Դատախազությունը վերջապես քննում է Արարատյան արտեզյան ավազանը սպառելու հարցով բնապահպանների կողմից 2015-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։ Մեղադրանք է առաջադրվել ոչ թե Բնապահպանության նախկին նախարարներ Արամ Հարությունյանին կամ Վարդան Այվազյանին, ովքեր թույլատրելիից մոտ 1,6 անգամ ավել ջրառի լիցենզիաներ են տվել 2003-2013-ին և ցամաքման եզրին հասցրել Արարատյան դաշտը, այլ մեկ մասնավոր անձի՝ մասիսցի ձկնաբույծ Կամո Համբարձումյանին, որը մահացել է երկու տարի առաջ։
2003-ին Համբարձումյանի ջրօգտագործման ժամկետը լրացել էր, բայց ջրի հորը չէր փակել, քանի որ Ջրային կոմիտեն այն փակելու համար պահանջում էր 4 միլիոն դրամ, Epress.am-ին պատմել է Համբարձումյանի փաստաբան Դավիդ Դավիդյանը։
Չորս միլիոնը ի վերջո բռնագանձվել է, գործը՝ փակվել։ «Տաս տարի է անցել, ևս 5 միլիոն նա չի կարող վճարել, քանի որ մահացել է», – ասել է փաստաբանը։
Համբարձումյանի դեմ գործը վերաբացելու պատրվակ է հանդիսացել բնապահպան Լևոն Գալսյանի բողոքը նախկին նախարարների դեմ։ Գալստյանը և այլ բնապահպաններ 2015-ին, ապա 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, դիմել են Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե, բացահայտելու՝ ինչու են 2008-2013թթ. ընթացքում պաշտոնյաները շուրջ 7 հարյուր միլիոն խորանարդ մետրով թույլատրելիից ավել ջրառի լիցենզիաներ տվել, մեծ մասամբ՝ ձկնաբուծարաններին։
Ըստ հաղորդման, պաշտոնյաները փոխկապակցված են եղել ձկնաբուծական բիզնեսի հետ։ Կոռուպցիոն շղթաները ուսումնասիրելու փոխարեն, սակայն, Դատախազությունը վերաբացել է 18 անհատ ջրօգտագործողների դեմ նախկինում փակված, ժամկետանց գործերը, այդ թվում՝ Կամո Համբարձումյանի գործը։
Դրա շրջանակներում Արարատի մարզի դատարանի Մասիսի նստավայր էր կանչվել բնապահպան Լևոն Գալստյանը։ Դեկտեմբերի 3-ի նիստին դատարանը նրան ուզում էր ներգրավվել ոչ միայն որպես վկա, այլև տուժող։
Գալստյանը հրաժարվեց մասնակցել. «Ես այս մարդու մասին առաջին անգամ եմ լսում։ Ոչինչ չգիտեմ և չեմ կարող հայտնել։ Իմ հայցը վերաբերել է պաշտոնյաներին»։
Նիստից հետո Գալստյանը Epress.am-ին պատմեց, որ իրեն անծանոթ գործերի մեջ են փորձում ներքաշել 2020-ից ի վեր։
«Ինձ կանչեցին Արարատի Քննչական, տվեցին թղթեր, որ ես ծանոթանամ, թե տարբեր մարդկանց ինչքան են որոշել տուգանել, մեկին՝ հինգ միլիոն, մեկին՝ տաս և այլն։ Բայց ես պաշտոնյաների դեմ եմ հաղորդում տվել։ Օրինակ՝ Արամ Հարությունյանի, ով հիմա փախած է Հայաստանից՝ Սիլվա Համբարձումյանից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու գործով։ Օրինակ՝ նախարարության մեկ այլ պաշտոնյայի, ով ստորագրել է ջրօգտագործման թույլտվությունները։ Նա էլ հիմա աշխատում է որպես անկախ էքսպերտ։ Կամ Վարդան Այվազյանի, ով անցնում է ապօրինի գույք ձեռք բերելու գործով։ Գործը մասնատել են և բարդել անհատ ջրօգտագործողների վրա՝ ձկնաբույծ, գործարան, գյուղացի ոռոգող։ Բայց հարցը համակարգն է։ Պաշտոնական անձիք են եղել այդ ջուր վերցրած ձգնաբուծարանների սեփականատերերը՝ իրական կամ թաքնված», – ասել է նա։
Նշենք, որ 2012-2015-ին անցկացված միջազգային ուսումնասիրությունները պարզել են, որ ագրեսիվ ջրառի պատճառով Արարատում արտեզյան ճնշումային շերտը կրճատվել է 2 անգամ, գրունտային ջրերի մակարդակը իջել է մինչև 17 մետր, Այղր լիճը չորացել է, Մեծամոր գետի ելքը կրճատվել է 10-12 անգամ, 2016թ․ դրությամբ Արտեզյան ավազանի ջրային պաշարների կրճատվել է 170 միլիոն խմ-ով։
Epress.am Լուրեր Հայաստանից