Ի՞նչ կլիներ, եթե Տիգրան Մեծը հաղթեր նաև Պոմպեոսին, Վարդան Մամիկոնյանը՝ Ավարայրի ճակատամարտում, կամ Սերժ Սարգսյանը 2018-ին և այլն: Պատմաբանները նմանօրինակ հարցերին երկու պատասխան ունեն: Առաջին. գոյություն ունի պատմական անհրաժեշտություն: Ասենք, պարսկական փղերը դարձի են գալիս, ընդունում են քրիստոնեություն և օգնում հայկական զորքին: Վարդան Մամիկոնյանը հաղթում է Ավարայրի ճակատամարտում: Պարսիկները մյուս տարի ավելի մեծ զորք են հավաքում և նոր ճակատամարտ տալիս: Վարդան Մամիկոնյանը այս ճակատամարտում զոհվում է և կրկին դառնում նահատակ սուրբ: Պատմական օրինաչափությունը չի կարելի շրջանցել: Այս մոտեցման կողմնակիցներին անվանենք օբյեկտիվիստներ:
Բայց կարելի է առաջարկել ավելի օպտիմիստական սցենար: Օրինակ, Ավարայրի հաղթանակից հետո Վասակ Սյունին իր համակիրների հետ միանում է Վարդան Մամիկոնյանին, նրանց են միանում նաև մյուս քրիստոնեա ժողովուրդները: Մեծ զորք է հավաքվում, և նրանց օգնության է գալիս արևելա-հռոմեական կայսերությունը: Հազկերտը պարտվում է, իսկ Սասանյան կայսերության պետական կրոն է հռչակվում քրիստոնեությունը և այլն:
Իմ «Գաբրիել Գարսիա Մարկեսը և Խաչատուր Աբովյանը» պատմվածքում Խաչատուր Աբովյանը Մարկեսի ուսուցիչն է: Վերջինս իր ուսուցչի ազդեցության տակ որոշում է դառնալ հայ գրող: Բայց Երևանում նրան սառը, նույնիսկ թշնամական ընդունելություն են ցուցաբերում, և Մարկեսը այդ մտքից հրաժարվում է1: Հայ գրականության խորհրդային-ազգայնական ընթացքը անհնար է խոտորել: Ինչպես տեսնում եք, ես պեսիմիստական մոտեցման կողմնակից եմ:
Այլ է Արման Գրիգորյանը, որի «Կեցցե հեղափոխությունը» վեպը լեցուն է օպտիմիզմով2: Այն ալտերնատիվ/այլընտրանքային պատմավեպի ժանրին է պատկանում, որը ֆանտաստիկայի ենթաժանր է՝ շատ տարածված աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, բայց Հայաստանում՝ ոչ այդքան3: Կարելի է նշել Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը» կամ «Ուսամա» վեպերը։ Այլ անուն չմտաբերեցի:
Ինչո՞ւ Հայաստանում ալտերնատիվ պատմավեպը տարածում չունի: Տարածում չունի նաև ֆանտաստիկան, դետեկտիվը, կրիմինալ կամ արկածային վեպը…: Այս բոլոր ժանրերը Արևմուտքում ձևավորվել են գրագիտության զանգվածային տարածմանը զուգահեռ, նախատեսված են ընթերցողական տարբեր հատվածների համար: Մելոդրաման՝ դեռատի աղջիկների, արկածային վեպը՝ պատանիների, դետեկտիվը՝ ծառայողների և այլն: Կարծես ունենք զանգվածային գրագիտություն և ընթերցող, դեռատի աղջիկներ և պատանիներ, ծառայողներ և ազատ մասնագիտության տեր մարդիկ, բայց ժանրային և զանգվածային գրականությունը դեռ սաղմնավորման փուլում է՝ ազգային պատմավեպից բացի: Կարելի է ենթադրել, որ հայ գրողը չի գրում ընթերցողի համար:
Լավ, եթե ընթերցողի համար չի գրում, ո՞ւմ համար է գրում: Ստալինիզմի ժամանակ գրողները գիտեին, թե ում համար էին գրում, ռեժիսորները՝ ում համար են նկարահանում։ Ընկեր Ստալինի: Սոցռեալիզմը գրականություն էր քաղաքական ղեկավարության համար: Ո՞ւմ համար է գրվում ազգային գրականությունը։ Ընթերցողի՞ համար։ Ո՛չ: Այն գրվում է Ազգի համար, որը նույնքան պահանջկոտ և անողոք ատյան է, որքան ընկեր Ստալինը: Ափսո՞ս չի հայ ընթերցողը, որ ընկել է այս Ազգի ձեռքը: Կարծում եմ, Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը գրված է ընթերցողի համար: Իհարկե, վեպի հերոսները չունեն դասական վեպի հոգեբանական խորությունը, բայց դեպքերի աշխարհքաղաքական ընդգրկումը, ինտելեկտուալ զրույցները, ուտոպիստական ծրագրերը անշուշտ կգրավեն ընթերցողների որոշակի շրջանակ, օրինակ՝ ինձ:
————————————
1Մարկեսը իսկապես 1969 թ.-ին այցելել է Երևան, և իսկապես ունեցել է հայ ուսուցիչ:
2Արման Գրիգորյանը. «Կեցցե հեղափոխությունը». Ակտուալ արտ. 2018 թ.: Գիրքը մատչելի է դարձել 2019-ին:
3Կարող եմ առաջարկել այս ենթաժանրի սիրահարներին ռուսական շատ ինֆորմատիվ կայք՝ http://alternathistory.com/
Վեպը, իհարկե, գաղափարական վեպ է, վեպ՝ իդեաների մասին: Հեղինակը՝ Արման Գրիգորյանը, օգտվելով առիթից, մեզ ծանոթացնում է սեքսի, մերկության, դաստիարակության, ազատության և այլ իր ուտոպիաներին: Իսկ ինչո՞ւ ոչ. եթե Ստալինը կարող էր սոցիալիզմ կառուցել առանձին վերցված երկրում, ապա Արմանը դա անում է՝ իր ուտոպիաները իրագործելով առանձին վերցված վեպում: Կամ իր հրաշալի կտավներում:
Վեպը սկսվում է նրանով, որ ընկեր Արմանը՝ ստանալով Լենինի և Տրոցկու համաձայնությունը, մեկնում է Եկատերինբուրգ՝ համոզելու Նիկոլայ II-ին միանալ պրոլետարական հեղափոխությանը: Նկատեք, որ վեպը համաշխարհային կամ ռուսական պատմության այլընտրանքի մասին է, այլ ոչ թե՝ Հայաստանի պատմության: Հեղինակը իր գրքի մասին հարցազրույցում պարզաբանում է, որ ցանկացել է, որ իր վեպը մատչելի լինի հետխորհրդային տարածքի ընթերցողի համար, այդ պատճառով ընտրվել է ինտերնացիոնալ թեմա4: Արման Գրիգորյանի վեպը գրականության պատմության տեսակետից շարունակում է 1920-ական թթ. հայ ավանգարդիստական գրականության ավանդույթները, որոնք ևս ինտերնացիոնալիստական էին: Օրինակ՝ Ազատ Վշտունին պոեմներ էր գրում Արևելքի աշխատավորների պայքարի մասին, Չարենցը՝ Լենինի և Ալիի:
Ինչո՞ւ է գրվել այս գիրքը: Ըստ Արման Գրիգորյանի, արվեստագետը կարող է բացատրել, թե ինչ չի հասկացել Լենինը և ինչ չի հասկացել Նիկոլայը: Վեպի հերոս ընկեր Արմանը բացատրում է Լենինին և ցարին, որ նրանք կարող են միավորվել և վերջ դնել պատերազմին, բռնությանը, փոխադարձ ատելությանը և այլն: Կարճ ասած՝ ընկեր Արմանը քարոզում է սիրո և համերաշխության հեղափոխություն:
Երբ առաջին անգամ կարդացի Արման Գրիգորյանի վեպը, ինձ զարմացրեց վեպի գլխավոր հերոսների ընտրությունը՝ Լենին և Նիկոլայ II:
Նիկոլայ II-ը արդեն սրբացվել էր Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, որը դժգոհություն էր առաջացրել ձախ և լիբերալ շրջանակներում: Արմանի Նիկոլայ II-ը ոչ մեկն է, ոչ մյուսը, ոչ շահագործող է և հետադեմ, կամ՝ ավանդական կրոնական և քաղաքական արժեքների կրող: Նա խելացի, մտածող և բարեսիրտ մարդ է, որը պատրաստվում է վերանայել Կառլ Մարքսի դասակարգային պայքարի տեսությունը: Նա ասում է. «Այնպես, որ պատերազմների բաժանելը սրբազանի և տնտեսականի, ոչ այլ ինչ է, քան անամոթ խաբեություն…ի՞նչ նշանակություն ունի, թե ատելությունը, թշնամանքը, դաժանությունը ինչպիսի վեհ նպատակներով են արդարացվում: Եթե հեղափոխել եք ուզում ինչ-որ բան, նախ հեղափոխեք չարացած մարդկային հոգիները»5:
Մյուս գլխավոր հերոսը Լենինն է, և հերոսի ընտրությունը ինքնին շատ նշանակալի է: 16 տարի առաջ լիբերալները և պահպանողականները նրան համարում էին սովորական բռնապետ։ Ձախերը նրանից ամաչում էին և համարում հնացած: Այժմ, իհարկե, այլ իրադրություն է. լուրջ փիլիսոփաները քննարկում են նրա գաղափարները, փորձում են հասկանալ նրա գաղտնիքը: Այնպես որ Լենինին դրական ներկայացնելը Արման Գրիգորյանի կողմից շատ համարձակ քայլ էր, և իր արդարացված կանխազգացումը ինձ տպավորեցնում է:
Երբ կարդում էի վեպը, հիշեցի Լենինի լուսանկարը կատվի հետ, որի հեղինակը քույրն է՝ Մարիա Ուլյանովան: Նաև՝ խորհրդային մանկական պատմվածքները Լենինի մասին: Օրինակ՝ Լենինը գնում է որսի: Նրա դեմ դուրս է գալիս շատ գեղեցիկ աղվես: Աղվեսը նայում է Լենինի աչքերին, և Լենինը չի կրակում: Լենինը վեպում ընկեր Արմանի համախոհն է և նրա պես դեմ է բռնությանը: Հնացած հայացքներ ունի, ինպես և Նիկոլայ II-ը, բայց ընդունակ է լայնախոհության:
————————————
4https://epress.am/2019/01/26/Կեցցե-հեղափոխությունը․-Արման-Գրիգ.html
5Արման Գրիգորյանը. «Կեցցե հեղափոխությունը». Էջ 42-43
Հայաստանում ալտերնատիվ ֆանտաստիկ պատմավեպին գերադասում են կարդալ գրքեր հայերի ծագման մասին: Ասենք՝ արիացիներից, հիքսոսներից, շումերներից, Արրատայի լեգենդար թագավորությունից: Հայաստանի պատմական անցյալը ավելի անկանխատեսելի է, քան ապագան: Սա մատնանշում է, որ պատմական երևակայությունը կարևոր դեր ունի պատմական գիտությունների, պատմական հիշողության և հանրային/քաղաքական պատմական ճանաչողության համար:
Այսօր իշխողը հետմոդեռնիստական մոտեցումներն են, որոնք վիճարկում են օբյեկտիվիստական մոտեցումները և պատմությունը դիտարկում են որպես դիսկուրսիվ կառուցվածք, հնարանք, որ կառուցվում և վերակառուցվում է:
Այսօր երևակայության գաղափարը որպես պատմական իրականությունը ներկայացնելու միջոց՝ իր վիրտուալ հնարավորությունների տեսանկյունից («պատմությունն ասես») դրսևորվել է շատ ավելի հիմնավորված ձևով՝ հենվելով մարդու պատմական էությունը կարդալու լեզվաբանական և գրական-բանաստեղծական եղանակների վրա: Առաջին հերթին, ես նկատի ունեմ մի շարք հայեցակարգային մոտեցումներ, որոնք համախմբվել են «նոր պատմականության մետաֆիզիկա» ընդհանուր և պայմանական անվանման ներքո (Ֆ. Անկերսմիթ, Հեյդեն Ուայթ, Լ. Մոնրոզ և այլն): Ինչ վերաբերում է «նոր պատմականության մեթոդաբանությանը», ապա դրանում օգտագործված գեղարվեստական մեթոդները պատմական նյութի հետ միահյուսվում են բնականորեն, ջնջելով տառացիի և փոխաբերականի միջև սահմանը, մատնանշում նրանց անքակտելի փոխադարձ կապը: Արման Գրիգորյանի այլընտրանքային պատմավեպը գրական փոխաբերություն է տառացի՝ իրական պատմության համար:
Պատմական երևակայության և պատմական իրականության կապը կարելի է երկակի դիտարկել: Մի կողմից կարող ենք ասել, որ պատմական երևակայության մեջ չկա ոչինչ, որ չի եղել պատմական իրականության մեջ: Պատմության սցենարները օրինաչափորեն կրկնվում են:
Համաձայն մեկ այլ տեսակետի՝ պատմական իրականության մեջ չկա ոչինչ, ինչ նախկինում չի եղել երևակայության մեջ: Օրինակ՝ Արման Գրիգորյանը 16 տարի առաջ իր վեպում ներկայացրել է խաղաղ, ոչ բռնի հեղափոխության գաղափարը, որ իրագործվեց 2018-ին: Բայց սխալվեց մի շատ էական կետում. այն հիմնված չէր համաձայնության/կոնսենսուսի գաղափարի վրա, այլ՝ ժողովրդական համերաշխության գաղափարի: Ավելի կարևոր է այլ բան: Պատմական իրականությունը (1917 թ. զինված հեղափոխությունը) նրան դրդեց ստեղծել խաղաղ հեղափոխության մոդել, որը ի վերջո իրագործվեց: Այսինքն՝ պատմական երևակայությունը արդյունավետ է և ստեղծարար, այն կարող է «պարտադրել» իրեն պատմական իրականությանը:
Վարդան Ջալոյան