Կիևցի լրագրող Անդրեյ Կուլիկովը հարցազրույց է տվել Epress.am-ի երևանցի գործընկերներին, որոնք 2025 թվականի նոյեմբերին գործուղվել էին Ուկրաինա։ Տեսանյութը հայերեն ենթագրեր ունի։
— Մենք՝ որպես լրագրողներ, և մեր իշխանությունները թերանում ենք լսարանի հետ անկեղծ լինելու գործում։ Շատ բաներ կիսատ են ասվում։ Սկզբնական շրջանում վարվում էր պատրանքներ ստեղծելու քաղաքականություն՝ մոտակուտ հաղթանակի կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանի մոտալուտ պարտության մասին։ Այդպիսին էին խոսակցությունները նաև 2014 թվականին, երբ գրավում էին Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը։ Պոպուլյար վարկած կար՝ սա Ռուսական կայսրության անխուսափելի և արագ փլուզման սկիզբն է։ Ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչպես են չափում «արագը»։
***
Մարդկանց մի զգալի մասը երբեք չի սիրել նախագահ Զելենսկուն, կարծում եմ՝ ռուսներին հաջողվեց շիկացնել այդ տրամադրությունները։ Որոշ մարդիկ հակված են թե՛ մեր անհաջողությունները պատերազմում և թե՛ պատերազմն ինքնին կապել անձամբ Զելենսկու իշխանության հետ։
***
Առաջնագծից խաղաղ բնակչության տարհանման հարց կա։ Երբ հաղորդվում է, որ ինչ-որ գյուղում կամ ինչ-որ քաղաքում հիսուն մարդ է մնացել և նրանք հրաժարվում են հեռանալ, թեև գիտեն, որ ռուսները շուտով մտնելու են իրենց բնակավայր, շատերը նրանց վրա խարան են դնում անմիջապես, իբրև թե՝ ուրեմն սպասում էին ռուսներին, թշնամի են, թաքնված թշնամիներ։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է, և մարդիկ ամենատարբեր պատճառներն ունեն չհեռանալու համար։ Նույնն էր նաև 2014-ին, երբ օկուպացրեցին Ղրիմը, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մեծ մասը։ Շատերը չէին հեռանում, որովհետև այնտեղ մնացել էին իրենց գերեզմանները։ Մեկի դեպքում իրոք գերեզմաններն էին, մյուսի դեպքում՝ այգին, որը գոյատևման հիմնական աղբյուրն է, շատերը չէին կարող մենակ թողնել հիվանդ հորը կամ հիվանդ մորը։ Մենք սրա միջով արդեն անցել ենք, իբրև թե սովորել էինք հասկանալ, իսկ հիմա նոր տարափ է, և մասշտաբները շատ ավելի մեծ են, և որ ամենակարևորն է՝ կա տեսանելի հակառակորդ։ Եթե 2014 կամ 2015, 2016 թվականներին Ռուսաստանն ամեն կերպ թաքցնում էր իր մասնակցությունը, ապա հիմա չի էլ հերքում, և մեզ ավելի հեշտ է ասել՝ «Տեսեք, այնտեղ ռուսներին են սպասում»։
***
2022 թվականին կամավորները շատ էին, առաջնագծի ստորաբաժանումներում հիմնականում կամավորներ էին։ Հետո սկսվեց զորակոչը, որը նաև ուժային մեթոդներով է կազմակերպվում։ Տանում են նրանց, ովքեր ընդհանրապես չեն ուզում գնալ։ Եթե կամավորների ընտանիքները քիչ թե շատ պատրաստ էին նրան, որ իրենց ամուսինը, երբեմն նաև կինը, գնում է պատերազմ, մարդիկ, ում հարազատին բռնի են զորակոչել կամ ոչ բռնի, բայց հարկադիր կարգով, ավելի անհաշտ են դրա հետ։ Կարծում եմ, դուք դա շատ լավ հասկանում եք։
***
Անցում է կատարվել մեծ էնտուզիազմից, որը կար սկզբանական շրջանում, դեպի հնարավոր խաղաղության շուրջ ավելի կշռադատված քննարկումներ։ Խաղաղությունը քննարկվում է որպես ռազմական գործողությունների դադարեցում առկա սահմաններով, հիմիկվա առաջնագծով, թեև պաշտոնական և, ինչպես հարցումներն են հաստատում, ամենատարածված ցանկությունը 1991 թվականի սահմանների վերականգնումն է։ Ոմանք խոսում են 2022 թվականի շփման գծի մասին, բայց ռուսները նահանջել չեն պատրաստվում, իսկ մենք դեռ ուժ չունենք նրանց հետ մղելու։ Ուստի, ստեղծված իրավիճակում խոսքը հիմնականում առկա առաջնագծով պատերազմի դադարեցման մասին է։
***
Վերջին ժամանակներում սիմպտոմատիկ կերպով ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում Ֆինլանդիան և ֆիննական սցենարը։ Նախկինում այդ նախադեպը քննարկվում էր հիմնականում որպես հերոսության օրինակ՝ փոքր երկիրը, կրելով մեծ կորուստներ, երկար դիմադրել է մեծ երկրի ագրեսիային։ Հիմա խոսակցություններն այլ են։ Մի քանի ամիս առաջ «Ուկրաինսկայա պրավդա»-ում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Ֆինլանդիային հաջողվել է պահպանել անկախությունը Ռուսաստանի կողմից արդեն իսկ գրավված հողերից հրաժարվելու հաշվին։ Սա իսկապես սիմպտոմատիկ է։ Ֆիններն այն ժամանակ Խորհրդային Միության կողմից զավթված հողերից տարհանեցին իրենց բոլոր մարդկանց՝ շուրջ 480 հազար, եթե ճիշտ եմ հիշում։ Հիմա նաև Ղարաբաղի մասին են սկսում խոսել մարդկանց զանգվածային էվակուացիայի կոնտեքստում։ Ես ներկա եմ եղել մի այսպիսի իրավիճակի․ փորձագետներից մեկը, ում հետ մենք միանգամայն այլ թեմայից էինք խոսում՝ Ուկրաինայի և պատերազմի հնարավոր ավարտի մասին, ասաց․ «Կա Ադրբեջանի փորձը, որը հաղթել է պատերազմում, որում սկզբում պարտվում էր, դա լավ փորձ է», մյուս փորձագետը խիստ ընդդիմացավ. «Բայց դա նաև արտաքսման փորձ է՝ այնպիսի օրինակ, որի նմանը աշխարհում և հատկապես մեր հետխորհրդային տարածաշրջանում վաղուց չի եղել»։
***
Կամաց-կամաց մարդիկ սկսում են մեր ապագա քաղաքական կյանքում զինվորականների դերի հետ կապված մտավախություններ հայտնել։ «Պատերազմը կվերջանա, զինվորականները հետ կգան առաջնագծից, ի՞նչ են նրանք անելու»։ Պայքարելու են իշխանության համար։ Ոչ ոք չգիտի և չի կարող իմանալ, թե երբ է պատերազմն ավարտվելու, բայց մեզ այդ մասին մտածել է պետք արդեն հիմա։ Երևի Կիևում տեսել եք քարոզչական պաստառներ՝ Ազովի, 3-րդ գրոհայինի և այլ ստորաբաժանումների։ Սկզբում ինձ թվում էր, որ դրանք նոր կամավորների ներգրավվելու, մոբիլիզացիա ապահովելու, մարտական ոգին բարձրացնելու նպատակ ունեն։ Գնալով [այդ քարոզչությունը] միայն ընդարձակվում է, և եթե առաջ միայն սիթիլայթերին էին, ապա հիմա՝ նաև շենքերի վրա։ «Ազովի» ահռելի պաստառներըը․․․ Դրանք արդեն այլ կերպ են հասկացվում։ Երևի որպես ակտիվ քաղաքական մասնակցություն։
***
— Ապացույցներ կա՞ն, որ Զելենսկին ուղիղ կապ է ունեցել մեծ կոռուպցիայի հետ։
— Ապացույցներ, որ այդ փողերն ուղղակիորեն գնացել են Զելենսկուն, չկան, համենայն դեպս դե՛ռ չկան։
***
— Լեզվի հարցը շատ է քննարկվում մեդիաներում և սոցիալական ցանցերում՝ երբեմն կատաղի կերպով։ Եթե ճիշտ եմ հասկանում, կենցաղում, սովորական կյանքում, խրամատներում մարդիկ ավելի լավ են ընդհանուր լեզու գտնում։ Նման բան կա՞, թե՞ զուտ տպավորություն է։
— Ես միանգամայն հստակ գիտեմ և կարծում եմ, որ այդ մասին պետք չէ մոռանալ՝ ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը կայսերական իշխանության կողմից օգտագործվել են ուկրաինական մշակույթը ճնշելու համար։ Նաև Բելառուսն է ծանոթ դրան և այլն, և այլն։ Բայց մարդն իրավունք ունի խոսել այն լեզվով, որով իրեն դաստիարակել են։ Տասնամյակներով ձևավորված սովորություններ կան։ Այն, որ իմ հայրենակիցներից շատերը մինչև 2014 թվականը, ոմանք՝ մինչև 2022 թվականը, կարիք չեն զգացել ուկրաիներեն խոսելու՝ ես կարող եմ ափսոսալ, որ այդպես է եղել, բայց չեմ կարող մեղադրել։ Շատ ուկրաինացի զինվորականներ ռուսերեն են խոսում։ Մարդը 45-50 տարեկան է, գանցել է պատերազմ՝ Ուկրաինան պաշտպանելու, իր կյանքը, իր ապագան վտանգի ենթարկելու․ «Слава Україні»-ն ու «Слава Украине»-ն գրեթե նույն ձև են հնչում։ Չեմ կարծում, որ լեզվի հարցը պետք է թողնել լուսավոր ապագային, բայց դա մեր գոյության գլխավոր հարցը սարքել պետք չէ։
***
— Դուք խոսում էիք ռուսական պրոպագանդայի հաջողությունների մասին։ Մի քանի կարևոր կետեր կնշե՞ք։ Ի՞նչն է նրանց մոտ ստացվել։
— Նաև այն մարդկանց շրջանում, ում հետ ես վաղուց եմ ծանոթ՝ եթե ոչ ընկերական, առնվազն մտերիմ կամ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, կա այսպիսի պատկերացում․ «Եթե չդիմադրեինք, գուցե սա ավարտվեր արդեն, խաղաղ բնակիչներ չսպանվեին, հոսանքի անջատումներ չլինեին», «այն տառապանքները, որ կրում են նույնիսկ առաջնագծից հեռու ապրող մարդիկ … պետք չէր կռվել Ռուսաստանի հետ»,«այդ դեպքում ամեն ինչ կամ գոնե շատ բան ավելի լավ կլիներ»։ Սա է պրոպագանդայի հաջողությունը։ Նման բան կա նաև արտասահմանյան գործընկերներիս մոտ՝ <․․․> «եթե իրենք չդիմադրեին, այս ամենը չէր պատահի»։
Epress.am Լուրեր Հայաստանից