Իսրայելը հայտարարել է, որ Խաշեմ Սաֆիեդդինը՝ Հեզբոլլահի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի ազգականն ու հնարավոր փոխարինողը, սպանվել է երեք շաբաթ առաջ Լիբանանի ուղղությամբ արձակված ավիահարվածների հետևանքով։
Սեպտեմբերի 27-ին Նասրալլայի սպանությունից հետո խմբավորումը ղեկավարում էին Սաֆիեդդինը և Հեզբոլլահի գլխավոր փոխքարտուղար Նաիմ Քասեմը։ Խաշեմը Ջիհադի խորհրդի կազմում էր, մասնակցում էր ռազմական գործողությունների պլանավորմանը։ Ղեկավարում էր գործադիր խորհուրդը, որի վերահսկողության տակ էին գտնվում խմբավորման ֆինանսական և վարչական հարցերը։
Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ նա հավանաբար սպանվել է, բայց այդ լուրը հաստատել են միայն այսօր։
Ավիահարվածների հետևանքով սպանվել է նաև Հեզբոլլահի մեկ այլ հրամանատար՝ Ալի Հուսեյն Հազիմը։ Ցախալի տվյալներով, միայն վերջին 48 ժամվա ընթացքում սպանվել են 3 հրամանատարներ և շուրջ 70 զինյալներ։ Խմբավորումն այս մասին հայտարարություններ չի արել։
Սաֆիեդդինի մահվան մասին Ցախալը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումից ժամեր անց։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ հնարավորություն է ստեղծվել «մեռյալ կետից շարժվելու և բանակցային պրոցեսն ակտիվացնելու համար»։ Քաղաքագետները, սակայն, վստահ են, որ Գազայում և Լիբանանում Իսրայելական ագրեսիայի նման ծավալների պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցելու շանսերը փոքր են։
Համասի ներկայացուցիչները հայտարարում են, որ իսրայելական տասնյակ գերիները կմնան պատանդի կարգավիճակում, քանի դեռ պատերազմը Գազայում շարունակվում է։ Իսրայելը, մյուս կողմից, պատրաստվում է շարունակել ռազմական գործողությունները մինչև Համասի և Հեզբոլլահի ամբողջական ոչնչացում։
Իսրայելական հարձակման հետևանքով ավելի քան 1.2 միլիոն լիբանանցիներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։ Լիբանանի կառավարության տվյալներով, սպանվել է շուրջ 2530 մարդ։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում 63 հաստատված զոհ կա։