Սեպտեմբերի 17-ին Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում Հեզբոլլահ խմբավորման անդամների փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, մոտ 470-ը վիրավորվել են։ Պայթյունների մեջ Հեզբոլլահը մեղադրել է Իսրայելին՝ սպառնալով «դաժան պատժով»։
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաղորդել է, որ «սարքերի» պայթյունների հետևանքով երեք մարդ է զոհվել Բեքաա հովտի հարավում գտնվող Սոխմար քաղաքում, պայթյուններ են եղել Բեյրութի հարավային արվարձաններում և Լիբանանի հարավում։ Եվս երկու մարդ վիրավորվել է Բեքաայի Ալի ալ Նախրի գյուղում, պայթյուն է եղել Բեքաայի հարավում գտնվող Ժդեյդետ Մարժեյուն գերեզմանոցի մոտ։ Լիբանանի Կարմիր խաչը հայտնել է, որ իրենք ահազանգեր են ստացել տարբեր շրջաններից, այդ թվում հարավից և արևելքից։
Չորեքշաբթի օրը երկրի Առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մահացել է նաև երկու երեխա։
«Իսրայելի Մոսադ հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչությունը, որն այլ երկրների տարածքում բարդ գործողություններ կազմակերպելու երկար պատմություն ունի, պայթուցիկներ է տեղադրել Հեզբոլլահի ներմուծած փեյջերներում», – զանգվածային պայթյուններից ամիսներ առաջ Reuters-ին հայտնել էր Լիբանանի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը «պատերազմի նոր էտապ է սկսել» և «ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս՝ ռեսուրսների ու ուժերի շեղման հաշվին»։
Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Իսրայելն իր ուշադրությունը կենտրոնացնում է Լիբանանի հետ սահմանի և մասնավորապես Հեզբոլլահի վրա։ Վերջինիս օդային հարվածների պատճառով Իսրայելի հյուսիսի 60 000 բնակիչներ տարհանվել են։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը վերաձևակերպել էր պատերազմի առաջադրանքները՝ տարհանվածների վերադարձը դարձնելով առաջնային նպատակ։ Գալանտը հայտարարել էր, որ եթե խնդիրը հնարավոր չլինի լուծել դիվանագիտական ճանապարհով, Իսրայելն անցնելու է ռազմական գործողությունների, նույնիսկ եթե արդյունքում Հեզբոլլահի հետ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի։
«Այսպիսով Իսրայելը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խփել։ Նախ, հարձակման արդյունքում Հեզբոլլահի պաշտոնյաներ են սպանվել, շփոթություն և իրարանցում է սկսվել, կազմակերպության ներսում կասկածներ են առաջացել Իսրայելի՝ իրենց շարքեր ներթափանցելու մասին։ Երկրորդ, Իսրայելը հավանաբար հույս ունի, որ այդ հարձակումը Հեզբոլլահի կողմից դաժան արձագանք կհրահրի, ինչը հետո կծառայի որպես արդարացում Իսրայելի կողմից Լիբանան ներխուժելու համար», – կարծում է քաղաքական մեկնաբան Խորխե Մարտինը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին ասել է, որ Միացյալ նահանգներն «ինտեսնսիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում» Լիբանանում պատերազմի երկրորդ ճակատից խուսափելու համար։
Իսրայելը վաղուց էր պատրաստվում
Հեզբոլլաhի անդամները բջջային հեռախոսների փոխարեն փեյջերներ էին օգտագործում արդեն մի քանի տարի։ The New York Times-ը գրում է, որ դա արվում էր շարժման ղեկավար Հասան Նասրալլայի առաջարկով։ Նա արգելել էր հեռախոսներից օգտնվել զինյալների հավաքների ժամանակ, հրամայել էր ծրագրերի մանրամասները երբեք միմյանց չուղարկել բջջային կապով և միշտ ունենալ փեյջերներ։ 2024-ի փետրվարի իր ելույթից առաջ Նասրալլան ևս մեկ անգամ կոչ էր արել ազատվել հեռախոսներից՝ «թաղել հողի տակ» կամ պահել «երկաթե արկղում»։
NYT-ի տվյալներով դեռևս մինչև Հեզբոլլաhի ամբողջական անցումը փեյջերներին իսրայելական հետախուզությունը Հունգարիայում հիմնել էր BAC Consulting կեղծ կազմակերպությունը, որը ներկայանում էր որպես փեյջերներ արտադրող, ու ևս երկու այլ կազմակերպություններ՝ BAC Consulting-ի գործունեությունը կոծկելու համար։ Ընկերությունն ուներ սովորական հաճախորդներ, որոնց համար արտադրում էր սովորական փեյջերներ։ Բայց միակ իսկապես արժեքավոր հաճախորդը, գրում է NYT-ը, Հեզբոլլաhն էր։
Պայթած փեյջերների լուսանկարներից պարզ էր դարձել, որ դրանք գնվել են թայվանական Gold Apollo ընկերությունից, Հաջորդ օր ընկերությունը հայտարարություն էր հրապարակել, որում ասվում է, որ լուսանկարներում երևացող AR-924 տեսակի փեյջերներն արտադրվել են Բուդապեշտում տեղակայված BAC Consulting-ի կողմից, որը լիցենզիա է ստացել Gold Apollo-ից։
BAC Consulting-ը հիմնադրվել է 2022 թվականի մայիսին Կրիստիանա Ռոսարիա Բարսոնի-Արչիդիակոնոյի կողմից։ Նրա LinkedIn-ի օգտահաշվում նշված է, որ նա մասնիկների ֆիզիկայի դոկտորի աստիճան ունի, աշխատում է Լոնդոնի արևելագիտության և աֆրիկագիտության (SOAS) ու տնտեսագիտության դպրոցներում: Բարսոնի-Արչիդիակոնոն NBC-ի հետ զրույցում հաստատել է, որ իր ընկերությունն աշխատում է Gold Apollo-ի հետ, սակայն երբ նրան հարցրել են փեյջերների մասին, պատասխանել է, որ իրենք դրանց արտադրությամբ չեն զբաղվում։ «Ես պարզապես միջնորդ եմ», – ասել է նա:
Լիբանանում պայթյունների շարքը, սակայն, փեյջերներով չի ավարտվել։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, երբ սկսեցին նախօրեին սպանվածներին հուղարկավորել, Բեյրությում կրկին պայթյուններ եղան։ Այս անգամ դրանց պատճառը IC-V82 մոդելի ռացիաներն էին, որոնք արտադրում է ճապոնական Icom ընկերությունը: Նույն օրը ընկերությունը հայտարարեց, որ այդ ռացիաների մատակարարումը Մերձավոր Արևելք դադարեցվել է 2014 թվականին։ Ավելին, ընկերությունը 2020 թվականից զգուշացրել է, որ շուկայում առկա գրեթե բոլոր IC-V82 մոդելները կեղծ են։
Լիբանանի անվտանգության ծառայություններում իր աղբյուրին հղվելով Reuters-ը գրում է, որ Իսրայելական Մոսադ հետախուզական ծառայությունը պայթուցիկ նյութեր է տեղադրել Հեզբոլլահի ամիսներ առաջ ներմուծած շուրջ 5 հազար փեյջերների մեջ։ «Մոսադը սարքերի մեջ պայթուցիկով լիցքավորված պլատաներ է տեղադրել։ Դրանք բարդ է հայտանբերել նույնիսկ հատուկ սարքավորումների ու սկաներների միջոցով», – իր աղբյուրի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Sky News Arabia հեռուստաալիքն իր աղբյուրին հղվելով հայտնել է, որ Մոսադ հետախուզական ծառայությունը հաղորդակցման սարքավորումներին հասանելիություն ուներ դեռևս մինչև դրանց Հեզբոլլահի մոտ հայտվելը։
Ըստ Sky News Arabia-ի աղբյուրի՝ Մոսադի գործակալները սարքերի մարտկոցների վրա տեղադրել են մեծ քանակությամբ PETN (Pentaerythritol Tetranitrate) ուժեղ պայթուցիկ և, հեռվից բարձրացնելով մարտկոցների ջերմաստիճանը, պայթեցրել են փեյջերները։
Հեզբոլլահի անդամները հայտնել են, որ որոշները պայթյունից առաջ զգացել են, որ փեյջերները տաքանում են։ Գերտաքացած լիթիում-իոնային մարտկոցները կարող են այրվել, սակայն փորձագետներն ասում են, որ փեյջերը կոտրելն ու դրանց գերտաքացումը նման ուժեղ պայթյունների չեն կարող բերել:
Քանի որ բոլոր փեյջերներն ու ռացիաները դիտարկվում են որպես պոտենցյալ մահաբեր սարքավորումներ, Հեզբոլլահի անդամները փաստացի զրկվել են միմյանց հետ կապի մեջ լինելու հնարավորությունից։
Միացյալ նահանգները տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունեն
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին Իսրայելին է մեղադրել պայթյունների մեջ՝ նշելով, որ դա Լիբանանի ինքնիշխանության կոպիտ ոտնահարում է և հանցագործություն՝ բոլոր ստանդարտներով։ Թեհրանը Իսրայելի գործողություններն անվանել է ահաբեկչական ակտ և զանգվածային սպանության օրինակ։ Իր հերթին Իսրայելի ամենամոտ դաշնակից ԱՄՆ-ը Իրանին է կոչ արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակն ու ավելացրել, որ Միացյալ նահանգները տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունեն։
«ԱՄՆ-ը միջադեպի մասին նախապես չի իմացել, և ներկայումս մենք տեղեկատվություն ենք հավաքում», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Պաշտոնական Իսրայելը տեղի ունեցածը դեռևս չի մեկնաբանել։
«Եթե Իրանը, Հեզբոլլահը կամ Հութիները նման լայնամասշտաբ հարձակում իրականացնեին, ամբողջ այսպես կոչված «միջազգային հանրությունը» դատապարտող հաղորդագրություններ կտարածեր։ Հանցագործներին բոլորը կանվանեին ահաբեկիչներ ու սև ցուցակ կգցեին։ Հարձակման զոհերին կզինեին ամենանոր զենքերով՝ ինքնապաշտպանության համար։ Բայց քանի որ հիմա Իսրայելն է հարձակվողը՝ ԱՄՆ կայսերապաշտության փոքրաթիվ վստահելի գործընկերներից մեկն այդ ծայրահեղ կարևոր տարածաշրջանում, ոչ մի նման բան էլ տեղի չի ունենա», – գրում է Խորխե Մարտինը։