Home / Համայնքներ / Վեդիի ԲԿ-ի տնօրենը հիվանդանոցի փողերը կրվել է կազինոյում

Վեդիի ԲԿ-ի տնօրենը հիվանդանոցի փողերը կրվել է կազինոյում

 

Վեդիի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի փողերը կրվել է կազինոյում։ Լրատվականները գրում են մոտ 140 միլիոն դրամի մասին, Գրիգորյանն անձամբ «չի հիշում», թե կոնկրետ որքան գումար է կորցրել։

Պարտության մասին նա առաջինը հայտնել է Գլխավոր դատախազին, հետո ազատման դիմում է գրել հիվանդանոցի տնօրենի պաշտոնից և վայր դրել Վեդիի ավագանու մանդատը, որը ստացել էր 2022 թվականին որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Վստահված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17-ին: Մինչև այժմ, սակայն, մեղադրյալ չկա, Գրիգորյանը կարգավիճակ չունի: «Շուտով կունենամ», – լրագրողներին վստահեցրել է նա։

Արամայիս Գրիգորյանը բժշկական կենտրոնի տնօրեն է դարձել 2019-ին։ Նրան նշանակել է այն ժամանակվա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը հիմա Վեդիի համայնքապետն է: Սարգսյանը միջադեպը չի մեկնաբանել՝ պատճառաբանությամբ, որ Գրիգորյանի հետ ընկերական և մտերիմ հարաբերություններ ունի։

Գրիգորյանն ընդունում է իր մեղքը։ «Խնդիրներ ունեմ ինքս իմ հետ։ ․․․ինքս իմ գլխին փորձանք եմ բերել։ ․․․Շատ ցավում եմ, բայց իրականությունը դա է», – ասել է նա լրագրող Սյուզի Բադոյանին։ Ըստ նրա՝ Գարիկ Սարգսյանը և կուսակցական մյուս ընկերները տեղի ունեցածի հետ կապ չունեն։

Բժշկական կենտրոնը նախորդ տարի է անցել Առողջապահության նախարարությանը, մինչև այդ գործել է մարզպետարանի ենթակայության տակ: Գրիգորյանը վստահեցնում է՝ նախկինում բյուջեն անձնական նպատակներով չի օգտագործել, իսկ կազինոներով տարվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Օնլայն կազինոների, բուքմեյքերական ընկերությունների և շահումով խաղերի շահույթը գրեթե երկու անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Այս հարցը Ազգային ժողովը քննարկում է դեռ 2019-ից։ Մի շարք սահմանափակումներ են մտցվել թե՛ բուքմեյքերական ընկերությունների, թե՛ խաղացողների համար։ Մասնավորապես, արգելվել է գրասենյակներով գործունեություն ծավալելու հնարավորությունը, խաղերն ամբողջությամբ տեղափոխվել են առցանց հարթակներ։ 2022-ին արգելվել է բուքմեյքերական գործունեության գովազդը։ 2025-ին բարձրացվել են նաև օնլայն կազինոների հարկերը։ Նույնիսկ այս սահմանափակումների պարագայում պատկերը չի փոխվել։

2022-ին այն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, այժմ Էկանոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ բուքմեյքերական գրասենյակների «թակարդն» են ընկնում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ։ Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ միայն աղքատներն են կազինոների զոհը դառնում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ղումարբազության մեջ մեղադրում են 2013-ից։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 2013 թվականին ԵԽԽՎ նիստի ընթացքում Սարգսյանին հարցրել էր՝ «Ճիշտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է վճարել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»: Նույն մեղադրանքը Սարգսյանի հասցեին հնչեցնում էին Նիկոլ Փաշինյանը և Խաչատուր Սուքիասյանը (Գռզո)։ 2021 թվականին Քննչական կոմիտեում գործ էր հարուցվել Սարգսյանի՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք թռիչքների փաստով։ Գործը կարճվել է։ Դատախազությունը դեպի Բադեն-Բադեն պարբերական թռիչքների մեջ «քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի հատկանիշներ» չի գտել։

Կազինոյում կրվելու համար մեղադրվել է նաև 2009-2018 թվականներին «Համահայկական» հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Նա հիմնադրամին պատկանող մոտ 300 մլն. դրամը կորցրել է Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատանը և մի շարք օնլայն կազինոներում։ Հակակոռուպցիոն դատարանը 2025-ին մեղադրական եզրակացություն է կայացրել, Վարդանյանը դատապարվել է 7 տարվա կալանքի, ինչպես նաև վնասը փոխհատուցելու որոշում է եղել։ Նա դատարանի եզրակացությունը բողոքարկել է Վերաքննիչում, գործը դեռ ընթացքի մեջ է։