հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Իսրայելը ցամաքով մտել է Լիբանանի հարավ

Իսրայելը ցամաքով մտել է Լիբանանի հարավ

Իսրայելի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ի գիշերը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային օպերացիայի մեկնարկի մասին։ ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ իրենք «սահմանափակ» ռեյդեր են իրականացնում Իսրայելի հետ սահմանամերձ շրջանների Հեզբոլլահին պատկանող ռազմական օբյեկտներում՝ «հիմնված ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների մասին իրենց ունեցած հետախուզական ճշգրիտ տեղեկությունների վրա»։ Պաշտոնական Իսրայելը պնդում է, որ սահմանից ոչ հեռու գտնվող ռազմական օբյեկտները մեծ վտանգ են ներկայացնում տեղի իսրայելական համայնքի համար։

Այսօր առավոտյան ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Հեզբոլլահի զինյալների դեմ ինտենսիվ մարտերը շարունակվում են։ Reuters գործակալությունը, սակայն, իսրայելական անվտանգության ծառայության իր աղբյուրներին հղվելով գրում է, որ ռազմական գործողությունները ծավալվել են սահմանի շատ փոքր հատվածում, իսկ Հեզբոլլահի հետ ուղիղ ընդհարումներ չեն գրանցվել։

Լիբանանի հարավային Այթա աշ-Շաաբ գյուղի բնակիչները պատմում են, որ ամբողջ գիշեր ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի ձայներ են լսել։ Ռմեյշ լիբանանյան բնակավայրում մի քանի անգամ լուսային հրթիռներ են կիրառվել։

Հեզբոլլահը հայտարարել է, որ այսօր արդեն երկու անգամ հրետանակոծել է սահմանին կուտակված իսրայելական ուժերի դիրքերը։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին խմբավորումը ոչինչ չի ասել։ Reuters-ի աղբյուրները նշում են, որ Իսրայելի ցամաքային ներխուժումը հետախուզական նպատակներ է ունեցել։ Լիբանանի բանակը սահմանից արագ հետ է քաշվել. երկրի զինված ուժերը պատմականորեն խուսափում են Իսրայելի հետ ուղիղ բախումներից։

Ավելի վաղ Իսրայելի կողմից ցամաքային ներխուժման հեռանկարների մասին գրել էր CNN-ը։ Արբանյակային լուսանկարներում երևում էր, որ Լիբանանի հետ սահմանին իսրայելական կողմը շուրջ 100 միավոր զինատեխնիկա էր տեղակայել, այդ թվում՝ տանկեր ու հետևազորի զրահամեքենաներ։ Այս տեղեկություններին ի պատասխան Հեզբոլլահի փոխառաջնորդ Նաիմ Քասսեմը հայտարարել էր, որ թեև Նասրալլայի ու մյուս ղեկավարների սպանությունը մեծ հարված է հասցրել խմբավորմանը, իրենց զինվորական պատրաստության մակարդակը չի տուժել և Հեզբոլլահը միևնույն է պատրաստ է դիմակայել Իսրայելին։ Միևնույն ժամանակ AFP-ը և Reuters-ը գրում էին, որ լիբանանյան կողմի ուժերը հարավային սահմանից նահանջել են մի քանի կիլոմետր։ 

Axios հարթակն իսրայելական պաշտոնյաներին հղվելով գրում է, որ ներկայիս ռազմական օպերացիան նախատեսվում է իրականացնել փոքր մասշտաբներով ու կարճաժամկետ։ Նրանց խոսքով, Իսրայելը Լիբանանի հարավային շրջաններն օկուպացնելու նպատակ չունի։ Times of Israel-ը գրում է, որ իսրայելցի չինովնիկներն ամերիկյան գործընկերներին հայտնել են, որ ուզում են ոչնչացնել Իսրայելի հյուսիսային սահմանին տեղակայված Հեզբոլլահի դիրքերը՝ դիվանագիտական համաձայնության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Ամերիկյան կողմի ներկայացուցիչը հրատարակչությանը հայտնել է, որ իրենք ամեն դեպքում մտահոգված են, որ Իսրայելը կարող է չպահել խոստումն ու մեծացնել գործողության մասշտաբները։ Times of Israel-ը հիշեցնում է, որ 1982 թվականին իսրայելական ուժերի Լիբանան ներխուժումը ևս ի սկզբանե հայտարարվել էր որպես «սահմանափակ գործողություն», բայց ի վերջո վերածվել էր հարավային Լիբանանի 18 տարի շարունակվող օկուպացիայի։

Լիբանանի դեմ ագրեսիվ գործողությունները նոր թափով մեկնարկել են սկսած սեպտեմբերի 17-ից։ Երկրի տարբեր մասերում փեյջերների պայթյունների շարք էր սկսվել։ Հեզբոլլահի ներկայացուցիչների ներքին հաղորդակացության համար կիրառվող սարքավորումների մեջ պայթուցիկ պլատաներ էին տեղադրվել, որոնց պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են։ Սեպտեմբերի 27-ին Իսրայելի Պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային Դահիա արվարձանում տեղակայված Հեզբոլլահի շտաբին։ Թիրախում խմբավորման գերագույն առաջնորդ Հասան Նասրալլան էր։ Հաջորդ օրը խմբավորման ներկայացուցիչները հաստատել էին նրա մահվան լուրը։ 

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է ավելի քան հազար զոհերի ու հազարավոր վիրավորների մասին։