Home / Բանտ / Ուսանողներին զանգվածաբար պատժում են Իսրայելին քննադատելու համար

Ուսանողներին զանգվածաբար պատժում են Իսրայելին քննադատելու համար

Երեկ երեկոյան ոստիկանությունը փորձել է ցրել Կոլումբիայի, Նյու Յորքի և Եյլի համալսարաններում ուսանողական վրանային նստացույցերը  Գազայում իսրայելական պատերազմի դեմ։ Միայն Կոլումբիայից բերման է ենթարկվել և համալսարանից հեռացվել ավելի քան հարյուր ուսանող։ Բողոքի իրավունքի սահմանափակումը դատապարտել են հարյուրավոր դասախոսներ՝ գործադուլ հայտարարելով ի աջակցություն ուսանողների։

 

Նստացույցի մասնակիցները կոչ են անում իրենց համալսարաններին աջակցել Գազայում հրադադարի հաստատմանը և հրաժարվել Իսրայելի հետ կապեր ունեցող ընկերությունների ֆինանսավորումից։ Համալսարանների որոշ պրոիսրայելական դոնորներն էլ պահանջում են ցրել ցույցերը՝ սպառնալով դադարեցնել նվիրատվությունները։ 

Ամենամարդաշատ ուսանողական ցույցերը կազմակերպվում են Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ Երեկվանից Պաղեստինի աջակցության համար հավաքված ուսանողներին միացել են նաև համալսարանի դասախոսական կազմի և վարչակազմի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Համալսարանի աշխատակիցներին զայրացրել է Կոլումբիայի ղեկավարության պահվածքը. տնօրինությունը ոստիկանություն էր կանչել ցույցերը ցրելու համար։ Ձերբակալված ուսանողներին ավելի ուշ հեռացրել են համալսարանից։

Ըստ բուհի կանոնադրության, ներքին անվտագնության աշխատակիցներից զատ ուժային կառույցներին համալսարանական բողոքների ժամանակ ներգրավել թույլատրվում է միայն բացահայտ վտանգ ներկայացնող գործողությունների դեպքում, իսկ ուսանողական բողոքի ցույցը որևէ մեկի համար վտանգ չի ստեղծել։

Կոլումբիայի իրավաբանական դպրոցի դասախոս, փաստաբան Բասսամ Խավաջան ասել է, որ «ցնցված և ապշած է, որ նախագահն անմիջապես գնացել է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք»:

«Թվում էր, թե դեէսկալացիայի համար որևէ միջոց չի ձեռնարկվել։ Բուհի նման պահվածքը բոլորովին ավելորդ է թվում: Սա, ըստ ամենայնի, ոչ բռնի բողոք էր՝ մի խումբ ուսանողներ էին, որոնք վրանային ճամբար էին անում համալսարանի մեջտեղում գտնվող սիզամարգում», ֊ ասել է Խավաջան:

Ցուցարարների ձերբակալման հիմնական արդարացումը հաղորդումներն են, թե իբր համալսարանի տարածքում հնչել են  «վախեցնող վանկարկումներ», տեղի են ունեցել «հակասեմիտիստական միջադեպեր»: Նույն փաստարկներն են օգտագործում նաև ամերիկյան մեդիաները, համալսարանների ղեկավարությունները, կոնգրեսականները և անգամ երկրի նախագահը։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, թե ցուցարարներն աջակցում են Համասին։ Դեմոկրատ կոնգրեսական Քեթի Մենինգը, ով երկուշաբթի օրը շրջագայել է Կոլումբիայում, ասել է, թե տեսել է ցուցարարների, ովքեր կոչ էին անում ոչնչացնել Իսրայելը:

Համալսարանի հետ փոխկապակցված ռաբբին հաղորդագրություն է ուղարկել Կոլումբիայի 300 հրեա ուսանողներին՝ նշելով, թե իրավիճակը «վտանգավոր է հրեաների համար»

Բողոքող խմբերի անդամները հերքել են հակասեմիտիզմի մեղադրանքները՝ պնդելով, որ իրենց քննադատությունն ուղղված է Իսրայելի պետության, սիոնիստական գաղափարախոսության, ապարտեիդի ռեժիմի և պաղեստինցիների ընթացող ցեղասպանության դեմ, որին աջակցում է՝ ֆինանսապես և քաղաքականապես, Միացյալ Նահանգները։ Համալսարանական ակտիվիստներին հակասեմիտիզմի մեջ մեղադրողները նախընտրում են չնկատել և չխոսել ցույցերին մասնակցող մեծաթիվ հրեա ուսանողների մասին։ 

Columbia Students for Justice in Palestine (Կոլումբիայի ուսանողները հանուն Պաղեստինում արդարության) X-ի էջում հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է. «Մենք հիասթափված ենք լրատվամիջոցների շեղումներից, որոնք կենտրոնանում են բորբոքված անհատների վրա, ովքեր մեզ չեն ներկայացնում: Մենք կտրականապես մերժում ենք ատելության կամ մոլեռանդության ցանկացած ձև և դեմ ենք այն ոչ ուսանողներին, ովքեր փորձում են խաթարել մեր համերաշխությունը»։

Գազայում պատերազմի վերաբերյալ թեժ բանավեճերն ու բողոքի ակցիաները ԱՄՆ-ի համալսարաններում մեկնարկել են հենց ամեասկզբից, երբ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի լոկալ հարձակումից հետո Իսրայելի կառավարությունը ավերիչ պատերազմ սկսեց շրջափակված Գազայի դեմ։ 

Կոլումբիայի համալսարանում ընթացող նստացույցը մեկնարկել է ապրիլի 17-ին։ Մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել ու վրաններ տեղադրել համալսարանի տարածքում։

 

Կոլումբիայի համալսարանը հակապատերազմական մեծ ավանդույթ ունի՝ բողոքի մասշտաբային ցույցեր են եղել թե՛ Վիետնամի պատերազմի և թե՛ Իրաք ներխուժելու տարիներին։ Իսրայելի դեպքում, սակայն, նույնը անելը չի աշխատում․ համալսարանը կախվածություն ունի պրոիսրայելական դոնորներից։

Ընդամենը մեկ օրինակ․ բողոքի ակցիաներին անդրադառնալով՝ Ռոբերտ Քրաֆթին (New England Patriot NFL թիմի սեփականատեր և Կոլումբիայի հայտնի շրջանավարտ) զգուշացրել է, որ կդադարի ֆինանսապես աջակցել համալսարանին «մինչև ուղղիչ գործողություններ չձեռնարկվեն»:

Երեկ Կոլումբիայի համալսարանը հայտարարություն էր տարածել, որում բուհի ղեկավար Մինուշ Շաֆիկը տեղեկացրել է, որ դասերը անց կկացվեն առցանց։ Նշվել է, որ Կոլումբիայում աշխատանքային խումբ է ստեղծվել «այս ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով»:

Երեկ Ամերիկայի նախագահ Ջո Բայդենն ասել է, թե դատապարտում է ինչպես «հակասեմիտիստական ցույցերը», այնպես էլ «նրանց, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում պաղեստինցիների հետ»։

 

Տեղեկություններ կան, որ ամերիկյան մի շարք համալսարաններում այս տարի նախատեսվում է չեղարկել ավարտական արարողությունները։ Համալսարանների ղեկավարությունները մտավախություններ ունեն, որ ուսանողներն այդ մարդաշատ հանրային միջոցառումները ևս կարող են վերածել Պաղեստինի աջակցությանն ուղղված բողոքի ակցիաների։ 

Բողոքի ցույցեր են նաև Նյու Յորքի համալսարանում (NYU)․ ցուցարարներն այնտեղ վրաններ են տեղադրել Stern Business School-ի դիմաց: Վրանային ճամբարներ են ստեղծվել նաև Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), Միչիգանի համալսարանում, Էմերսոն քոլեջում և Թաֆթսում։ Ցույցերին միացել է նաև Հարվարդի ուսանողությունը։ Համալսարանի ղեկավարությունը կասեցրել է Հարվարդի բակալավրիատի Պաղեստինի համերաշխության կոմիտեն՝ իսրայելամետ խմբերի և դոնորների կողմից ամիսներ շարունակվող վարչական ճնշումներից և հետապնդումներից հետո:

Պաղեստինում ցեղասպանությունը դադարեցնելու պահանջով բողոքի ցույցեր են ընթանում նաև համալսարաններից դուրս։ Ցուցարարները մինչ այս փակել էին երկրի հիմնական ճանապարհները՝ սահմանափակելով մուտքը դեպի Չիկագոյի O’Hare International և Սիեթլի Tacoma International օդանավակայաններ։ Փակ էին նաև Սան Ֆրանցիսկոյի Golden Gate կամուրջը և Նյու Յորքի Բրուքլինի կամուրջը: