հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / 21 զոհ 1 օրում. Իսրայելը խորանում է Լիբանանում

21 զոհ 1 օրում. Իսրայելը խորանում է Լիբանանում

Լիբանանի հյուսիսում Իսրայելի օդային հարվածների հետևանքով նվազագույնը 21 մարդ է զոհվել, հայտնում են երկրի իշխանությունները։ Լիբանանի Առողջապահության նախարարության տվյալներով, օդային հարձակման է ենթարկվել Այթու գյուղը, որում հիմնականում քրիստոնյաներ են ապրում։ Գյուղը բավականին հեռու է Բեյրութից և այն շրջաններից, որոնց ուղղությամբ իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում։ 

Հարձակման վայրից հայտնում են, որ հրթիռի հարվածի հետևանքով ամբողջությամբ ավիրվել է բնակելի տունը, որում ապրում էին վերջերս Լիբանանի հարավից դեպի հյուսիսային շրջաններ տեղափոխված ընտանիքները։ 

Իսրայելը տեղի ունեցածի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի հրապարակել, բայց հոկտեմբերի 14-ին վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել էր «շարունակել Հեզբոլլահի դեմ պայքարը Լիբանանի ողջ տարածքում»։ Այս մասին Իսրայելի վարչապետը հայտնել էր Հեզբոլլահի անօդաչու թռչող սարքերով Իսրայելի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակումից հետո դեպքի վայր այցելության ժամանակ։ Խմբավորման հոկտեմբերի 13-ի գործողությունների արդյունքում չորս զինվորական էր զոհվել, տասնյակները վիրավորվել էին։

Սա Հեզբոլլահի Իսրայելի վրա ամենամեծ հարձակումն էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Խմբավորումը հայտարարել էր, որ դա պատասխանն է իսրայելական ուժերի կողմից Լիբանանի վրա լայնամասշտաբ հարձակման, որի արդյունքում շուրջ 1700 մարդ է սպանվել։ Հեզբոլլահը խոստացել է նորից հարձակվել, եթե Լիբանանում իսրայելական ուժերի գործողությունները շարունակվեն։

Լիբանան հարձակմանը զուգահեռ Իսրայելը չի թուլացնում ռազմական ագրեսիայի ինտենսիվությունը Գազայում։ Հոկտեմբերի վեցից Գազայի հյուսիսային շրջանները շրջափակման մեջ են։ Ռմբակոծությունները շարունակվում են, բժշկական հաստատությունները չեն գործում, վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն չկա։