հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կապիտալիզմը՝ «Օլիվեր Թվիսթի» օրինակով․ Արման Գրիգորյան

Կապիտալիզմը՝ «Օլիվեր Թվիսթի» օրինակով․ Արման Գրիգորյան

Հոդված՝ Օլիվեր Թվիսթը և կապիտալիզմը

Հեղինակ՝ Արման Գրիգորյան, արվեստագետ

Ի՞նչ է կապիտալիզմը, ինչպե՞ս ենք մենք այն ընկալում և հատկապես ինչպե՞ս այն քննադատում: Այսօր հայ ընթերցողը, վերաիմաստավորելով սովետական անցյալի իր փորձը, ապրելով այսպես կոչված «վայրի կապիտալիզմի» հասարակարգում, կարծես, ավելի հեշտությամբ պիտի կարողանա տարբերել գիտական քննադատությունը գրական-գեղարվեստականից:

Դա անելու համար հրաշալի ստեղծագործություն է Չարլզ Դիկենսի «Օլիվեր Թվիստի կյանքը և արկածները»: Ես այն առաջին անգամ կարդացել եմ շատ վաղուց, երբ դեռ դպրոցական էի, անկասկած մեծ տպավորություն էի ստացել, բայց այս վեպի պատկերներն իրականության հետ ասոցիատիվ կապի մեջ ավելի հաճախ սկսեցին հայտնվել, երբ կազմաքանդվեց Սովետական միությունը և քաղքական-տնտեսական լիբերալ-դեմոկրատական նոր հարաբերություններ ձևավորելու դժվարությունները դարձան ավելի ակնառու: Կապիտալի նախնական կուտակումը, կարծես, մոլուցքի մեջ էր գցել հասարակության ակտիվ հատվածին, իսկ ողջ հետսովետական տարածքի բնակիչների համար Ճարպիկ Ստահակի և նրա գործընկեր Չարլի Բեյցի գողությամբ հարստանալու և հետո հանգիստ կյանք վայելելու դասախոսությունները, որով նրանք ցանկանում էին միամիտ ու ազնիվ Օլիվերին իրենց հանցախմբի մեջ ներգրավել, ասես կյանքի միակ ռիալիստական նկարագրությունը դարձած լինեին:

Ենթադրում եմ, որ քրեաօլիգարխիկ մրցավազքին չմասնակցած կամ դրանից տուժած մարդն իրեն զգում էր Օլիվեր Թվիստ, իզուր եմ անցյալով խոսում, նա հիմա էլ է այդպես իրեն զգում, սպասելով ճագատագրի անսպասելի փոփոխությանը, երբ ինչ-որ մի հրաշքով ավազակապետությունը հենց իր ագահության մոլագարության մեջ նրան կտանի իր հին ու բարի, ազնիվ և ուժեղ նախնիներին նմանվող ազգականների ու ընկերների մոտ:

Չարլզ Դիկենսի «Օլիվեր Թվիստ» վեպի հաջողությունը անկասկած կապված է գլխավոր հերոսի հետ հեշտությամբ նույնանալու հանգամանքով, նաև միգուցե այն պատճառով, որ Օլիվերը բացարձակ անպաշտպան է, վեպի մնացած հերոսների համար սիրելի է, թանկագին, բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով, նախանձության օբյեկտ, ինչ-որ իմաստով նաև համարձակ, բայց ավելի շուտ դիտորդի պասիվ վիճակում է, ենթարկված բնական կամ միգուցե քաղտնտեսական գերհզոր ուժերին, որոնց անկասելի ընթացքը տանում է նրան դեպի իր լուսավոր ապագան:

Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի վրա, ինչքան էլ որ վեպը ծանրաբեռնված է իբրև թե փաստավավերագրական մանրունքներով՝ տեղանուններով, հաստատությունների, փողոցների ճշգրիտ անվանումներով և կենցաղային մանրազնին նկարագրված դետալներով, դրանք ընդհամենը զարդեր են, որոնք բոլորովին էլ չեն կարողանում թաքցնել հին ու բարի միֆաստեղծման ջանքը, որը Չարլզ Դիկենսը փայլուն ձևով իրականացրել է, նույնը նաև սյուժեի արկածային-դետեկտիվ խառնաշփոթն է, որ իր իբրև թե անսպասելի շրջադարձներով պետք է համոզի թե կերպարները, նրանց սոցիալական ու անձնական մղումները ենթարկված են նախ և առաջ կյանքի իրադրություններով ու շրջապատի ազդեցությամբ: Ինչպես Օտտո Ռանկն է նկարագրում իր «Հերոսի ծննդյան միֆը» գործում, բոլոր ազգերի ու ժողովրդների մոտ՝ հեքիաթներում, պատումներում, կրոնական ու դիցաբանական սյուժեներում անդադար կրկնվում է նույն արխետիպային հնարքը….հերոսը բարձրաշխարհիկ ծնողների զավակ է, նրա ծնունդին նախորդում են տարբեր դժվարություններ, օրինակ ծնողների գաղտնի և արգելված մտերմությունը, հետո, երբ նա ծնվում է նրան պահում են աղքատ մարդիկ: Հերոսը մեծանալով, տարբեր դժվարություններ հաղթահարելով ու արկածների մեջ ընկնելով, վերջիվերջո հասնում է հասարակական ճանաչման և բարձր դիրքի: Այնպես որ ռեալիստական ոճով գրված Չարլզ Դիկենսի «Օլիվեր Թվիստ» վեպն իրականության դաժան քննադատության հետ այնքան էլ կապ չունի և որքան էլ հեղինակը իր առաջաբանում փորձում է մեզ համոզել, որ վեպը գող-ավազակներին իրական ողջ տգեղությամբ ներկայացնելն է ու ռոմանտիզմի դարաշրջանին հատուկ իբր անբարոյականության և ավազակբարո կյանքի իդեալականացումներից հրաժարումը, այն իր պոպուլյարության համար պարտական է ամեն ընթերցողի անգիտակցական շերտերում թաքնված Զիգմունդ Ֆրոյդի բնորոշմամբ Էդիպի կոմպլեքսի առկայությանը:

Ի դեպ, Չարլզ Դիկենսի վեպերը մեծ ազդեցություն են ունեցել նաև երիտասարդ հեգելականների վրա, ինչպես պահպանողականների, այնպես էլ ձախ-առաջադիմականների: Մարքսի և Էնգելսի, հետո նաև մեզ ավելի հարազատ Լենինի, ինչու չէ նաև Ֆրիդրիխ Նիցշեյի կապիտալիզմի նկարագրություններում, մարդկության ողջ պատմությունը կարծես ներկայանում է Օլիվեր Թվիստի կերպարով:

Մի հետաքրքիր նրբություն ևս, դա երկու եղբայրների սխեմատիկ և էլի հույժ դիցաբանական հակադրությունն է: Չարագործության և բարոյական ու հոգևոր քայքայման մարմնավորում Մոնքսը հետապնդում է և ամեն կերպ փորձում է վնասել իր հակապատկեր եղբորը՝ Օլիվերին, բայց բնականաբար պարտվում է: Սա նույպես հնագույն միֆական պատկերացում է, որը մեր օրերում քաղաքական նկարագիր է ստացել Արևմուտք և Արևելք իբրև թե գոյություն ունեցող հակադրության տեսքով: Կամ կապիտալիզմի հավերժական մարմնավորում, ժլատության, խորամանկության, նենգության չափման միավոր և Դավադրությունների տեսությունների գլխավոր հերոս հավերժական հրեան՝ Ֆեջինը, որի վրա է դրված Օլիվերին փչացնելու պարտականությունը, եթե մերօրյա «գեոպոլիտիկների»՚ մոդայիկ լեզվով բացատրենք, նա ԱՄՆ-ն է, որը սիրալիր կերպով պարտքի տակ է գցում նորանկախ օլիվեր-պետություններին: Սակայն, ի պատիվ Չարլզ Դիկենսի հարկ է նշել, որ երբ իր վեպը զանգվածային հաջողության է հասնում, նա հանրայնորեն զղջում է, որ տուրք է տվել աբրահամյան կրոնների մոլեռանդության նշան համարվող ստերիոտիպին, որն ի դեպ նույնպես Էդիպի կոմպլեքսի դրսևորում է: Ինչ խոսք, Դիկենսը տեղյակ չէր կարող լինել հոգեբանական մեխանիզմներից, որովհետև իր ժամանակ գիտությունն այդ ասպարեզում այնքան էլ զարգացած չէր: Նա ուղակի շատ ազնիվ մարդ էր և քրիստոնեական՝ իր ժամանակշրջանի պրոտեստանտական բարոյականության կրողն էր: Որն ազնվորեն ոգեշնչում էր մարդկանց փոփոխել Հին կտակարանից դոգմատիկ ձևով ժառանգված օրենքները, որ վատ չէր լինի, եթե այժմ էլ նման էնտուզիազմ նկատվեր հատկապես Մերձավոր արևելյան հասարակությունների մեջ: Մի բավական կոլորիտային օրինակ եմ ուզում բերել: «Օլիվեր Թվիստ» վեպում կանանց հետ կապված պատկերացումների նաև օրենքների փոփոխության անհրաժեշտության մասին Դիկենսը խոսում է բավական զգուշորեն, կատակային-ծաղրական ձևով, բնականաբար ավելի պաշտպանված լինելու համար իր գլխավոր միտքը արտահայտում է կիսաբացասական, թույլ ու ենթարկվող հերոս պարոն Բամփըլի միջոցով, երբ նրան հանդիմանում են, որ իր կնոջ կողմից կատարված հանցանքի մեղավորն ավելի շատ ինքն է, որովհետև գործող օրենքը ենթադրում է, որ ամուսնացած կինը գործում է տղամարդու հրահանգներով, Բամփըլը նեղսրտելով հակադարձում է. «Եթե օրենքն այդպիսի բան է ենթադրում, ուրեմն օրենքը էշ է, ապուշ է… եթե դա է օրենքի տեսակետը, ուրեմն օրենքն ամուրի է և ամենավատագույնը, որ ես կցանկանայի նրան, որ նրա աչքերը բացվեին փորձառության շնորհիվ….. փորձառության շնորհիվ»:

Ես իսկապես խորհուրդ եմ տալիս նորից վերընթերցել Չարլզ Դիկենսի «Օլիվեր Թվիստ» վեպը և միգուցե դուք էլ իմ նման կհամոզվեք, որ մեր մարքս-լենինյան վաղ անցյալը և այսօրվա «կրոնական-գեոպոլիտիկ» վերածնունդը ներշնչված են գրական-գեղարվեստական ստեղծագործություններից, որոնք ձևավորում են, հաճախ շատ մեծ հաջողությամբ, աշխարհի մի այնպիսի ամբողջական պատկեր, որն առավելագույնս կկարողանա սփոփել մեզ իրական կամ երևակայական դժվարություններին դիմակայելուց: