Home / Հայաստան / Ինչո՞ւ ձախողվեցին բանակցությունները

Ինչո՞ւ ձախողվեցին բանակցությունները

Պատմաբան, դիվանագետ, 1991-97թթ․ Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի այս ելույթի համառոտ տարբերակը ներկայացվել է 2020 թ. հոկտեմբերի 31-ին, Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) Հայկական ինստիտուտի Հայագիտության կենտրոնի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը եւ հակամարտության, բռնության եւ հիշողության կրկնագրերը» խորագրով առցանց գիտաժողով-վեբինարի ժամանակ: 

«Ինչու՞ բանակցությունները ձախողվեցին» հարցը, որին խնդրել են անդրադառնալ, ամենահեշտ եւ, միեւնույն ժամանակ, ամենադժվար քննարկվողներից մեկն է։ Հեշտ է, քանի որ բանակցությունների ձախողման պատճառների այնքան շատ ընտրություն կա։ Դժվար, որովհետեւ այդ պատճառներից մի քանիսն առանձնացնելը նշանակում է պատասխանատվության կանչել դրանց համար պատասխանատու կողմերին։ Իսկ հիմա ձախողման պատասխանատվությունը շատ ավելի բարդ է ստանձնել, երբ վկա ենք դրա պատմական աղետալի հետեւանքներին։

Հետեւաբար, նկատի ունենալով ժամանակի սղությունը, զեկույցս սահմանափակված կլինի երկու գործոնով (ա) պատերազմական իրավիճակից բխող զսպվածությունը, (բ) իմ խորին համոզմունքը, որ հակամարտության կողմերը, այդ թվում՝ հայկական կողմը, դեռեւս պատրաստ չեն, եթե երբեւէ պատրաստ կլինեն, ընդունել բանակցությունների ձախողման իրենց բաժին պատասխանատվությունը։

Նախ, որո՞նք են հակամարտության կողմերը.  Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը։ Այժմ նաեւ Թուրքիան։

Որո՞նք են այլ դերակատարները, որ անմիջականորեն հետաքրքրված են արդյունքի հարցում: Դրանք են՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Վրաստանը եւ անջատողական շարժումներ ունեցող այլ երկրներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, «Բրիթիշ Փեթրոլիում»-ը եւ այլ խոշոր նավթագազային ընկերություններ, որոնք ներդրում են կատարում ադրբեջանական ածխաջրածնային ռեսուրսների հետազոտման, արտահանման, տեղափոխման եւ շահագործման մեջ: Եւ հայկական սփյուռքը։

Ո՞ր երկրներն են տարբեր ժամանակներում ներգրավվելու փորձ կատարել կամ ներգրավված եղել բանակցություններում. Ռուսաստան, Ղազախստան, Իրան, Թուրքիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, ՄԱԿ եւ նույնիսկ մի պահ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որքան էլ տարօրինակ թվա:

Ո՞ր երկրներն են փորձել կամ իրականում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանը, Ռուսաստանը եւ Ղազախստանը՝ միասին, Իրանը, ԱՄՆ-ը, Թուրքիան՝ որպես անմիջական միջնորդներ. Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը՝ գաղտնի բանակցություններ վարելով Ժնեւում. Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների խորհրդականները՝ գաղտնի խորհրդակցությունների ձեւաչափով։ Ի վերջո, հաղթել է ԵԱՀԿ-ն՝ իր Մինսկի կոնֆերանսի ձեւաչափով՝ այն հասցնելով Մինսկի խմբի եռակողմ համանախագահության: Ներկա խմբի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։

Հակամարտության ո՞ր տարրերն են եղել բանակցությունների առարկա.

1. Հրադադարները՝ ակտիվ պատերազմական գործողությունների պարագայում: 

2. Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի ապագա կարգավիճակը:

3. Խորհրդային ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող յոթ շրջանները՝ հայերով չբնակեցված եւ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. շրջաններ, որոնք անցել են հայկական կողմի վերահսկողության տակ՝ 1993 թ. ամռանից ի վեր։ Սա այս հակամարտությանը բնորոշ հանգամանքներից մեկն է, որով այն  տարբերվում է խորհրդային շրջանի նմանատիպ այլ հակամարտություններից:

4. Անվտանգության երաշխիքները՝ կարգավիճակի շուրջ ցանկացած համաձայնության եւ դրա ազդեցությունը կրող քաղաքացիական բնակչության համար։

Եւ նվազ կարեւորությամբ՝

1. Փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցը, հիմնականում՝ Լեռնային Ղարաբաղից եւ ընդհանրապես՝ յոթ շրջաններից: 

Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք բարդ խնդրի հետ, որ հակամարտության կողմերը տրամադրված չեն անհրաժեշտ զիջումների կամ միջնորդություններն անարդյունավետ են։ Հավանաբար, նշված երեք պատճառներն էլ ճիշտ են։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների տեսանկյունից՝ 1991-2020 թթ. ընկած ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու տարբեր ժամանակահատվածների։ 

Առաջինը 1991-1997 թթ.  ժամանակահատվածն է՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները: Այդ ժամանակ Հայաստանը մտածում էր, որ 1994 թ. հրադադարով  պատերազմը չի ավարտվել, որ ուժերի հավասարակշռությունը, հավանական է, փոխվի հօգուտ Ադրբեջանի, որ մեծ հաշվով ժամանակը մեր օգտին չի աշխատում, որ եթե պետք է զիջումներ արվեն, ավելի լավ է արվեն այն ժամանակ, երբ հայկական կողմը առավել ուժեղ դիրքերում է: Տեր-Պետրոսյանի կառավարությունը համարում էր, որ (ա) հակամարտությունը նախեւառաջ իրենն է եւ աջակցում էր միջնորդներին՝ իր նախաձեռնություններով ու գաղափարներով, (բ) հակամարտությունն առաջին հերթին երկու հարեւանների միջեւ խնդիր է՝ չվերագրելով նրան որեւէ խորհրդանշական համընդհանուր նշանակություն, (գ) հակամարտությունը  պետք է լուծվի բոլոր այլ հարցերից առաջ, այլապես մյուս բոլոր հարցերը՝ ժողովրդավարացում, տնտեսական բարեփոխումներ, պետական ինստիտուտների կայացում, բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ՝ որպես Հայաստանի երկարաժամկետ անվտանգության երաշխիք, դժվար կլինի, եթե ոչ անհնար, իրականացնել եւ (դ) անհնար էր համաձայնության գալ Ղարաբաղի կարգավիճակի հարցում, բայց խաղաղության կարելի էր հասնել երկփուլ բանակցություններով, եւ խաղաղություն կապահովվեր առաջին փուլում։

Տեր-Պետրոսյանի վարչակազմը եռանդագին եւ հրատապ կերպով այս նպատակին էր ձգտում՝ երբեմն բախվելով Ղարաբաղի ղեկավարների անհամաձայնությանը եւ նույնիսկ բացահայտ հակադրմանը։ Երկու-երեք անգամ այդ ջանքերը Ադրբեջանին մոտեցրել են համաձայնության, որը փոխադարձ զիջումների հիման վրա խաղաղություն կհաստատեր։ Այդ նպատակին հասնելու համար այս կառավարությունը խուսափում էր բազմաթիվ ծուղակներից, որոնք կարող էին խնդիր դառնալ երկրորդ փուլի համար, որը կքննարկվի ստորեւ։ Նման դեպքերում Ադրբեջանը միշտ վերջին պահին հետ է քաշվել՝ ավելի շահավետ տարբերակի հասնելու հույսով։ Վերջին նման հնարավորությունը, երբ համաձայնությունը շատ հավանական էր թվում, 1997 թ սեպտեմբերին Մինսկի խմբի առաջարկն էր։ Այդ փաստաթուղթը մեծ հավանականություն ուներ դառնալու Ադրբեջանի եւ Հայաստանի համար բովանդակային բանակցությունների ընդունելի հիմք։ Բայց այս անգամ Տեր-Պետրոսյանի վարչակազմից մի խումբ բուռն կերպով հակադրվեց կարգավորման առաջարկին եւ նախագահին այլ ընտրություն չթողեց, քան հրաժարականն էր: Այդ խումբը դեմ էր փաստաթղթին, որովհետեւ կարծում էր, որ հայկական կողմը չպետք է որեւէ զիջման գնար՝ անկախ նրանից, թե ինչ կստանար դրա դիմաց։

Երկրորդ շրջանը ձգվում է 1998 թ. մինչ օրս։ Այս շրջանում, ընդհանուր առմամբ, բանակցությունների անարդյունավետությունը պայմանավորված է եղել  հետեւյալ գործոններով.

1. Կողմերը այս հակամարտությունը դիտում են որպես նախկինում եղած զինված բախումների շարունակություն՝ գնալով մինչեւ 1905-1907 թթ., ինչպես նաեւ իրենց պետականության եւ ազգային ինքնության կառուցման անբաժանելի մաս, հատկապես ադրբեջանցիները։   

2. Այսպիսով, կողմերը հակամարտության մեջ ներդրել են իրենց ինքնությունը, պատմական հեռանկարները եւ մշակութային զգայականությունը եւ ոչ  պարզապես իրենց շահերը, ինչը զիջումները հավասարեցրել է ինքնության կորստին։

3. Հակամարտությունը, պատերազմի դաշտում մարտական հաջողությունները եւ լուծման հնարավորությունները գործիքայնացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում՝ կառավարությունների ղեկավարներին լեգիտիմացնելու կամ ապալեգիտիմացնելու համար. մի գործընթաց, որը հասարակություններին մղել է դեպի ավելի ազգայնական եւ առավելապաշտական դիրքորոշումների՝ զիջումները դարձնելով էլ ավելի դժվար, իսկ առաջնորդներին տալով զիջումների չգնալու արդարացում։ 

4. Նաեւ, որպես հետեւանք, հանրություններն իրարից օտարվել են՝ չցանկանալով միմյանց հասկանալ, եւ մեկը մյուսին համարում է, մեղմ ասած, անվստահելի։ Ադրբեջանի դեպքում, որը պատերազմի առաջին մեծ փուլի պարտվող կողմն է, այս օտարումը վերածվեց բացահայտ ատելության՝ ռասիստական հնչերանգներով։ Թեեւ հայկական կողմը գնալով ադրբեջանցիներին հավասարեցրել է թուրքերի հետ՝ հետեւաբար նրանց ցեղասպան լինելու հետ, այնուամենայնիվ,  չի ընդօրինակել Ադրբեջանի գործելաոճը։ 

5. Բացի այդ, գաղափարներ, առաջարկներ ու հնարավոր լուծումներ դիտարկելիս յուրաքանչյուր կողմ պատկերացրել է հնարավոր ամենավատ սցենարները, որոնք կարող են հետեւել՝ վստահ լինելով, որ մյուսին հավատալու հիմք չունի եւ մյուսին վերագրել է հնարավոր վատագույն մտադրությունները։ Այսպիսով, բանակցային ողջ գործընթացը խարխլվեց եւ  կողմերը վստահեցին հարցը պատերազմո՛վ լուծելու այլընտրանքին, ո՛չ թե խաղաղությամբ։ 

6. Հիմնականում կողմերը սահմանել են իրենց առավելագույն պահանջները, բայց ոչ նվազագույնը՝ բանակցությունները դարձնելով դյուրասահ։ Այսինքն՝ նրանք գնացին իրենց ուզածի հետեւից, ոչ թե իրենց անհրաժեշտի։ Երբ մի կողմը պատրաստ էր ճկունություն ցուցաբերելու, մյուսը՝ ոչ։ Այսպիսով, երկու կողմերն էլ բաց թողեցին միմյանց ճկունությունից օգտվելու պատեհությունը։ Նման վարքագծով յուրաքանչյուր կողմն ապավինեց պատմության իր տարբերակին, զոհի իր զգացմանը, բայց ամենից առաջ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնց պարագայում ամեն մեկը կարեւորում էր այն սկզբունքները, որոնք սատարում էին իրենց պահանջները։ Յուրաքանչյուրը  սխալմամբ հավատում էր, որ միջազգային սկզբունքները ընդունվել են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար, այնինչ իրականում դրանք ձեւակերպվել են մեծ ազգերի կողմից, սպասարկում են մեծերի շահերը եւ կարող են օգտագործվել կամ մի կողմ դրվել նրանց քմահաճույքով։ 

7. Կողմերը անտեսել են այն փաստը, որ հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները թույլ չեն տալիս տարբերակել բառերն ու հռետորաբանությունը, որոնք նախատեսված են ներքին սպառման եւ միջազգային լսարանի համար։ Առավել հաճախ յուրաքանչյուր կողմ մխիթարություն է գտնում մյուս կողմի առաջնորդի պոպուլիստական եւ ծայրահեղական հայտարարությունների մեջ՝ արդարացնելու համար զիջումների գնալուն եւ բանակցություններում անհրաժեշտ ջանքեր, երեւակայություն, համբերատարություն ու քաղաքական կապիտալ ներդնելուն իր անպատրաստ լինելը։ 

8. Հակամարտության յուրաքանչյուր կողմ հավատում էր, որ ժամանակն իր օգտին է աշխատում։ Ամեն կողմ ինքն իրեն համոզում էր իր փաստարկի հիմնավորվածության մեջ։ Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակը անպայման ցույց կտա իր նավթային դիվանագիտության օգուտները ու նավթային շահույթը, որոնք կապահովեն իր դիրքորոշման հանդեպ միջազգային շարունակական աջակցությունը եւ իրեն կպատրաստեն հաջորդ պատերազմի համար։ Հայկական կողմը հայկական սփյուռքը համարում էր որպես ադրբեջանական գործոններին հակազդող համարժեք ռեսուրս։ Հայկական սփյուռքը ոչինչ չի արել Հայաստանի ու Արցախի այդ պատրանքները ցրելու համար։ Ակներեւ է, որ որոշ փաստարկներ ակնհայտորեն ավելի հիմնավորված էին, քան մյուսները: Եւ այդ ընթացքում հնարավորությունները կորսվեցին։

9. Խորհրդային  Միության փլուզումից հետո երկու ժողովուրդները ձգտեցին այսպես կոչված՝ սոցիալիստական գաղափարախոսությունը փոխարինել ազգայնականով, իսկ քաղբյուրոյի Մոսկվան՝ հանրապետական Մոսկվայով, Բրյուսելով եւ Վաշինգտոնով։ Սա տեղ չթողեց ռեգիոնալիզմի զգացողության եւ ընդհանուր տարածաշրջանային շահերի զարգացման համար՝ հակամարտության շուրջ առկա տարաձայնություններից դուրս:  

10. Խորհրդային Միության կազմալուծումը վերջ դրեց Սառը պատերազմի գաղափարական հիմքերին, բայց ոչ աշխարհաքաղաքական մրցակցությանը։  Խորհրդային Միության փլուզումը բացեց նոր գոտիներ՝ վեճերի եւ վերահսկողության համար։ Հարավային Կովկասը դրանցից մեկն էր։ 

11. Մենք բախվում ենք հետաքրքիր պարադոքսի. Մինսկի խմբի միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ունեն իրար հակասող շահեր ու հետապնդում են հակադիր նպատակներ՝ կապված համընդհանուր եւ տարածաշրջանային տարբեր խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, նրանք հասել են հազվագյուտ միաձայնության՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքերին վերաբերող երկու առավել կարեւոր հարցի շուրջ. հայկական զինված ուժերի դուրսբերում յոթ շրջաններից՝ Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող միջոցների ուղեկցմամբ, եւ գիտակցում, որ սրան կհետեւեն ԼՂ ապագա կարգավիճակին ուղղված բանակցություններ: 

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը իրար հաճախ փորձության են ենթարկել, երբ հարցը հասել է կարգավորման ծրագրի մանրամասներին։ Յուրաքանչյուրն ուզում էր երաշխավորել, որ կարգավորման որեւէ ծրագիր առավելագույնի կհասցնի իր շահերն ու ազդեցությունը տարածաշրջանում եւ կնվազեցնի մյուսի շահերը։ Այլ կերպ ասած, միջնորդները փորձել են լուծել իրենց սեփական խնդիրները՝ բուն Ղարաբաղյան հակամարտությունից դուրս:

Արդյունքում ստացվեց անարգասաբեր միջնորդություն։ Նման իրավիճակը միջնորդների համար անհնար դարձրեց  հասնել Դեյթոնի համաձայնագրին համարժեք լուծման, որով կարգավորվեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի հակամարտությունը։ Այս դեպքում միջնորդը՝ ԱՄՆ-ը, օգտագործեց իր ողջ ազդեցությունն ու ռեսուրսները՝ կողմերին ստիպելով գնալ զիջումների եւ համաձայնության գալ։ Ղարաբաղի դեպքում երեք միջնորդները, այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երեքը, որոնցից մեկը  գերտերություն է, եւ երկուսը՝ մեծ տերություն, իրենց ավելի լավ չդրսեւորեցին, քան դա կաներ ցանկացած երեք այլ պետությունների խումբ։ Ամեն միջնորդ մտահոգված էր, որ կողմերից մեկի վրա ճնշում գործադրելով նրան կմղի դեպի մյուս միջնորդները։

Այն, ինչին այսօր ականատես ենք լինում, այս օրինաչափության կրկնությունն է։ Մինսկի խմբի երեք համանախագահները ջանում են հասնելու արդյունավետ հրադադարի հաստատման։ Երեքն էլ կարծում են, որ առաջին քայլը պետք է լինի ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս հարցում նրանք համակարծիք են Հայաստանի հետ, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն չեն։ Ռուսաստանը փորձում է իր սեփական խաղաղապահ ուժերը տեղակայել իր համար աշխարհաքաղաքական զգալի նշանակություն ունեցող տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ը հակադրվում է այդ գաղափարին՝ փոխարենը առաջարկելով տեղակայել սկանդինավյան խաղաղապահ ուժեր։ Արդյունքը կարող է լինել բացարձակ անգործություն։

Մի քանի հակիրճ նկատառումներ՝ բանակցային կետերից առաջին չորսի մասին:

Հրադադարները՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ

Լայնածավալ ռազմական գործողությունների երկու շրջան է եղել. 1991-1994 թթ. եւ ներկայիս պատերազմը, որ սկսվեց մեկ ամիս առաջ։ Առաջինը տեւեց այդքան երկար, որովհետեւ Ադրբեջանը մերժեց համաձայնել հրադադարին, քանի որ սկսեց տարածքներ կորցնել եւ շարունակեց կռվել՝ կորցրածը հետ բերելու նպատակով, ու այդ ընթացքում կորցրեց ավելին։ Հայկական կողմը հրադադար առաջարկում էր ամեն քայլին։ Ադրբեջանը դիմադրում էր՝ մտածելով, որ հրադադարը կսառեցնի իրավիճակը եւ սառած կպահի չափազանց երկար ժամանակ։ Սա տեւեց մինչեւ 1994 թ. մայիսը, երբ Ադրբեջանն այլեւս ունակ չէր կռվելու։

Այս անգամ նույնպես Ադրբեջանը հրաժարվում է պահպանել որեւէ հրադադար, բայց արդեն այն պատճառով, որ հաջողություններ ունի պատերազմի դաշտում եւ պատճառ չի տեսնում կանգ առնելու: Ադրբեջանը կարծում է, որ կարող է բարելավել իր առավելությունը տարածքային առումով եւ հնարավորինս քիչ բան թողնել բանակցային սեղանին:

Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի ապագա կարգավիճակը՝ հիմնական հարց 

Ադրբեջանը միշտ պնդել է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, այն է՝ Ղարաբաղի կարգավիճակը. ինչ էլ որ բանակցվի, այն պետք է լինի որպես Ադրբեջանի մաս։ Կարեւոր է նշել, որ որոշ պահերի Ադրբեջանը հետ է կանգնել այս կտրուկ դիրքորոշումից եւ վերջնական որոշումը թողել բանակցությունների երկրորդ փուլին։

Հայկական կողմը որոշ դեպքերում պատրաստակամություն է հայտնել վերջնական կարգավիճակի հարցը թողնել բանակցությունների երկրորդ փուլին, սակայն բացառությամբ մի քանի դեպքի. նա միշտ պնդել է Ղարաբաղի անկախության իր պահանջը կամ Ադրբեջանի համաձայնությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար՝ ապագա հանրաքվեի միջոցով, որը կհանգի նույն արդյունքին։ 

Ակնհայտ է, որ այս հանգամանքներում կարգավիճակի շուրջ համաձայնության գալն անհնար է։ Դա պնդելը նշանակում է բանակցությունների միանշանակ ձախողում։ Միակ լուծումը կարող էր լինել այս հարցը ապագային թողնելը:

Միջազգային հանրությունը, ներառյալ միջնորդները, այս հարցում միաձայն պաշտպանել են Ադրբեջանի դիրքորոշումը։ Երբ ստիպված են եղել իրենց տեսակետը ձեւակերպել, նրանք հետեւողականորեն պնդել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա, ինչը նշանակում է Ղարաբաղին տալ  ինքնավարության ինչ-որ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ Սակայն հասկանալով, որ այս պահին այս հարցով կողմերի միջեւ համաձայնությունն անհնար է, նրանք նախընտրում են հետաձգել կարգավիճակի հարցի վերաբերյալ բանակցությունները։

Արցախի շուրջ գտնվող յոթ շրջանները՝ հայկական վերահսկողության տակ 

Եթե կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է թողնվեն երկրորդ փուլին, ապա ի՞նչ պետք է քննարկվի առաջին փուլում։ Առաջին հերթին եւ հիմնականում առաջին փուլը ենթադրում է այդ շրջանների վերադարձը Ադրբեջանին կամ, հնարավոր է, դրանցից մեկի՝ Լաչինի հանձնումը միջազգային վերահսկողությանը։

Ադրբեջանը հասկացրել է, որ անկախ նրանից, թե երբ կորոշվի  Ղարաբաղի կարգավիճակի հարցը կամ ինչպիսին այն կլինի, նա երբեք չի համակերպվի յոթ շրջանների՝ Հայաստանի հսկողության տակ մնալու հետ, եւ որ ավելի շուտ կպատերազմի այդ շրջանների համար, քան Ղարաբաղի։ Քսանհինգ տարիների ընթացքում Ադրբեջանը նաեւ հասկացրել է, որ երբ պատերազմի այդ տարածքների համար, ապա դա կլինի առանց կանգ առնելու որեւէ պարտավորության, ու քանի որ Ղարաբաղն էլ է համարում Ադրբեջանի մաս, ապա Ղարաբաղը նույնպես կվերցնի ռազմական ճանապարհով, եւ հետո նոր կտեսնի, թե տակը ինչ կմնա բանակցելու։

Հայկական կողմը այդ շրջանները վերցնելը արդարացրել է Ղարաբաղի բնակչության ուղղակի պաշտպանության անհրաժեշտությամբ, երբ պատերազմի առաջին փուլի ընթացքում ադրբեջանական ուժերը օգտագործում էին այդ բարձունքները՝ այդ բնակչությանը ռմբակոծելու համար։

Հետագայում այս տարածքները վերահսկողության տակ պահելը արդարացվում էր դրանց խաղաքարտ լինելով: Ոմանց համար այն սակարկության միջոց էր՝ հարատեւ խաղաղություն ապահովելու համար, մյուսները կարծում էին, որ դրանք պետք է զիջվեին Ադրբեջանին՝ միայն նրա կողմից Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց, որը նորից անհնար նպատակ է։ Բայց վերջում այդ տարածքները սկսեցին որակվել որպես ազատագրված տարածքներ, որոնք վերադարձի ենթակա չեն, այդ թվում՝ ավելի քան մեկ վարչակազմի կառավարական ներկայացուցիչների կողմից. այդպիսով Ղարաբաղի հարցը ինքնորոշման եւ ժողովրդի անվտանգության հարցից վերածելով տարածքային ընդլայնման հարցի՝ այդ փոխակերպումից բխող  բոլոր հետեւանքներով։ Նրանք, ովքեր այլ կերպ էին մտածում, բնութագրվեցին որպես  պարտվողականներ ու դավաճաններ։

Այս խնդրի առնչությամբ միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, հստակ հասկացրին, որ ոչ մի պարագայում չեն համաձայնի այդ շրջանները թողնել Հայաստանի վերահսկողության տակ։ Նրանք այդ մասին հետեւողականորեն խոսում են ավելի քան երկու տասնամյակ։ Հետեւաբար, միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից է՝ հակամարտության երկու հիմնական հարցերի առնչությամբ Հայաստանը  այստեղ «բարեկամներ» չունի։

Հավասարապես կարեւոր է նշել, որ հայկական վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ, տարածքներ, որ սկզբնապես վերցվել էին մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար, դարձան հզոր գրգռիչ, որն ստեղծեց ավելի շատ վտանգներ, քան անվտանգություն։ 

Ամփոփում. կա մի պարզ, ակնհայտ ու հիմնաքարային տարբերություն երկու ժամանակաշրջանների՝ 1991-1998 թթ. եւ 1998-2020 թթ. միջեւ, բանակցային ռազմավարության առումով: Առաջին շրջանի ընթացքում, որը  Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածն էր, հակամարտության վերաբերյալ տարվող քաղաքականությունը միտված էր ակտիվորեն լուծում գտնելուն։ Երկրորդ շրջանի ժամանակ, որ Քոչարյանի, Սարգսյանի ու Փաշինյանի կառավարման ժամանակն է, քաղաքականությունը, ըստ էության, միտված էր ստատուս քվոյի պահպանմանը։ 

***

Իմ դիտարկումները կավարտեմ հիմնական կետերով, որոնց շուրջ ընթացել են բանակցությունները, եւ որոշ մեկնաբանություններով:

1. Այս հակամարտության ներկա վիճակը սկիզբ է առել 1988 թ.  Ստեփանակերտում՝ քաղաքական արշավով եւ հետո՝ Երեւանում: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հակամարտության դաժանացման եւ հետո՝ ռազմականացման համար:  

2. Եթե խորանանք հակամարտության էության մեջ, ապա դրանում կարող ենք գտնել հետեւյալ տարբերությունները. ադրբեջանական կողմը Ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես մի տարածք, որը պետք է բերի իր վերահսկողության տակ՝ հայ բնակչությամբ կամ առանց նրա: Հայկական կողմը այն դիտարկում է որպես Արցախի հայ բնակչության՝ իր հողի վրա ազատ եւ ապահով ապրելու իրավունք: Այս տարբերությամբ է պայմանավորվում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Այն դրանք չի դարձնում օրինակարգ, բայց նաեւ չի դարձնում պակաս իրական:  

Այնուամենայնիվ, ընթերցողը կտեսնի արդեն, որ իմ դիտարկումները որպես կանխադրույթ են ընդունում մի քանի իրողություններ: Դրանցից երեքը  այստեղ կներկայացնեմ.

ա.  Հայկական կողմը հակամարտության զարգացման եւ բանակցային գործընթացի ակտիվ մասնակից է, ինչը նշանակում է, որ այն, ինչ նա ասում եւ անում էր, կարեւոր էր, որ բանակցությունների արդյունքը կանխորոշված չէր: Կողմերի դիրքորոշումներն ու քաղաքականությունները զարգանում են, եւ նրանք դա մասամբ անում են հակառակ կողմի արածի եւ ասածի հիման վրա: Այս կանխադրույթները հակասում են այն պատումին, ըստ որի՝ Ադրբեջանը, եւ այժմ էլ՝ Թուրքիան, պատրաստվում էին անել այն, ինչ անում են հիմա՝ անկախ նրանից, թե մենք ինչ ենք ասել կամ արել: Եթե դա ճիշտ լիներ, մենք ոչինչ պետք չէր ասեինք կամ անեինք, որովհետեւ դա տարբերություն չէր տալու. մենք պետք է ուղղակի սպասեինք մեր ճակատագրի այցելությանը: 

բ. Այն, ինչը արդար է, ինչին մենք արժանի ենք եւ պետք է տրվի մեզ, ինչը դաժան է կամ բարբարոսական, ինչը կարող է բնորոշվել որպես միջազգային հանրության կատարյալ անտարբերություն, ոչ մի նշանակություն չունի այս բանակցություններում:

գ.  Մենք անտեսեցինք այն, ինչ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները, հատկապես Ռուսաստանը, երկար ժամանակ եւ հստակ մեզ ասել են, թե ինչպես են իրենք պատկերացնում հակամարտության լուծումը եւ ինչ պետք է մենք անենք: Մենք գործել ենք այնպես, կարծես նրանք նշանակություն չունեն: Եւ հիմա մենք նրա՛նց ենք դիմում՝ փրկելու մեզ, մեր պայմաններով: Այս դիտարկումը չի արտահայտում իմ անձնական նախընտրությունները, մի կատարյալ լուծման իմ պատկերացումը, այն, ինչ կցանկանայի, որ լիներ, կամ իմ ցանկությունները: Այս դերակատարներից ոչ մեկը, սկսած Ադրբեջանից, վերջացրած այն երկրներով, որ հավանում կամ ատում են մեզ, չունեն ոչ մի պատասխանատվություն իմ առջեւ կամ իմ երազանքների իրագործման համար: Երբ անտեսում ենք այս իրողությունները, վտանգի տակ ենք դնում մեր իսկ շահերը:

Պարզ է, որ ոչ մի միջոցառմամբ, խոսքով կամ վերաբերմունքով հնարավոր չէ բացատրել բանակցությունների վայրիվերումները եւ, ի վերջո, դրանց ձախողումը: Մեզ նման փոքր ազգերի համար առավել կարեւոր է հստակորեն պատկերացնել իրավիճակի բոլոր տարրերը: Դրանք ներառում են նաեւ Սփյուռքի դիրքորոշումը կամ դիրքորոշումները, որոնք որոշակի դեր են ունեցել Հայաստանի եւ Արցախի ընկալումներում՝ որպես հավասարակշռում Ադրբեջանի ունեցած ռեսուրսների: Ես չեմ կարծում, թե սխալված կլինեմ, եթե պնդեմ, որ Սփյուռքի դիրքորոշումները եղել են առավելապաշտական եւ, մեղմ ասած, չեն նպաստել հայրենիքում իրավիճակի առավել իրատեսական գնահատմանը: Ես չգիտեմ գեթ մեկ քաղաքական կազմակերպություն կամ կառույց Սփյուռքում, որ ջատագովել է առավել շրջահայաց քաղաքականություն, քան այն, ինչ առաջ է մղվել քաղաքական խմբերի կողմից. խմբեր, որոնք պնդում են, թե խոսում են Սփյուռքի անունից: 

Ավելի կարեւոր է, որ անհնար է եղել Սփյուռքում գտնել որեւէ գիտնականի՝ պատմաբանի, քաղաքագետի կամ որեւէ այլ մեկի, որը մի հոդվածում, գրքում կամ հանրային ելույթի ժամանակ քննադատական տեսակետ է հայտնել վերջին 20 տարիների ծայրահեղական քաղաքականությունների մասին: Պատերազմական իրավիճակը չի կարող այս դեպքում արդարացում լինել, քանի որ 1994 թ. մայիսից մինչեւ  2020 թ. սեպտեմբերի 27-ը ակտիվ պատերազմ է եղել ոչ ավելի, քան 10 օր: Այն, ինչ արել են հետազոտողները, լավագույն դեպքում Ղարաբաղի շուրջ քաղաքականությունների նկարագրություններ են: Մինչդեռ մեր պատմաբաններն ու քաղաքագետները պետք է իմանան մեր պատմությունը ավելի լավ, քան այն ներկայանում է հանրային երեւակայության մեջ: Մեր պատմությունը հարուստ է աղետալի օրինակներով, որոնք հետեւանք են եղել լրջագույն սխալ հաշվարկների: Հնարավոր է պնդել, թե՝ մենք հետազոտողներ ենք եւ միայն դիտում ենք ու նկարագրում: Բայց այդ դեպքում մենք պետք է բացատրենք, թե ինչու այդքան շատ հետազոտողներ կոշտ քննադատության են ենթարկում նրանց, ովքեր այլ տեսակետ են ներկայացնում, քան առավելապաշտականն է:

Ըստ էության, վերը նշված հիմնարար կետերը կարելի է գտնել իմ վերջին՝ ավելի քան 20 տարվա աշխատություններում եւ ելույթներում, եւ այսօր՝ նույնիսկ առավել, քան դրանք գրելու ժամանակ, ես պաշտպանում եմ այն բոլոր դիրքորոշումները, որոնք արտահայտել եմ այդ աշխատանքներում: Բայց եւ այնպես, կարեւոր եմ համարում այս կետերը նշել, քանի որ մենք գտնվում ենք վճռորոշ իրավիճակում, եւ Հայաստանի վարչապետը պարտավորված է կայացնել որոշ բարդ որոշումներ, որոնք պիտի բխեն պատերազմի դաշտում ստեղծված կացությունից եւ ոչ թե որեւէ այլ նկատառումից։ Պարզ չէ, թե որեւէ պահի նա որքան ազատություն կունենա, այսինքն՝ թե որքանով ապագան կախված կլինի նրանից կամ Հայաստանից ու Արցախից: Ես, իհարկե, հույս ունեմ, որ շատ ուշ չի լինի եւ նա կկարողանա խնդրի լուծման մեջ իր խոսքն ունենալ: Եւ նա կունենա մեր ըմբռնման եւ գուցե նաեւ մեր օգնության կարիքը:

Հետազոտողները, հանրությունը եւ Սփյուռքի լայն շրջանակները պարտավոր են վերանայել իրենց դիրքորոշումները. նրանք պետք է գտնեն նոր խոսք, որպեսզի կարողանան նպաստել խնդրի լուծմանը եւ ոչ թե լինեն դրա մասը՝ տարածելով առավելապաշտական դիրքորոշումներ, ինչը հանգեցրեց պատերազմի, կամ լուռ մնալով: Գիտնականներն ու մտավորականները չպետք է դիմեն իրականությունից եւ փաստերից փախչելու արվեստին, ինչն առավել բնութագրական է, բայց ոչ պակաս աղետալի՝ քաղաքական գործիչների համար:

Անցյալի սխալների կրկնությունը՝ այն ակնկալությամբ, որ արդյունքը տարբեր կլինի,  հատուկ չէ այն ժողովրդին, որը գիտե իր պատմությունը:

Շնորհակալություն:

(Հիմնված է Բոստոնի «The Armenian-Mirror Spectator» շաբաթերթի հրատարակած անգլերեն բնագրի վրա)
թարգմանությունը հաստատվել է հեղինակի կողմից