Ուրբաթ գիշերը ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում և երեք նահանգներում։ Հարյուրավոր զինվորներ ներխուժել են Վենեսուելայի նախագահի նստավայր և գերեվարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին դատելու են Նյու Յորքում։
Ամերիկյան զորքերը թիրախավորվել են նավահանգիստներ, վարչական և ռազմական օբյեկտներ, օդանավակայաններ։ Քաղաքացիական օբյեկտներից ոչնչացվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի գերեզման-հուշահամալիրը։
Մադուրոյի առևանգումից հետո Դոնալդ Թրամփը հայտարել է, որ ԱՄՆ-ն է ղեկավարելու Վենեսուելան՝ զորքով։ Ամերիկան մտադիր է իրենով անել նաև Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները։
«Մենք հողի տակից հանելու ենք հսկայական ծավալի հարստություն և այդ հարստությունը տրվելու է Վենեսուելայի ժողովրդին <․․․> այն գնալու է նաև ԱՄՆ-ին՝ որպես փոխհատուցում մեզ պատճառած վնասների համար», — ասել է Թրամփը:
Վենեսուելան իր նավթային արդյունաբերությունը ազգայնացրել էր 1976-ին։ Ստեղծվել էր Petróleos de Venezuela պետական ընկերությունը, որը վերցրել էր հանքերի կառավարումը մինչ այդ շահագործողներից՝ ամերիկյան և բրիտանական ընկերություններից։
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պատասխանել է Թրամփին տեսաուղերձով. «Վենեսուելան այլևս երբեք չի դառնա մեկ այլ կայսրության գաղութ <․․․> Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը և նրա բնական պաշարները»։
Թրամփը Մադուրոյի դեմ սկսել է պայքարել դեռ իր նախորդ նախագահության շրջանում։ «Ամեն տեղ, որտեղ սոցիալիզմ է եղել, ստացվել է տառապանք, կոռուպցիա և փտում։ Բոլորը պետք է պայքարեն սոցիալիզմի դեմ։ Ես խնդրում եմ բոլոր երկրներին միանալ և վերականգնել ժողովրդավարությունը Վենեսուելայում։ Մենք հավելյալ պատժամիջոցներ ենք սահմանում Մադուրոյի ռեպրեսիվ ռեժիմի նկատմամբ», — 2018-ին հայտարարում էր Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում։
Միացյալ Նահանգներում Վենեսուելայի նախագահի նկատմամբ քրեական գործ էին հարուցել 2020 թվականին։ Նրան մեղադրում էին կոկայինի և զենքի թրաֆիքինգի հոդվածով։
Իր երկրորդ պաշտոնավարման ամենասկզբից Թրամփը ուշադրությունը նորից կենտրոնացրել է Վենեսուելայի վրա։ Բանագնաց Ռիչարդ Գրենելին գործուղելով Վենեսեուելա՝ Թրամփը հանձնարարել է բանակցել, որ ամերիկյան նավթարդյունահանող ընկերությունները վերադառնան Վենեսուելա։ Խոսվում էր նաև ուղիղ չվերթների մասին, որոնք, ըստ ամերիկյան կողմի, պիտի հայրենիք վերադարձնեին Վենեսուելայից փախածներին։
Մադուրոն համաձայնել էր ազատել ամերիկացի քաղբանտարկյալներին, ընդունել ԱՄՆ-ից արտաքսված վենեսուելացի միգրանտներին, պատրաստակամություն էր հայտնել ընդունել ամերիկյան ընկերություններին։ Հուլիսին, սակայն, ԱՄՆ-ն դադարեցրել է բանակցությունները Վենեսուելայի նախագահի հետ։ Մադուրոյին նոր մեղադրանք են առաջադրել. այժմ նրան մեղսագրում են Արևների կարտել (Cartel de los Soles) կազմակերպության ղեկավարումը։ Ապացույցներ չեն ներկայացվել: Կազմակերպությունը հայտարարվել է տեռորիստական և Մադուրոյի ձերբակալությանն օժանդակելու համար ԱՄՆ-ն խոստացել է 50 միլիոն դոլար պարգևավճար։
Օգոստոսին Պենտագոնը սկսել է նավատորմ, ռազմական օդանավեր և զինվորներ տեղակայել Կարիբյան ավազանում՝ Վենեուսելայի ափերի մոտ։
Սեպտեմբերին ամերիկյան ուժերը հարձակվել են առաջին վենեսուելական նավի վրա՝ չեզոք ծովային տարածքում։ Մադուրոն նորից հայտարարել է, որ կապ չունի թմրանյութերի առևտրի հետ, և եթե նավը թրմանյութեր էր տեղափոխում, ապա ինչո՞ւ են բոլոր նավաստիները սպանվել։
Մադուրոն կրկին հայտարարել է՝ ԱՄՆ-ի իրական նպատակը Վենեսուելայի հարուստ նավթային ռեսուրսներին տիրանալն է, թմրանյութերի դեմ պայքարը հերթական պատրվակն է զուտ:
Մինչև դեկտեմբեր ևս 34 վենեսուելական բեռնատար նավեր են հարձակման ենթակրվել, 115 նավաստիներ սպանվել են ԱՄՆ զորքերի կողմից։
Դեկտեմբերին ԱՄՆ-ն սկսել է հարձակումներն արդեն Վենեսուելայից նավթ արտահանող նավերի վրա։
Վենեսուելան նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն է, ըստ գնահատումների՝ 300 միլիարդ բարել։ Նրա ՀՆԱ-ն գրեթե ամբողջությամբ կախված է նավթի վաճառքից։
Դեկտեմբերի 11-ին ամերիկյան ուժերը գրավել են դեպի Կուբա գնացող նավը, որը տանում էր մոտ երկու միլիոն բարել վենեսուելական նավթ։ Մադուրոն և նրանից առաջ Ուգո Չավեսը տարիներ շարունակ Կուբային նավթային սուբսիդիաներ էին տալիս։ Փոխարենը Կուբան Վենեսուելա էր ուղարկում բժիշկներ, ուսուցիչներ և անվտանգության աշխատողներ։
Կուբան դատապարտել էր նավթի առևանգումը՝ դա անվանելով ծովահենություն և ծովային տեռորիզմ. «Վենեսուելան ունի լեգիտիմ իրավունք իր բնական ռեսուսրները տնօրինել և վաճառել այլ երկրների, այդ թվում՝ Կուբային»։ Ըստ ամերիկյան աղբյուրների, նավը իրականում Կուբայում չէր դատարկելու ողջ պաշարը, այլ ուղևորվու էր դեպի Չինաստան, որի հետ Վենեսուելան ակտիվ առևտուր է անում հատկապես վերջին տարիներին։
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ զորքը գրավել էր ևս մեկ վենեսուեալական նավթ տեղափոխող նավ։ Պանամական նավը 1.8 միլիոն բարել նավթ էր տանում Մալազիա։
Նիկոլաս Մադուրոն նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ Ուգո Չավեսի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ և նա կոչ է արել քվարկել Մադուրոյի օգտին։
Չավեսի հեղինակության շնորհիվ Մադուրոն ստացել է ձայների 50,6%-ը։ Նիկոլաս Մադուրոն տիպիկ քաղաքական գործիչ չէր. նա չէր պատկանում հին էլիտային և նույնիսկ համալսարանական կրթություն չուներ։ Երիտասարդ տարիներին Մադուրոն Կարակասում աշխատել է որպես ավտոբուսի վարորդ և եղել է տրանսպորտային արհմիության ակտիվիստ։
2014-ից Մադուրոյի կառավարության դեմ սկսվել են ցույցեր։ Ընդդիմությունը հաղթել է 2015-ի ընտրություններում, սակայն Սահմանադրական դատարանը չճանաչեց արդյունքները, սկսվել է քաղաքական ճգնաժամ։ Հաջորդող տարիներին Մադուրոն ուժեղացրել է ռեպրեսիաները ցուցարարների հանդեպ։
Epress.am Լուրեր Հայաստանից