Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը համարում է, որ վաղ է խոսել մսի շուկայում թանկացումների մասին, պետք է խուճապի չմատնվել և սպասել տարեվերջյան ամփոփումներին։
«Գյուղատնտեսությունը մի համակարգ է, որտեղ կա և անասնապահություն, և անասնաբուծություն, և ամփոփել, թե ինչպես է ազդում այս ճյուղերից մեկի անկումը գյուղատնտեսության վրա շատ վաղ է։ Շուկա է՝ ամեն ինչ էլ լինում է, պետք չէ խուճապի մատնվել այս թանկացումների պատճառով, շուկան է կարգավորում ամեն ինչ», – ասել է նա հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Չինովնիկի խոսքով, խոզի մսի թանկացումը կապված է միջազգային շուկայում դրա թանկացման հետ, ոչխարի մսի գնի աճը՝ այդ ապրանքի արտահանման հետ։ Տավարինը՝ Առաքելյանը թանկացում չի համարում. «100-150 դրամ ինչ թանկացում է, դա թանկացում չէ»:
Միևնույն ժամանակ նա պնդում է, որ նախարարությունը տիրապետում է իրավիճակին, «ուղղակի քայլերի գնալ չի ուզում, քանզի այս խնդիրները հիմնավորված չեն»:
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր սնդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացած տվյալները, ըստ որոնց` Հայաստանից սեպտեմբերին Իրաք է արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և Կատար՝ 5086 գլուխ մանր եղջերավոր։ «Այս քանակի արտահանումը արդեն իսկ ներքին շուկայում առաջացրել է մսի գնի թանկացում մոտ 8 տոկոսով։ Հաշվի առնելով արտահանման թվերի էական աճը՝ չի կարելի բացառել, որ թարմ միսը Հայաստանում կարող է ավելի թանկանալ», – գրել էր թերթը։
Ավելի վաղ թանկացումներին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մշակութաբան Վարդան Ջալոյանը․ «Թանկացումների պատճառը, որքան հասկանում եմ, ֆինանսականացումն է և արտաքին առևտրի արտահանման աճը: Ֆինանսականացումը. նախկինում գյուղացին անասուն էր պահում սեփական կարիքների համար և միսը վաճառում էր ըստ գնողականության: Դա շուկայական տնտեսություն չէր: Հիմա՝ ըստ շահութաբերության սկզբունքի: Գինը էժան էր գյուղացու ինքնաշահագործման շնորհիվ:
Նկատեմ, որ գյուղացին դեմ չէ ինքնաշահագործման, եթե այն փոխհատուցվում է այլ բարիքներով: Ինչ որ իմաստով սոցիալական բարտերային տնտեսություն:
Երկրորդ պատճառը. Հայաստանում մսի գինը էժան է շատ երկրների համեմատ, և այն արտահանվում է այդ երկրներ՝ մոտենալով եվրոպական գներին:
Երրորդ պատճառը. գներից շահույթ ստանում են ոչ թե արտադրողները, այլ մսի առևտուրը վերահսկող որոշ մերձիշխանական անհատներ: Դա իջեցնում է արտադրողների շահագրգռվածությունը և արտադրությունը կրճատվում է:
Բոլոր երեք գործոնները կառավարությունը հեշտությամբ կարող է վերահսկել և ողջ պատասխանատվությունը իր վրա է:
Չորրորդ՝ հիմնական պատճառը․ դա ոչ ոքի չի հետաքրքրում: Լրագրողները խղճալի ռեպորտաժներ են գրում գյուղերից, որ ապացուցեն իրենց սրտացավությունը: Քաղաքական գործիչները խոսում են համաշխարհային միտումներից, մտավորականները՝ մեր ժողովրդի ստեղծագործական հսկայական ներուժից»։