուրայի մեջ մտնելու վարչապետի որոշմանը։ Միայն այն հանգամանքը, որ նա պարտվել է և դրանով «չի արդարացրել հանրության սպասելիքները», բարոյական իրավունք չի տալիս պահանջել վարչապետի հրաժարականը։ Մյուս կողմից` այս քայլը չի ազատում ՀԱՄԿ-ին պատասխանատվությունից և պատերազմի հետևանքներին անմասն չի դարձնում։
Երկրորդը` հրաժարականի պահանջը տենդագին առաջ մղվեց մի քանի մարդկանց կողմից, այդ թվում` ԵՊՀ և Բուհերի արհմիությունների նախագահի։ Սա ուղղորդված ակցիա էր, որի հետևում ակնհայտ երևում էին, այսպես կոչված, ընդդիմության ստվերները։ Իհարկե, սա հետևանք է կրթության, գիտության ոլորտում Փաշինյանի վարած ոչ հեղափոխական քաղաքականության։ Սակայն դատապարտելի է արհմիությունները կապիտալի կցորդը սարքելու նախկին արատավոր քաղաքականության շարունակությունը և ռևանշը։
Որպես անկախ կազմակերպություններ` արհմիությունները և ամենից առաջ կոնֆեդերացիան պետք է առաջամարտիկը լինեին հակապատերազմական դիսկուրսի ձևավորման և կապիտալի քննադատության, մինչդեռ այսօր այն կորցրել է իր քաղաքական իմաստն ու գործառույթները, որոնք վերհիշելը կարևոր է և օգտակար», – գրել է Գայանե Այվազյանը։