Home / Մեդիա / Նյու Յորքի նոր քաղաքապետը չի էլ ամաչում մահմեդական և սոցիալիստ լինելուց

Նյու Յորքի նոր քաղաքապետը չի էլ ամաչում մահմեդական և սոցիալիստ լինելուց

Նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության անդամ 34-ամյա Զոհրան Մամդանին՝ դառնալով քաղաքի առաջին սոցիալ դեմոկրատ մահմեդական առաջնորդը։

Քարոզարշավի շրջանակներում Մամդանին խոստացել է իջեցնել հանրային տրանսպորտի և բնակարանների վարձի գները, ավտոբուսները և երեխաների համար բուժօգնությունը դարձնել անվճար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը, հիմնել մատչելի գներով պետական մթերային խանութներ։

Ընտրվելուց հետո Մամդանին դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին, որը քաղաքում ուժեղացրել էր ներգաղթի վերահսկողությունը և սպառնացել կրճատել ֆինանսավորումը ու Ազգային գվարդիա մտցնել. «Նյու Յորքը մնալու է էմիգրանտների քաղաք, քաղաք, որի շարժիչ ուժը միգրանտներն են, և քաղաք, որն այսուհետ ղեկավարվելու է միգրանտի կողմից»։

—————————
Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում պատմականորեն հաղթում են դեմոկրատ թեկնածուները։ Կուսակցության հունիսին կայացած փրայմերիզում Մամդանիի հիմնական հակառակորդը 67-ամյա Էնդրյու Կուոմոն էր, որը 2011-2021 թվականներին զբաղեցնում էր Նյու Յորքի նահանգապետի պաշտոնը։ 2021-ին Կուոմոն հրաժարական էր ներկայացրել, երբ 13 կին նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։ Գործով դատական պրոցեսները 2022-ին կարճվել են։ Կուսակցական փրայմերիսում Մամդանիին պարտվելուց հետո նախկին նահանգապետը քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր որպես անկախ թեկնածու։

Երկրորդ հիմնական մրցակիցը Հանրապետական կուսակցության անդամ 71-ամյա Քըրթիս Սլիվան էր։ Նա ղեկավարում էր «Պահապան հրեշտակներ» կամավորական ուժային կառույցը, որը հայտնի էր դարձել Նյու Յորքի մետրոյում պարեկային հերթապահություն իրականացնելու համար։ ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Սլիվային առաջարկում էր հանել թեկնածությունը, իսկ ընտրողներին կոչ էր անում չքվեարկել նրա օգտին և փոխարենը ձայնը տալ Էնդրյու Կուոմոյին՝ Մամդանիի դեմ քվեները մեկ թեկնածուի վրա կենտրոնացնելու համար։ «Եթե կոմունիստ թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, ես դժվար թե Դաշնային ֆոնդից գումար հատկացնեմ իմ սիրելի առաջին հայրենիքին, ոչ ավել քան անհրաժեշտ նվազագույնը։ Քանի որ կոմունիստ քաղաքապետի օրոք այդ երբեմնի հրաշալի քաղաքը ԶՐՈ շանս ունի հաջողության և նույնիսկ գոյատևման», – իր Truth Social սոցցանցում գրել էր Թրամփը։

Ո՞վ է Զոհրան Մամդանին

«Ես մահմեդական եմ, դեմոկրատ սոցիալիստ, և որ ամենացավալին է, հրաժարվում եմ ներողություն խնդրել դրա համար»

Մամդանիի ծնողներն արմատներով Հնդկաստանից են։ Զոհրանը ծնվել է Ուգանդայում, ավելի ուշ ընտանիքով տեղափոխվել են Հարավաֆրիկյան հանրապետություն, իսկ հետո՝ Նյու Յորք։ 

Քաղաքական կարիերան սկսել է 2015 թվականից։ 2017-ից անդամակցում է Ամերիկայի դեմոկրատ սոցիալիստների միությանը (DSA)։ 2020 թվականից Նյու Յորքի քաղաքային ավագանու անդամ է։

Քաղաքապետի ընտրություններում իր քարոզարշավի շրջանակներում Մամդանին խոստացել է Նյու Յորքը մատչելի քաղաք դարձնել աշխատավորների համար։ Ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար դարձնել 30 դոլար, քաղաքի հինգ շրջաններում բացել մեկական պետական մթերային խանութ մատչելի գներով, ներմուծել համընդհանուր անվճար բուժօգնություն երեխաների համար, կառուցել շուրջ 200.000 էժան բնակարանային միավոր։ Հանցավորության դեմ պայքարում Մամդանին առաջարկում է ոստիկանության թիվն էլ ավելի մեծացնելու փոխարեն ներմուծել հոգեկան առողջության ավելի հասանելի համակարգեր և սոցիալական աջակցություն տրամադրել անտուն մարդկանց։ 

Այս ամենը Մամդանին պատրաստվում է ֆինանսավորել կորպորացիաների և տարեկան 1 միլիոն դոլարից ավել եկամուտ ունեցող քաղաքացիների հարկերը բարձրացնելու միջոցով. «Կարծում եմ միլիարդատերեր առհասարակ պետք է չլինեն»։ Սրան հասնելու համար կարիք կլինի աջակցության կոալիցիա ստեղծել ոչ միայն Նյու Յորքում, այլև պետական օրենսդիր մարմնում։

Արտաքին քաղաքականության հարցերում Մամդանին բազմիցս քննադատել է ԱՄՆ իշխանություններին Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ էմբարգո հայտարարելու և պատժամիջոցներ սահմանելու համար։ Ունի պրոպաղեստինական դիրքորոշում։ Իսրայելի գործողությունները որակում է որպես ցեղասպանություն։ Քարոզարշավի շրջանակներում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է արգելել Նյու Յորքի բարեգործական կազմակերպություններին ֆինանսավորել Իսրայելի անօրինական վերաբնակեցման ավաններում կամ պատերազմական հանցագործություններում ներգրավված նախաձեռնությունները։