Home / Մշակույթ / Ես կողմ եմ արվեստին

Ես կողմ եմ արվեստին

Ես կողմնակիցն եմ քաղաքական-միստիկ-էրոտիկ արվեստի, որը թանգարանում շալվար մաշեցնելուց բացի ուրիշ բան էլ է անում։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը ստեղծվում է չիմանալով, արվեստի, որին տրված է զրոյից սկսելու հնարավորություն։
Ես կողմնակիցն եմ այն արվեստի, որը ներքաշվում է առօրյայի մեջ, և միևնույն է՝ մնում է արվեստ։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նմանակում է մարդկանց, ծիծաղելի է կամ դաժան, կամ այն է, ինչ կուզենաք։
Ես կողմնակիցն եմ այն արվեստի, որն իր ձևերը վերցնում է կյանքից, որը կարելի է փաթաթել, ընդարձակել, կուտակել կամ թքել, որը կաթում է, գռեհիկ է և անտաշ, քաղցր ու հիմար ինչպես կյանքը։ 

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը անհետանում է և հայտնվում, որը ներկում է ցուցանակներ ու միջանքներ։ 

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը դուրս է գալիս ծխնելույզից սև մազերի պես ու ցրվում երկնքում։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը  թափվում է ծեր մարդու պայուսայից, երբ նա փորձում է անցնել փողոցը։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը դուրս է գալիս շան լակոտի բերանից, երբ նա ընկնում է հինգ հարկանի շենքի տանիքից։
Ես կողմնակիցն եմ այն արվեստի, որը կարելի լիզել, ինչպես երեխան պաղպաղակի թուղթը բացելուց հետո ։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը ցնցում է ծնկները, երբ ավտոբուսն անցնում է փոսի վրայով։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը կարելի է ծխել, որը բուրում է կոշիկների պես։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը ծածանվում է ինչպես դրոշ, որով կարելի է քիթ սրբել թաշկինակի նման։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը կարելի է հագնել ու հանել շալվարի պես, որ ծակվում է ու մաշվում գուլպաների նման, որը կարելի է ուտել ինչպես կարկանդակը կամ արհամարհանքով դեն շպրտել ինչպես աղբը։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որի վրա վիրակապ կա դրված։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը կաղում է ու գլորվում, որը վազում է ու ցատկոտում։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը դուրս է գալիս պահածոյի տուփից կամ ծովի ալիքներից։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը գալարվում և մռնչում է ըմբիշի պես։ Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը մազ է թողնում։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որի վրա կարող եք նստել։ Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որով կարելի է քիթ փորել, որին կարող եք ոտքի մատներով խփել։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը կարելի է պահել գրպանի մեջ, որը դուրս է գալիս ականջի խորը ուղիներից, դանակի եզրից, բերանի անկյուններից, որը խրված է աչքի մեջ, որը կարելի է հագնել ձեռնոցի նման։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը գտնվում է շրջազգեստի տակ ու խայթում փայտոջիլի նման։

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը կույր մարդուն անց է կացնում փողոցը։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը փայլատակում է գիշերվա սև երկնքում, որոտում ամպրոպի պես։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը միանում է և անջատվում անջատիչով։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը բացվում է քարտեզի նման, որին կարող ես գրկել ինչպես սիրածիդ կամ համբուրել ընտանի շան պես, որը ընդլայնվում է ու սեղմվում ինչպես ակորդեոնը, և նման է վրան ճաշ թափված սփռոցի։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որով կարելի է մեխել, ասեղնագործել, կարել, կպցնել, հղկել:
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը ցույց է տալիս օրվա ժամը և ձեր գտնվելու վայրը։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որն օգնում է տատիկին  անցնել փողոցը։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որ նման է լվացքի մեքենայի, պաշտոնական տեղեկանքի կամ վերջին պատերազմի վետերանի շինելի։

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որ գոլորշու նման դուրս է գալիս ձմեռային կոյուղու միջից։ Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը ճաքում է սառույցի պես։ Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը դուրս է գալիս փտած խնձորից ինչպես որդը։ Ես կողմնակից եմ այն արվեստին, որը նման է վզի մազերին, քրտինքին, թեյի հետ մատուցվող կեքսին, ռեստորանի պատառաքաղներին։ Ես կողմնակից եմ այն արվեստին, որը, ինչպես ուտելիքը, մնացել է ատամների արանքում, որը բուրում է խոհանոցում ափսեները լվանալու ջրի պես։

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նման է կիրակնօրյա ծովագնացությանը։ Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նման է կարմիր ու սպիտակ բենզինի պոմպերին։
Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նման է գործարանի բաց կապույտ ներկված ծխնելույզին ու թխվածքաբլիթների գովազդային ցուցանակին։
Ես կողմնակից եմ էժան գիպսից ու էմալից սարքված արվեստին։ Արվեստին՝ մաշված մարմարից ու ջարդված թերթաքարից։ Ես կողմնակից եմ արվեստին գլորվող քարերից և հոսող ավազից։ Շլակից ու սև ածուխից սարքված արվեստին։ Ես կողմնակից եմ արվեստին, որը սարքված է մեռած թռչունների փետուրներից։
Ես կողմնակից եմ արվեստին, որը նման է ասֆալտի վրա քաշված գծերին և պատերի խզբզանքին, արվեստին, որը կարելի է ծռել մետաղի նման և ջարդել ապակու պես, որին կարելի է քացով խփել կամ շպրտել։

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նման է բռունցքի հարվածին, ոտքի մազերի էպիլյացիային, որի վրա կարելի է սայթաքել ինչպես բանանի կճեպի։ Ես կողմնակից եմ արվեստին, որը բուրում է և ճչում ինչպես նորածինը։
Ես կողմնակից եմ արվեստին, որը նման է ատամը փորելու փայտիկներին, գարեջուր խմելուն, ձվի վրա աղ անելուն, որը վիրավորում է և որի վրայից կարելի է ընկնել ինչպես  աթոռից։
Ես կողմակիցն եմ այն արվեստի, որը նման է ներքնազգեստներին և տաքսիներին, որը հալվում է, ինչպես պաղպաղակը, վեհ է տաճարների նման ինչպես շան արտաթորանքը։
Ես կողմ եմ այն արվեստին, որը թարթում է լամպերի նման և լուսավորում գիշերը, որը ընկնում է, աջ ու ձախ ցրվում, ցատկոտում, շարունակվում ու դադարում։

Ես կողմ են այն արվեստին, որը նման է բեռնատարների հսկա անվադողերին և սև աչքերին։ Kool արվեստին, 7UP արվեստին, Pepsi արվեստին, Sunshine արվեստին, 39 cent-անոց արվեստին, 15 cent-անոց արվեստին, Vatronol արվեստին, Dro-bomb արվեստին, Vam արվեստին, Menthol արվեստին, L&M արվեստին, Ex-lax արվեստին, Venida արվեստին, Heaven Hill արվեստին, Pamryl արվեստին, San-o-med արվեստին, Rx արվեստին, 9.99 արվեստին, Now արվեստին, New արվեստին, How արվեստին, Fire Sale արվեստին, Last Chance արվեստին, Only արվեստին, Diamond արվեստին, Tomorrow արվեստին, Franks արվեստին, Ducks արվեստին, Meat-o-rama արվեստին։

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նման է անձրևից թրջված հացին, առնետների վազքին շենքերի նկուղներում, ճանճերի պարին էլեկտրական լույսի մեջ։ Ես կողմնակից եմ այն արվեստին, որը անձայն քայլում է և մլավում է ինչպես կատուները։
Ես կողմնակիցն եմ արվեստի, որը նման է սպիտակ սառնարաններին դժվար բացվող և փակվող դռներով։ Սրտամոտ արվեստին, սգացող և սիրահարված արվեստին, մսագործի կեռից կախված արվեստին։

Ես կողմնակիցն եմ արվեստի, որը նման է դպրոցականի պայուսակից թափված իրերին, արվեստին ուղղանկյուններով ու քառակուսիներով։ Ես կողմնակից եմ արվեստին՝ արված սև մատիտով, ջրաներկով, պաստելով ու յուղաներկով։ Արվեստին ավտոմեքենայի դիմապակու վրա, արվեստին սառած պատուհանի կամ լոգարանի գոլորշապատ հայելու վրա։
Ես կողմնակից եմ արվեստին, որը նման է փափուկ արջուկների, խաղալիք ատրճանակների, գլխատված նապաստակների, պատռված անձրևանոցների, թափթփված անկողինների, արվեստին, որը նման է ոտքը կոտրած աթոռների, վառվող ծառերի, հրավառության, հավի ոսկորների և տուփերի մեջ քնած մարդկանց։ 

Ես այն արվեստի կողմնակիցն եմ, որը նման է թաղման թոշնած ծաղիկների, արյունոտ ճագարների, դեղին ճուտիկների, մեծ թմբուկների ու ձայնապնակների։ Ես կողմնակիցն եմ այն արվեստին, որը նման է փարավոնների պես շարվաշ տուփերի։ Արվեստին՝ նման ջրամբարների ու արագ քշվող ամպերի։ 

Ես կողմնակիցն եմ այն արվեստի, որ հաստատվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից։ Ա դասի արվեստի, Մատչելի գնով արվեստի, հասած արվեստի, գերմոդայիկ արվեստի, համով արվեստի, լավագույնը-նվազագույնի-դիմաց արվեստի, կիսաֆաբրիկատ արվեստի, ախտահանված արվեստի, էկոնոմ արվեստի, առողջ-սնունդ արվեստի, խոզապուխտ արվեստի, խորոված արվեստի, հավի միս արվեստի, տոմատի արվեստի, բանանի արվեստի, խնձորի արվեստի, հնդկահավի արվեստի, տորթի արվեստի, թխվածք արվեստի․․․ 

Քլես Օլդենբուրգ
թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

___

Ամերիկացի արվեստագետ, քանդակագործ Քլես Օլդենբուրգը ծնվել է 1929 թվականի հունվարի 28-ին՝ Ստոկհոլմում։ Մահացել է 2022 թվականի հուլիսի 18-ին՝ Նյու Յորքում։ I am for… մանիֆեստը գրվել է 1961 թվականին՝ Environments, Situations, Spaces ցուցահանդեսի կատալոգի համար։