Home / Մեդիա / «Նոր պատմականությունը» և արդիական պատմական մտածողությունը

«Նոր պատմականությունը» և արդիական պատմական մտածողությունը

Ժենյա Քալանթարյանը1 «Գրականության տեսության արդի խնդիրներ» ուսումնական ձեռնարկի ներածությունում գրում է. «Ավելացնենք, որ օտարինը չենք մերժում, բայց ճիշտ ենք համարում մերի ստեղծումը: Առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու անհրաժեշտ է հայացնել եզրույթները, հասկացությունները, ստեղծել բառարաններ և գործնականում կիրառել այն ողջամիտ նորը, որը թույլ կտա համընթաց քայլել գրականության տեսության բնագավառում կատարվող ժամանակակից իրողություններին»: Ավելին. «Նոր գրականագիտությունը սպառնում է ազգային դպրոցների վերացմանը, տարածաշրջանային գրականագիտությունների (ավելի ստույգ՝ գրականության պատմությունների) ստեղծմանը և առհասարակ գիտության համաշխարհայնացմանը (գլոբալիզացիային)», որոնք են «հետմշակութային հետազոտություններ, մշակութային սահման, սև գեղագիտություն և, վերջապես, մուլտիկուլտուրիզմ և այլն»2: Այս քաղվածքները վկայում են, որ ակադեմիական գրականագիտությունը ագրեսիվ մերժողական դիրք ունի նոր գրական տեսության, նոր քննադատական մտքի հանդեպ:

Իսկ ինչպիսի՞ տեսություններ են ընդունելի: Դատելով խորհրդային շրջանի գրականության տեսաբանների աշխատանքներում հղումների առատությունից՝ կարելի է ենթադրել, որ շատ (բայց ոչ բոլոր) գրականագետներ դեռ հավատարիմ են այդ գրականագիտութանը, որը ներծծված էր տոտալիտար աշխարհայացքով, իսկ Հայաստանում՝ նաև ազգայնական պահպանողական էր:

Բայց էական է մտահոգությունը գրականագիտության ազգային դպրոցի պահպանման համար: Գրականագիտության ազգային դպրոցները Խորհրդային Միությունում ստեղծվել են կուսակցական և կայսերական հսկողության ներքո և հանդիսանում են գաղութային քաղաքականության գործիքներից մեկը, մտավոր կախվածության արտահայտություն:

Նման մոտեցումը առաջին հերթին վնասակար է ժամանակակից հայ գրականության համար, ստեղծագործողների համար: Ակնհայտ է, որ անհնար է վերլուծել պոստմոդեռնիստական վեպը խորհրդային մեթոդներով, ձևացնելով, որ քո առաջ սոցռեալիստական վեպի հերթական տարբերակն է: Նմանապես անհնար է վերլուծել ժամանակակից հայաստանցի կին հեղինակներին առանց ֆեմինիստական գրական տեսության իմացության:

Ժամանակակից գրական տեսություններից Հայաստանում գրաքննադատության մեջ կարելի է հանդիպել միայն հղումներ ամերիկյան Նոր քննադատությանը3, Ռոլան Բարտի հետկառուցվածքային տեսության տարրերին կամ հղումներ փիլիսոփայական հերմենևտիկային: Բայց նույնիսկ այդ «առաջադեմ» շրջանակում մերժելի են համարվում հոգեվերլուծությունը, հետգաղութային կամ ֆեմինիստական հետազոտությունները և այլն:

————————-
1 Ժենյա Քալանթարյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր: Հայաստանի գրողների միության անդամ։
2007 թվականից ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչն է:

2 Գրականության տեսության արդի խնդիրներ: Ուսումնական ձեռնարկ. -Եր.: ԵՊՀ հրատ., 2016, էջ 4 և էջ 23:

3 Ուելլեք Ռ., Ուորրեն Օս., Գրականության տեսություն, Եր., 2008

Մեր հետազոտության նպատակը իսկապես ժամանակակից գրական տեսության կիրառությունն է ինչպես ժամանակակից գրական ընթացքին, այնպես էլ խորհրդային և դասական հայ գրականության գործերի նկատմամբ: Այդպիսի նոր տեսությունների օրինակ է «նոր պատմականությունը»՝ New Historicism-ը: Գրական տեսության այս ուղղության հիմնադիր է համարվում Սթիվեն Գրինբլաթը, որը նա անվանում է նաև «մշակույթի պոետիկա»4:

Անցյալ դարի 60-ական թթ. երբ Ս. Գրինբլաթը սկսում էր իր ակադեմիական կարիերան անգլիական գրականության ամբիոններում, այդ թվում Յելում, իշխող ուղղությունը «Նոր քննադատությունն» էր5: Նա հիշում է. «Այն դպրոցը, որ ես և ողջ իմ սերունդը անցան, գերակշռում էր գրականության նկատմամբ ապակոնտեքստային և ծայրահեղ ֆորմալիստական մոտեցումը: Այս տարիներին  Յելի «տեղի հանճարը» Ուիլյամ Ուիմսատն էր6: Նա հավատում էր, որ պոեզիան պետք է գնահատվի ինչպես գնհատում են պուդինգը կամ մեքենան7: Երբ դուք դատողություն եք անում մեքենայի մասին, Ձեզ հետաքրքրում է նրա կառուցվածքը, ինչու է այն աշխատում հատկապես այս կերպ, ինչ է տեղի ունենում, երբ այն ջարդվում է: Բայց ամեն դեպքում, ձեզ չի հետաքրքրում մեխանիկան որպես այդպիսին …Ձեզ հետաքրքրում է օբյեկտը այնքանով, որքանով կարող եք նրան մեկուսացնել արտաքին միջավայրից: Ես այս ոգով եմ կրթվել, ես այս մոտեցման արդյունքն եմ»8: Ինչ-որ պահի, «այս մեթոդը … սկսեց անտանելի թվալ», և հայտնվեցին մարդիկ, ովքեր «սկսեցին անել մի այլ բան, սակայն, թե ո՞րն է տարբերությունը դժվար էր որոշել» (էջ 48-49): Օրինակ. Հարոլդ Բլումը9 մերժեց ֆորմալիզմի արգելքը և կարևորեց հեղինակային մտադրությունը (intentional fallacy), Ստենլի Ֆիշը10՝ զանցեց զգացումնների ֆորմալիստական արգելքը (affective fallacy) և հետազոտեց գրական լսարանը իր ընթերցողական արձագանքի տեսություն մեջ (Reader-response criticism), իսկ Ս. Գրինբլաթը կարևորեց պատմական կոնտեքստը՝ Նոր պատմականություն (New Historicism): Հայաստանում, անշուշտ, իշխողը կա՛մ նաիվ կենսագրական մոտեցումն է, կա՛մ լիբերալ «առաջադիմական» ամերիկյան ֆորմալիզմը, որի վկայությունն է «Նոր քննադատության» ակնառու տեսաբան Ռընե Ուոլլեքի գրքի հայերեն թարգմանությունը11 և այդ գրքի ակադեմիական բազմաթիվ հղումները Հայաստանում:

————————-
4Սթիվեն Գրինբլատ (Stephen Greenblatt, 1943), ամերիկյան շեքսպիրագետ, գրականագետ: 2000 թ. –ից աշխատում է Հարվարդի համալսարանում: Համարվում է Նոր պատմականության առաջատար տեսաբան:
5«Նոր քննադատության» հիմնական սկզբունքներն են. ա) Գրական քննադատության առանձնացնումը աղբուրների հետազոտությունից և կենտրոնացումը գրական գործի վրա; բ) ստեղծագործության կառուցվածքի վերլուծությունը, այլ ոչ թե հեղինակի հոգեբանության կամ ընթերցողի արձագանքի հետազոտությունը; գ) ստեղծագործության մասերի վերլուծությունը ամբողջի հետ հարաբերության մեջ; դ) կենտրոնացված ուշադրությունը բառերի տարբեր իմաստային նրբերանգների վրա; ե) գրականության առնձնացնումը բարոյականությունից եւ կրոնից: Ըստ. Горных А.А. Англо-Американская «Новая критика»: антропологические проблемы текста // Альманах «Метафизические исследования», Метафизические исследования: Язык. Выпуск 11. Санкт-Петербург: Издательство «Алетейя», 1999. C.108-130.
6Ուիլյամ Կուրց Ուիմսաթ կրտսեր (William Kurtz Wimsatt Jr.,1907 – 1975) -գրականության տեսաբան և քննադատ:
7Հռչակավոր է Ուիլյամ Ուիմսատի դատողությունը պուդինգի մասին: Ըստ նրա, երբ փորձում ենք պուդինգը, խոհարարի մտադրությունները չեն ազդում այն բանի վրա, մեզ դուր է գալիս պուդինգը, թե՞ ոչ: Նրա կարծիքով, մեր քիմքի համար կարևոր է միայն պուդինգի համը և ֆակտուրան: Տե՛ս. Wimsatt William К.; Beardsley Monroe С. (1946), The Intentional Fallacy // On Literary Intention / Ed. D. Newton-de Molina. Edinburgh, 1976. 1—13. Կամ. «Պետք է դատել բանաստեղծական աշխատանք, ինչպես դատում ենք  … մեքենայի մասին: Այն պետք է աշխատի: … Բանաստեղծությունը չպետք է նշանակի, բայց լինի» (Wimsatt W.K. The Verbal Icon. Lexington, 1954. P. 4). Հղումները ըստ՝ Горных А.А. Англо-Американская «Новая критика»: антропологические проблемы текста // Альманах «Метафизические исследования», Метафизические исследования: Язык. Выпуск 11. Санкт-Петербург: Издательство «Алетейя», 1999. C.108-130.
8Williams J. Critical self-fashioning: An interview with Steven J. Greenblatt // Minnesota review. – Pittsburg, 2009. – N 71/72. – P. 47–61.
9Հարոլդ Բլում (Harold Bloom, 1930) – ամերիկացի մշակույթի պատմաբան և տեսաբան, գրական քննադատ և գրականագետ, կրոնագետ:
10Սթենլի Յուջին Ֆիշը (Stanley Eugene Fish, 1938) ամերիկյան գրական տեսաբան է, իրավագետ, հասարակական մտավորական: Սթենլի Ֆիշը հայտնի է մեկնաբանական համայնքների տեսությամբ, թե ինչպես է տեքստի մեկնաբանությունը կախված այդ  համայնքներում յուրաքանչյուր ընթերցողի սուբյեկտիվ փորձից:
11Ռընե Ուելլեք, Օսթին Ուորեն, Գրականության տեսություն, Եր. 2008:

Հավանական է կարծել, որ «նոր քննադատության» ֆորմալիզմի փլուզման գլխավոր պատճառը 1960- 70-ական թվականների սոցիալական ակտիվության, ապստամբական տրամադրությունների, աշխարհը վերափոխելու երազանքների, բոլոր հիերարխիաները վերացնելու ձգտումի մեջ էր (ուսանողական կարգախոսը՝ կառուցվածքները փողոց դուրս չեն գալիս): Այդպիսի ազդակ կուզենայի տեսնել հայաստանյան վերջին իրադարձություններում: Հետագայում Նոր պատմականությունը իրեն հակադրեց պոստստրուկտուրալիստական, հատկապես ապակազմավորման՝ դեկոնստրուկտիվիզմի ֆորմալիզմին և իր սկզբունքը համարեց ռե-կոնստրուկցիան՝ վերակազմավորումը:

Ինքը Ս. Գրինբլատը ֆորմալիզմի հաղթահարման փնտրտուքներում առաջին հերթին դիմեց մարքսիզմին, հատկապես՝ Լուի Ալտյուսերի և Վալտեր Բենյամինի տեսություններին: Բայց այդ տարիների ամերիկյան համալսարաններում արհամարհաբար էին վերաբերվում մարքսիստական գրականագիտությանը, այն համարելով գռեհիկ: Ինքը՝ Ս. Գրինբլաթը այդ տարիներին դասավանդում էր մարքսիստական գեղագիտություն ԱՄՆ-ի համալսարաններում, իսկ այս գեղագիտությունը բնութագրվում է սոցիոլոգիական շեշտադրմամբ (տնտեսական «հիմքը» սահմանում է գաղափարական «վերնաշենքը»): Հատուկ պետք է նշել մարքսիստ տեսաբան Ռայմոնդ Ուիլյամսին12, որը մեծ ազդեցություն ունեցավ Ս. Գրինբլաթի, և, ընդհանրապես, Նոր պատմականության համարյա բոլոր տեսաբանների վրա: Ս. Գրինբլաթը հիշում է. «1970-ականներին ես դասավանդում էի «Մարքսիստական ​​գեղագիտություն» անունով դասընթացներ Բերկլիի համալսարանում: Այն անփառունակ ավարտ ունեցավ, երբ ես անցնում էի նման դասընթաց, դա պետք է լիներ 1970-ականների կեսերը, և ես հիշում եմ, որ մի ուսանող շատ զայրացած էր ինձանից: Ճիշտ է, որ ես հակված էի այն մարքսիստական ​​գործիչներին, ովքեր խնդրականացնում էին մարքսիզմը` Վալտեր Բենյամինը, ավելի շուտ, վաղ Լուկաչը, քան ուշ, և այլն, և ես հիշում եմ, որ ինչ-որ մեկը վերջապես վեր կացավ և բղավեց դասի ժամանակ: Դու կա՛մ բոլշևիկ ես, կա՛մ մենշևիկ, հերիք է գլուխ հարթուկես (You’re either a Bolshevik or a Menshevik – make up your fucking mind):  Դա մի փոքր անհանգստացնող էր, բայց ես դրանից հետո մտածեցի դրա մասին և հասկացա, որ վստահ չեմ, որ մենշևիկ եմ, բայց ես, իհարկե, բոլշևիկ չէի: Դրանից հետո ես սկսեցի դասավանդել դասընթացներ «Մշակութային պոետիկա» անվանումով»13։

Ս. Գրինբլաթի և Նոր պատմականության վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև Միշել Ֆուկոն, նրա դիսկուրսի և էպիստեմայի14, բայց հատկապես՝ միկրոիշխանության տեսությունը:

Սթիվեն Գրինբլաթը գրում է. «Մենք մեկուսացնում ենք գրական խորհրդանիշները այլ ոլորտներում գործող խորհրդանշական կառույցներից, կարծես միայն արվեստն է ստեղծվել մարդու կողմից, կարծես թե մարդիկ, Քլիֆորդ Գիրցի15 խոսքերով, մշակութային արտեֆակտներ չեն»16: «Մշակույթից անկախ մարդկային բնույթ չկա, – գրում է Գիրցը, մշակույթ համարելով ոչ այնքան «զանգվածային վարքագծի կարծրատիպերը՝ սովորությունները, ավանդությունները», որքան «որոշ վերահսկող մեխանիզմները՝ պլանները, բաղադրատոմսերը, կանոնները, հրահանգները, որոնք ուղղորդում են մարդկային վարքը»17:

————————-
12Ռայմոնդ Ուիլյամս (Raymond Henry Williams, 1921 —1988), բրիտանացի գրող, մշակույթի և գրականության տեսաբան, «մշակութային մատերիալիզմ» գրականագիտական ուղղության հիմնադիր, չշփոթել ազգագրության մեջ համանուն ուղղությունից: Նոր ձախերի ակնառու ներկայացուցիչ:
13The Greenblatt reader; edited by Micheal Payne. Blackwell Pub., 2005. P. 19.
14Էպիստեման մի կառույց է, որը սկզբունքորեն որոշում է որոշակի պատմական ժամանակահատվածում որոշակի տեսակետների, հասկացությունների, գիտական տեսությունների և ճանաչողության հնարավորությունը: Էպիստման դարաշրջանի գիտելիքների հանրագումարը կամ ճանաչողության առանձնահատկությունը չէ, համընդհանուր չէ, սահմանափակված է տրված դիսկուրսներով: Դիսկուրսը կամ խոսույթը, դա խոսքի կամ գրի մեջ գոյություն ունեցող ասույթների հավաքականությունն է, որը ենթարկվում է որոշակի կանոնների և համապատասխանում է որոշակի չափանիշների:
15Գիրց, Քլիֆորդ Ջեյմս, (Clifford James Geertz; 1926- 2006)- ամերիկացի ականավոր մարդաբան, սոցիալական տեսաբան, խորհրդանշական (մեկնաբանական, ինչպես այն գերադասում է անվանել Գիրցը) մարդաբանության հիմնադիր:
16Greenblatt, Stephen (2005) [1980]. Renaissance Self-Fashioning: From More to Shakespeare. Chicago: University of Chicago Press. Կամ՝ Стивен Гринблатт. Формирование “я” в эпоху Ренессанса: от Мора до Шекспира. Опубликовано в журнале: «НЛО» 1999, №35/ http://magazines.russ.ru/nlo/1999/35/grinblat-pr.html
17Clifford Geertz. The Interpretation of Cultures. New York, 1973. P. 49. Гирц, К. Интерпретация культур. – М.: РОССПЭН, 2004. С. 55-56.

 

Նախապես Սթիվեն Գրինբլաթը առանձնացնում է գրականությունը դիտարկելու երեք եղանակ. «Եթե մեկնաբանությունը սահմանափակվում է հեղինակի վարքով, ապա այն վերածվում է գրողի կենսագրության (կա՛մ ավանդական պատմողական, կա՛մ հոգեվերլուծական) և վտանգ կա, որ նա կկորցնի ավելի լայն իմաստային ցանցերի զգացողությունը, որոնք ներառում են ինչպես հեղինակին, այնպես էլ նրա գործերը: Եվ եթե, ընդհակառակը, գրականությանը մոտենալ միայն որպես սոցիալական կանոնների և հրահանգների արտահայտության, ապա ռիսկ կա, որ այն ամբողջովին կտարալուծվի գաղափարական վերնաշենքում: …

Վերջապես, եթե գրականությունը դիտարկենք միայն որպես վարքագծի գերակշռող կոդերի օտարացված հայեցում, հայացք անվտանգ հեռավորությունից, ապա մենք արմատապես կնեղացնենք մեր պատկերացումը արվեստի կոնկրետ գործառույթների վերաբերյալ կապված առանձին անհատների և հաստատությունների հետ, քանի որ այս պարագայում երկուսն էլ սեղմվում են մինչև անփոփոխ «պատմական ֆոնի», քիչ բան ավելացնելով իրողությունների ըմբռնմանը: Այնուհետև մենք վերադառնում ենք արվեստի այն հայեցակարգին, որը դիմում է ապաժամանակային, վերմշակութային, մարդկային համընդհանուր էությանը կամ արվեստին, որ ուղղված է ինքն իրեն, ինքնավար, փակ համակարգ է, երկու դեպքում էլ`արվեստին, որ հակադրված է հասարակական կյանքին»18։

Իհարկե, Գրինբլաթը չի կիսում այդ մոտեցումը: Ի վերջո նա սահմանում է իր մոտեցումը որպես մշակույթի պոետիկա, այսինքն՝ մշակույթը, որի մասն է գրականությունը, ունի սեփական բառապաշարը, քերականությունը, շարահյուսությունը և այլն: Գրինբլաթը պնդում է, որ նշված սոցիալական, գաղափարախոսական և գեղարվեստական դիսկուրսները իրարից առանձնացված չեն, ընդհանուր մշակութային պոետիկայի մաս են: Դա չի նշանակում, որ, ասենք, «Օթելոյում» ինքնաձևավորման սխեման նույնն է, ինչ իրական հեղինակների Եսի ձևավորման սխեման: Բայց դա նաև չի նշանակում, որ առաջին դեպքում գործ ունենք մեկնաբանության հետ, իսկ երկրորդ դեպքում՝ «պարզապես իրականության»: Սոցիալական ակտերը ներգծված են հասարակական իմաստների համակարգի մեջ և դրանք մասնակիցների կողմից ինքնաբերաբար մեկնաբանվում են: Այսպիսով, Գրինբալթը սոցիալական ակտերը նույնպես դիտարկում է տեքստ, ինչպես բառերից կազմված տեքստերը: Այսինքն դրանք կարելի է դիտարկել որպես մշակութային տեքստ, այդ տեքստի մեկնաբանությունը՝ մշակութային պոետիկա:

«Նոր պատմականության» առանձնահատկությունը կապված է համատեքստի հետ: Հիմնական երկիմաստությունը կայանում է նրանում, թե ինչը կարող է և պետք է ներառվի «համատեքստ» հասկացության մեջ, ինչն է կազմում «պատմականության» հայեցակարգի բովանդակությունը: Եթե «Նոր քննադատությունը», կամ ավանդական կենսագրական գրականագիտությունը հիմնված էր «տեքստի» – «կոնտեքստի», «գրականության» – «պատմության» հակադրության վրա, ապա «Նոր պատմականությունը» փորձում է հաղթահարել այս հակադրությունները:

«Նոր պատմականության» ներկայացուցիչները իսկապես համարում էին, որ հաճախ «պատմական ենթատեքստը» սոցիալական խնդիրները մշակույթից տարանջատելու միջոց է, և փորձեցին խուսափել դրանից իրենց հետազոտությունների մեջ:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ Նոր պատմականությունը համատեքստը դիտարկում է իբրև տեքստ և այն ենթակա է նույնքան «ուշադիր ընթերցման», որքան գրականագետները սովորաբար ընթերցում են տեքստը: Այնուամենայնիվ, Նոր պատմաբանները, ի տարբերություն Նոր քննադատության ներկայացուցիչների, որոնց նկատմամբ նրանք ապստամբեցին, չեն վերաբերվում գրական տեքստին, որպես սուրբ առարկայի, որը նախատեսված է միայն ակնածանքի, այլ ոչ թե վերլուծության համար: Նրանք արիստոկրատական ​​մշակույթի տեքստը համադրեցին ցածր խավի մշակույթային տեքստին, համադրեցին Շեքսպիրի գործերը բժշկական տրակտատների կամ իրավական փաստաթուղթերի հետ, ձգտելով տեքստի և կոնտեքստի ամբողջականությանը: Այս մոտեցումը զուգահեռներ ունի Ք. Գիրցի մոտեցման հետ, այն կիրառելով ամենօրյա իրադարձությունները «ընթերցելու» համար, կարծես այն տեքստ է:

«Ես-ի ձևավորումը Վերածննդի դարաշրջանում» գրքում, բացի շեքսպիրյան պիեսների, ասենք՝ «Օթելոյի» «սերտ ընթերցանությանը», Ս. Գրինբլաթը ներգրավում է ես-ի ձևավորմանը կամ իմպրովիզացիային նվիրված Վերածննդի տեքստերը, էմպատիայի մասին հետազոտությունները և այլն, հաստատելով ինտերդիսկուրսիվ կապեր գրականության և այլ դիսկուրսիվ ոլորտների միջև19:

«Նոր պատմականությանը» անգոյությունից փրկում է մշակույթային հիմնական հասկացությունները: Դա կարող է լինել «կանացին», որը անտեսվում էր Վերածննդի դարաշրջանում, «արականը», որ անտեսվում է ֆեմինիստ հետազոտողների կողմից, «տեսողական», որը անկարևոր է դիտվել մշակութային հետազոտողների և գրականագետների շատ սերունդների կողմից, և այլն: Այն ոչ այնքան պոզիտիվ է, որքան ձգտում է կասկածի տակ դնել ընդունված պատկերացումները:

Արդեն 1989 թ. Հարոլդ Արամ Վիզերը հրատարակում է Նոր պատմականություն/ The New Historicism անթոլոգիան, որի նախաբանում խմբագիրը նշում է նոր ուղղության հինգ սկզբունքները.

1. որ յուրաքանչյուր մարդկային արտահայտության գործողությունը ներառված է նյութական պրակտիկայի ցանցում.

2. որ ամեն մի քողազերծող, քննադատող և ընդիմադիր գործունեություն օգտագործում է այն եղանակները, որ նա դատապարտում է, և կարող է դառնալ այն պրակտիկայի զոհը, որ նա բացահայտում է.

3. գրական եւ ոչ գրական «տեքստերը» շրջանառվում են անքակտելի.

4. որ ոչ մի դիսկուրսի համար, լինի այն ստեղծագործական կամ արխիվային, հասանելի չէ ճշմարտությունը, ոչ էլ արտահայտում է մարդկային բնույթի փոփոխականությունը.

5. […], որ քննադատական մեթոդը և լեզուն, եթե պատշաճ կերպով են նկարագրում կապիտալիզմի մշակույթը, ներառված են այն տնտեսության մեջ, որը նկարագրում են21:

—————
18 Стивен Гринблатт. Формирование “я” в эпоху Ренессанса: от Мора до Шекспира. Опубликовано в журнале: «НЛО» 1999, №35/ http://magazines.russ.ru/nlo/1999/35/grinblat-pr.html. Greenblatt, Stephen (2005) [1980]. Renaissance Self-Fashioning: From More to Shakespeare. Chicago: University of Chicago Press. P. 4.
19 Стивен Гринблатт. Формирование “я” в эпоху Ренессанса: от Мора до Шекспира. Опубликовано в журнале: «НЛО» 1999, №35/ http://magazines.russ.ru/nlo/1999/35/grinblat-pr.html
20Հ. Արամ Վիզեր (H. Aram Veeser, 1950); անգլերենի պրոֆեսոր, հեղինակ «Էդվարդ Սայիդ. Քննադատության խարիզման» արժեքավոր հետազոտության և «Նոր պատմականություն», «Քննադատների խոստովանությունները» և այլ գրքերի խմբագիր: Նա գրել է The Nation և Z Magazine- ի համար: Նրա վերջին գիրքը՝ «Մեծագույն սերունդ» -ը հիմնված է գրականության տեսաբանների և խմբագիրների հարցազրույցների վրա: Իրեն համարում է Ստենլի Ֆիշերի աշակերտը: Հայկական թեմաներով բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
21Veeser, ed. The New Historicism, (Routledge, Chapman and Hall) 1989, “Introduction”, p. xi.

Բայց որոշակի մեթոդաբանություն Նոր պատմականությանը չունի, մեթոդաբանությունը ամեն անգամ բխում է հետազոտվող նյութից:

Նոր պատմականության գաղափարների տարածման համար մեծ նշանակություն ունեցավ Representations/ Պատկերացումներ հումանիտար հանդեսի հիմնադրումը 1983 թ.-ին: Հիմնադրման օրվանից նրա խմբագիրները Սթիվեն Գրինբլաթն է և Սվետլանա Ալփերսը22: Եթե Ս. Գրինբլաթը գրականագետ է, ապա Ս. Ալփերսը՝ արվեստաբան: Իսկ դա նշանակում է, որ Նոր պատմականությունը կարևոր նշանակություն ունի նաև արվեստի պատմության համար: Սվետլանա Ալփերսը իր «Նկարագրության արվեստը. Հոլանդական արվեստը 17-րդ դարում» գրքի նախաբանում գրում է. «Ինչպե՞ս … նայել հոլանդական արվեստին: Իմ պատասխանն այն էր, որ հարկավոր է այն դիտարկել հանգամանորեն: Սա արվեստի եւ գրականության ուսումնասիրության մեջ դարձել է ծանոթ ռազմավարություն: Դիմելով մանրամասներին, ես նկատի ունեմ դիտարկել արվեստը ոչ միայն որպես սոցիալական դրսևորում, այլև մոտենալ պատկերին, դիտարկելով նրանց տեղը, դերը և ներկայությունը ավելի լայն մշակութային համատեքստում»23:

Ս. Ալփերսի յուրօրինակ և հետաքրքիր հայեցակարգը այն է, որ, ըստ նրա,  մայրցամաքային արվեստը գիտեր երկու տրամագծորեն հակառակ ավանդույթներ`իտալական և հոլանդական: Իտալացիները «կարդում էին» նկարներ, փորձելով ճանաչել պատկերի այլաբանական, փիլիսոփայական կամ քաղաքական իմաստը: Հոլանդացիները, ընդհակառակը, պատկերներին նայում էին, ինչպես նայում էին քարտեզներին: Ըստ Ս. Ալփերսի, հոլանդական արվեստի վերլուծությունը անհնար է առանց հաշվի առնելու օպտիկական սարքերի՝ մանրադիտակի, ոսպնյակների և այլն պատմությունը: Այսպիսով, հոլանդական արվեստի համար կարևոր են ոչ միայն Ռեմբրանտը կամ Վերմեյերը, այլ նաև՝ Կեպլերը և Հյուգենսը:

Որպես պատմականացման կամ կոնտեքստուալացման մեկ այլ օրինակ կարելի է բերել Ռոբերտ Դառնթոնի «Գյուղացիները պատմում են հեքիաթներ. «Մայր սագի հեքիաթների» գաղտնի իմաստը» ակնարկը հրատարակված «Կատուների մեծ սպանդը և այլ դրվագներ ֆրանսիական մշակութի պատմությունից» գրքում24: Ներկայանալով  որպես պատմական գիտություններում մարդաբանական մոտեցման կողմնակից,  Դառնթոնը փորձում է մեկնաբանել 18-րդ դարի ֆրանսիական մշակույթի խորհրդանիշների իմաստը, ինչպես մարդաբանն է մեկնաբանում ազգագրական մշակույթների խորհրդանիշները:

Այդ ակնարկում հեղինակը փորձում է պատմականորեն դիտարկել հեքիաթները, վերականգնել կոնտեքստը: Նա ցույց է տալիս, որ III հանրապետության շրջանի գրառումները հնարավորություն են տալիս դատել, թե ինչպես են հեքիաթները պատմվել 18-րդ դարում, այնուհետև տալիս է Հին ռեժիմի ֆրանսիական գյուղացիների ամենօրյա կյանքի հակիճ, բայց ճշգրիտ նկարագրությունը: Հիմնական եզրակացությունը այն է, որ նրանք ապրում էին սովամահության եզրին:

Ռոբերտ Դարնթոնը այդպես է գործում: Սկզբում վերցնում է, ասենք, «Կարմիր գլխարկ» հեքիաթը և այն կարդում ձևական/կառուցվածքային մոտեցումների հիման վրա, ասենք՝ ըստ Վլադիմիր Պրոպպի: Նշում է վերլուծության սահմանափակությունը: Այնուհետև նա վերլուծում է այն հոգեվերլուծության տեսանկյունից, ըստ՝ Էրիխ Ֆրոմի և Բրունո Բետելհեյմի: Նա գրում է. «Ֆրոմը այս հեքիաթը դիտարկում է իբրև կոլեկտիվ անգիտակցականի մասին հանելուկ, որը նա «հեշտությամբ» լուծում է՝ վերծանելով «խորհրդանիշների լեզուն»: Ըստ Ֆրոմի, հեքիաթում խոսքը գնում է երտասարդ աղջկա հասուն սեռականության հետ հանդիպելու մասին: Նա ցույց է տալիս այս պատմության թաքնված իմաստը սիմվոլիզմի միջոցով, սակայն այն մանրամասները, որոնց մեջ վերլուծաբանը տեսնում է տեքստի իր տարբերակում որոշակի խորհրդանիշեր, բացակայում են այն տարբերակներում, որոնք հայտնի էին 17-րդ եւ 18-րդ դարերի ֆրանսիական գյուղացիներին:

Ինչպե՞ս կարող էր տեքստը այդքան սխալ հասկացվել: Եվ այստեղ խոսքը ոչ այնքան մասնագիտական դոգմատիզմի մասին է (հոգեվերլուծողները խորհրդանիշերը օգտագործում են գրեթե ավելի ազատ, քան՝ բանաստեղծները), այլ ժողովրդական հեքիաթների պատմականության ընկալման բացակայությունը25»։ Կրկին նշվում են վերլուծության սահմանափակումները և նույնիսկ՝  կամայականությունը:

Ըստ Ռ. Դառնթոնի, հեքիաթների դաժան աշխարհը, որը լի է վտանգներով, որտեղ ուտելիքը գոյության իմաստն է, իսկ սոված ծնողները երեխաներին վաճառում են մարդակերներին` գյուղացիական առօրյայի մի փոքր չափազանցված նկարագրությունն են: Հեքիաթները բոլորովին էլ մանկական գրականություն չէին վաղ մոդեռնի դարաշրջանում, այլ՝ չափահաս կենսափորձի խտացումը, որը ցույց էր տալիս, որ ո՛չ բարությունը, ո՛չ էլ այլ արժանիքները չեն երաշխավորում հաջողություն, որ թույլերի միակ ճանապարհը գոյատևելու այն հնարքներ են, որոնք թույլ են տալիս խաբել ուժեղին: Իրականում, հեքիաթները նվիրված են խաբեբայական հնարքներին որպես գոյատևման ռազմավարություն: Ֆրանսիական հասարակության կրթված շերտերի փորձի զգալի մասը նույնպես ծագում է հեքիաթների աշխարհից:

————————-
22Սվետլանա Ալփերս (Svetlana Leontief Alpers; 1936) – եվրոպական գեղանկարչության ամերիկացի պատմաբան, արվեստի տեսաբան: XVII դարի հոլանդական արվեստի մասնագետ, Ռեմբրանդտի և Ռուբենսի հիմնարար աշխատանքների հեղինակ, ինչպես նաև Վերմեյերի, Վելազկեսի, Տյեպոլոյի և այլոց մասին հոդվածների հեղինակ: Նա նաև հանդես է գալիս որպես տեսողական մշակույթի տեսաբան, այն հակադրելով իկոնոլոգիայի ֆորմալիստական մեթոդին:
23Svetlana Alpers. The Art of Describing: Dutch Art in the Seventeenth Century. Chicago: University of Chicago Press, 1983. Introduction, p. xxiv
24Дарнтон Роберт. Великое кошачье побоище и другие эпизоды из истории французской культуры. М.: Новое литературное обозрение, 2002
25Дарнтон Роберт. Великое кошачье побоище …Էջ 14-15

Ի՞նչ կարևորություն կարող է ունենալ Նոր պատմականությունը Հայաստանում: Ակնհայտ է, որ այն կարող է օգնել գրականության մասին գրողներին՝ գրականագետներին, քննադատներին խուսափել նաիվ կենսագրական կամ ֆորմալիստական մոտեցումներից: Հայ գրականագիտությունը այստեղ որոշակի ավանդություն ունի: Կարելի է հիշել Աշոտ Հովհաննիսյանի Նալբանդյանի մասին հետազոտությունը, որ արվել է XIX-րդ դարակեսի լայն համատեքստի ներգրավմամբ26: Կարելի է հիշել նաև Վաղարշակ Տեր Վահանյանին, ով փորձում էր մշակել մարքսիստական մոտեցում կենսագրությանը27:

Նոր պատմականությունը անհնար կլիներ, եթե 70-ականներին չմշակվեին նոր մոտեցումներ պատմության նկատմամբ: Առաջին հերթին դա Հեյդեն Ուայթի28 տրոպոլոգիան է և իտալական մանրապատմությունը29:

Հեյդեն Ուայթը 1973-ին հրատարակեց իր ամենահայտնի գիրքը՝ «Մետապատմություն: Պատմական երևակայությունը 19-րդ դարի Եվրոպայում»: Ուայթը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ պատմական ուսումնասիրությունը պարունակում է ոչ միայն պատմական փաստեր, այլև գրական հնարքներ, որին նախկինում գրեթե ուշադրություն չէր դարձնում: Հեյդեն Ուայթը նշեց որ պատմաբանները օգտագործում են չորս տեսակի տրոպեր՝ փոխաբերություններ, մետոնիմներ, սինեկդոխա և հեգնանք, փաստորեն ջնջելով պատմագրության և պատմավեպի միջև սահմանը: Այս գաղափարը կարևոր ազդեցություն ունեցավ Նոր պատմականության տեսաբանների վրա: Ավելորդ է, նշել, որ այդ գաղափարները էապես ազդել են Նոր պատմականության վրա:

Նոր պատմականությանը, ինչպես միկրոպատմությունը, ևս շեշադրում է «փոքր պատումների» նշանակությունը՝ համատեքստը վերականգնելու համար: Այստեղ անհնարին է չհիշել Սեպուհ Ասլանյանի30, ով իր հետազոտություններում վարպետորեն օգտագործում է այս մոտեցումը31:

Ինչո՞ւ է մանրապատմությունը կարևոր: Այն, փաստորեն, հետգաղութային հետազոտությունների հետ միասին, թույլ է տալիս պատմել կախյալ ազգերի կամ խմբերի մասին, որոնց անտեսում է շահագործողների փառաբանությամբ զբաղվող իմպերիալիստական կամ ազգայնական պատմաբանությունը: Ցավոք, այս հետազոտությունները Հայաստանում անտեսվում են, և ավելին, պատմական մեթոդաբանությունը հետընթաց է ապրում:

————————-
26Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի. Նալբանդյանը և նրա ժամանակը։ Գիրք 1-2: Եր. ։ Հայպետհրատ. – 1955 – Գիրք 1. – 600 էջ։ Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի.  Նալբանդյանը և նրա ժամանակը։ Գիրք 1-2: Եր. ։ Հայպետհրատ. – 1956. – Գիրք 2. – 616 էջ։
27Վաղարշակ Տեր Վահանյան (1893-1936) – կուսակցական գործիչ, տրոցկիստ: Քննադատ և գրականագետ, կենսագրական հետազոտությունների՝ Պլեխանով, Գերցեն, Բելինսկի, Խ. Աբովյան և այլն հեղինակ: Առաջին մոսկովյան դատական գործընթացի ամբաստանյալ:
28Հեյդեն Ուայթ (Hayden White, 1928-2018), ամերիկյան պատմաբան և գրականության քննադատ:
29
Միկրոպատմությունը/ մանրապատմությունը (Microhistory) պատմական գիտության ուղղություն է, որն ուսումնասիրում է փոքր տարածքները և համայնքները (քաղաք, գյուղ, առանձին ընտանիք) պատմությունը, հետազոտելով պատմության մեջ ավանդաբար անտեսվող «փոքր մարդու» առօրյան և մտածելակերպը: Միկրոպատմության հիմնադիներն են համարվում Կառլո Գինզբուրգը և Ջովաննի Լեվին:
30Սեպուհ Ասլանեանը զբաղվում է հայկական վաղ արդիականության պատմությամբ: 2007 թ. դոկտորական աստիճանը ստացել է Կոլումբիայի համալսարանից։ Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելոս) Ռիչարդ Յովհաննիսեանի անվան արդի հայոց պատմության ամբիոնի վարիչն է։
31
Հատկակապես՝ Սեպուհ Դաւիթ Ասլանեան. Միջցամաքամասային կենցաղ մը. Ֆրանսական արեւելա-հնդկական ընկերութեան տնօրէն Մարտիրոս Մարգարայ Աւագշէնցի համաշխարհային մանրապատմութիւնը (Global Microhistory) (1666-1688)/ Հանդես Ամսօրեայ. 2016. Համար 1-12. Էջ 147-272:

Չլինելով ակադեմիական պատմաբան՝ ես կհիմնվեմ պատմաբան Արա Սանջյանի հեղինակության վրա: Իր մի զեկուցման մեջ նա վերլուծում է ժամանակակից հայաստանյան պատմագրության բացթողումները. «Չնայած իր կարևորությանն ու արդիականությանը, դասագրքի առավելապես այս բաժինն է ցույց տալիս, որ պատմագրությունը Հայաստանում հիմնականում շարունակում է անհաղորդ մնալ միջազգային նորագույն տեսություններին ու մեթոդաբանությանը»։ Եվս մեկ հղում. «Եթե ամբողջ աշխարհում գնալով ավելի շատ տեղ են հատկացնում սոցիալական պատմությանը, ապա 2012 թ. դասագիրքը իր խորհրդային ժամանակաշրջանի նախատիպերի համեմատ զգալիորեն կրճատել է դրա մասին էջերը։ Ընդ որում, նույնիսկ այդ սոցիալական պատմության փոքրիկ մասը ներքնապես հակասական է։ Որոշ ժամանակաշրջաններ ներկայացված են, որոշները՝ ոչ՝ առանց որևէ բացատրության: Վերնախավի կյանքը վերլուծվում է որոշակի ժամանակաշրջանների դեպքում, իսկ միջին և ստորին դասերը միշտ լիովին անտեսվում են»32:

Վերջին հանգամանքը հատկապես մտահոգիչ է: Պատմաբանները հանդես են գալիս շահագործող դասակարգի տեսանկյունից, անտեսելով հասարակ խավի շահերը և տեսակետները: Հակառակը՝ Նոր պատմականությունը շեշտադրում է մարգինալ, ընդիմադիր դիսկուրսները և պրակտիկաները:

Նոր պատմականությունը, չնայած իր անգլո-ամերիկյան արմատների, կարող է մեծ նպաստ բերել Հայաստանի գրականագիտական և արվեստաբանական մտքին, նորովի իմաստավորելով պատմականության և պատմական կոնտեքստի խնդիրը:

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ, արվեստի քննադատ

————————-
32
ԵՊՀ Հայոց պատմության դասագիրքը՝ Արա Սանջյանի համեմատական վերլուծությամբ/ https://www.civilnet.am/news/2017/04/13/ԵՊՀ-Հայոց-պատմության-դասագիրքը՝-Արա-Սանջյանի-համեմատական-վերլուծությամբ/312642