Home / Խմբագրի ընտրություն / Դեմոկրատները աջացան ու պարտվեցին

Դեմոկրատները աջացան ու պարտվեցին

Ինչո՞ւ աշխատավոր դասակարգը նախընտրեց Դոնալդ Թրամփին։ Ի՞նչն է հիասթափեցրել դեմոկրատների մեջ այնքան, որ էքսցենտրիկ օլիգարխը դարձել է ավելի նախընտրելի։ Կարծիքներ Ամերիկայից.

Թամար Շիրինյան, մարդաբան․ — Դեմոկրատների և Հանրապետականների մեջ մեծ տարբերություններ չկան։ Երկուսն էլ կապիտալիստ դասակարգի համար են աշխատում։ Դեմոկրատները արդեն երևի մոտ 40 տարի է՝ շարժվում են դեպի աջ։ Եթե նայենք, թե ինչի մասին են նրանք խոսում այսօր, կտեսնենք՝ շատ ավելի աջ են, քան Ռեյգանը, ում մասին այն ժամանակ՝ 70-ականների վերջերում, ասում էին, թե չի կարող նախագահ դառնալ, քանի որ չափազանց ֆաշիստ է։ Դեմոկրատներն այսօր ավելի աջ են, քան Ռեյգանը։ 

Երբ ընտրությունների ժամանակն է գալիս, նրանք լսում են Հանրապետականների քննադատություններն և գնում դեպի աջ, որպեսզի չքննադատվեն ֆաշիստների կողմից։ Այս անգամ պրոցեսը շատ հստակ էր։ 2016-ին դեմոկրատներն ասում էին, որ Թրամփը գիժ ռասիստ է, քանի որ ուզում է պատ սարքել։ Հիմա իրենք են ուզում սարքել այդ պատը։ Դիք Չեյնին, որը ահավոր հանցանքներ է գործել Իրաքի պատերազմի ժամանակ և որին դեմոկրատներն իրե՛նք «պատերազմական հանցագործ» էին անվանում, հիմա հայտնվել է Դոմոկրատական կուսակցության կողքին։

Ինֆլյացիայի պատճառով դասակարգային խնդիրները սրվել են։ Բայց եթե Թրամփը խոստանում է (այսինքն՝ խաբում է), որ աշխատանք կբերի ու կփրկի աշխատավորներին, դեմոկրատներն ուղղակի ծիծաղում են մարդկանց դեմքերին կամ առհասարակ չեն խոսում ֆինանսական խնդիրներից։

Կարծում եմ՝ Գազայի ցեղասպանությունը մեծ դեր ունեցավ այս ընտրություններում։ Մարդկանց, որոնք ավանդապես դեմոկրատներին են ընտրում, մեծամասնությունը հրադադար և զենքի էմբարգո է ուզում։ Լիքը մարդ ընտրել է Թրամփին որպես պրոտեստ ընդդեմ դեմոկրատների։ Մարդիկ կան (օրինակ՝ ես), որ տեսնում են՝ այս «պատերազմի» հարցում Թրամփը գուցե ավելի լավը լինի, որովհետև նրա կապիտալը ծառայությունների տնտեսության մեջ է, ոչ թե պատերազմի։

Երրորդ կուսակցություններն էլ էին կարևոր։ Նամանավանդ սոցիալիստական կուսակցությունները հիմա պետք է ձգտեն միավորել ժողովրդին, հա՛մ քանդեն Դեմոկրատական կուսակցությունը, հա’մ էլ հարթակ ստեղծեն, որ դեմոկրատները վախենան և չգնան դեպի աջ։

Բերնի Սանդերս, դեմոկրատ սենատոր․ — Պիտի որ մեծ անակնկալ չլիներ, որ Դեմոկրատական կուսակցությունը, որը լքել է աշխատավոր դասակարգին, բացահայտում է, որ աշխատավոր դասակարգն էլ լքել է իրեն։ Սկզբում սպիտակ աշխատավորներն էին, հիմա նաև լատինոներն ու սևերը։ Մինչ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները պաշտպանում են ստատուս քվոն, Ամերկայի ժողովուրդը կատաղած է և փոփոխություն է ուզում։ Եվ ճիշտ է անում։

Այսօր, մինչ գերհարուստների գործերը ֆենոմենալ լավ են գնում, ամերիկացիների 60 տոկոսն ապրում է աշխատավարձից աշխատավարձ․ մենք եկամուտների և հարստության ավելի մեծ բևեռացում ունենք, քան երբևէ։ Անհավատալի է, բայց միջին ամերիկացի աշխատավորի շաբաթական աշխատավարձը (իրական աշխատավարձը, որում հաշվի է առնվում նաև ինֆլյացիան) ավելի ցածր է, քան 50 տարի առաջ։

Այսօր, չնայած աշխատանքի արդյունավետության և տեխնոլոգիաների բումին՝ շատ երիտասարդներ ավելի ցածր կենսամակարդակ ունեն, քան իրենց ծնողները։ Նրանցից շատերը մտահոգված են, որ Արհեստական բանականությունն ու ռոբոտաշինությունը ավելի են վատթարացնելու առանց այն էլ վատ վիճակը։

Այսօր, չնայած մենք ավելի շատ գումար ենք ծախսում մեկ շնչի հաշվարկով, քան մյուս երկրները, մենք միակ հարուստ երկիրն ենք, որը չի երաշխավորում համընդհանուր առողջապահությունը՝ որպես մարդու իրավունք, և մենք աշխարհում ամենաբարձր գներն ենք վճարում նշանակվող դեղերի համար։ Մենք միակն ենք մեծ երկրների շարքում, որ ի վիճակի չենք երաշխավորել անգամ վճարովի ընտանեկան կամ բժշկական արձակուրդը։

Այսօր, չնայած ամերիկացիների մեծամասնության ուժեղ անհամաձայնությանը՝ մենք շարունակում ենք միլիարդներ ծախսել՝ ֆինանսավորելու էքստրեմիստ Նեթանյահուի կառավարության պատերազմը ընդդեմ Պաղեստինի ժողովրդի․ պատերազմ, որը բերել է սարսափելի հումանիտար աղետի՝ զանգվածային թերսնուցման և հազարավոր երեխաների սովամահության։

Արդյո՞ք մեծ փողերն ու լավ վարձատրվող խորհրդականները, որոնք վերահսկում են Դեմոկրատական կուսակցությունը, իրական դասեր կքաղեն այս աղետալի քարոզարշավից։ Կհասկանա՞ն այն ցավն ու քաղաքական օտարումը, որ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ ապրում են ամեն օր։ Նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչպես կանգնեցնել Օլիգարխիան, որն այդքան տնտեսական ու քաղաքական ուժ ունի։ Հավանաբար՝ ոչ։

<․․․>

Դենիել Սթայնմեթզ Ջենքինս, պատմաբան — Լիբերալներին ավելի հեշտ է [Ամերիկայի] խնդիրների մեջ մեղադրել «ֆաշիզմը» (կամ «սպիտակ գյուղացիական կատաղությունը», կամ «քրիստոնյա ազգայնականներին»), քան Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի ապակարգավորիչ, ֆինանսականացված և միլիտարիստական ​​նեոլիբերալիզմը: Հենց լիբերալ առաջնահերթությունները օգնեցին ժամանակակից աջերի ծաղկմանը, բայց դա ընդունելու համար լիբերալ էլիտաները պետք է վերաուսումնասիրեն իրենց քաղաքականության դաշտը, իսկ ինքնավերլուծությունը պակաս հաճելի է, քան միանշանակ թշնամու դեմ միավորվելը։