Չ-քաղաքականացնել
Կինոյով զբաղվող մարդիկ պիտի հեռու մնան քաղաքականությունից՝ Բեռլինալեի բացմանը նախորդող ասուլիսին ասում էր ժյուրիի նախագահ Վիմ Վենդերսը, որին լրագրողները հարցեր էին տալիս Պաղեստինի մասին։ Կինոյով զբաղվող հարյուրից ավել մարդիկ Վենդերսի հայտարարությանն արձագանքեցին բաց նամակով․ ապաքաղաքականության հետևում թաքնվելու փոխարեն նրանք պահանջում էին Բեռլինալեից միանշանակ դիրքորոշում հայտնել պաղեստինցիների ցեղասպանության դեմ (ինչպես դա արվել է այլ հակամարտությունների՝ օրինակ, Ուկրաինայի պարագայում) և դադարեցնել Իսրայելին ամեն կերպ պաշտպանելու քաղաքականությունը։ Բաց նամակին միացել էին Թիլդա Սուինթոնը, Խավիեր Բարդեմը, Քեն Լոուչը և Նան Գոլդինը։ Բեռլինի կինոփառատոնը հովանավորվում է Գերմանիայի կառավարության կողմից, որն աջակցում է Իսրայելին։ Փառատոնի լռությունը քննադատները մեկնաբանում էին որպես պետական գրաքննության հետևանք։ Պաղեստինի հարցը դեռ բարձրացվելու էր Բեռլինալեի ցուցադրությունների և ընթացիկ ասուլիսների ժամանակ, և արձագանքը լինելու էր նույնը՝ ծափահարություններ ի աջակցություն Գազայի, վանկարկումներ ընդդեմ ծափահարողների, չքաղաքականացնելու «նեյտրալ» կոչեր։

Բեռլինալե 76-ի միջազգային ժյուրին, Վիմ Վենդերսը՝ ձախից 4-րդը / 2026
Բեռլինալեն կես դար շարունակ եղել է մեծ կինոփառատոններից ամենաքաղաքականացվածը․ ապաքաղաքական կինոարվեստին ապավինելու փորձերը տարօրինակ են նույնիսկ ներքին ավանդույթի տեսանկյունից։ Կարելի է հիշել 1970 թվականը։ Մրցույթում ընդգրկված էր Միխայել Ֆերհյովենի «О. К.» ֆիլմը, որը վերարտադրում էր Վիետնամական պատերազմից մի դրվագ՝ 1966 թիվ, ամերիկացի չորս զինվորականներ առևանգում, բռնաբարում և սպանում են վիետնամցի մի աղջկա: Միջազգային ժյուրին, որը գլխավորում էր ամերիկացի ռեժիսոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Ջորջ Սթիվենսը, պահանջեց «հակաամերիկյան» ֆիլմը հանել մրցույթի ծրագրից։ Ժյուրիի անդամ, հարավսլավացի ռեժիսոր Դուշան Մակավեևը դեմ էր այդ որոշմանը։ Փառատոնի տնօրեն Ալֆրեդ Բաուերը (որի մասին մի առանձին տեքստ կարելի է գրել) հրաժարվեց կատարել ժյուրիի պահանջը:

Բեռլինալե 20-ի միջազգային ժյուրին, Ալֆրեդ Բաուերը՝ ձախից, Ջորջ Սթիվենսը՝ կենտրոնում / 1970
Կոնֆլիկտը Սթիվենսի ու Բեռլինալեի միջև շարունակեց խորանալ, ռեժիսորներից շատերը՝ գրաքննության դեմ բողոքելով, հեռացրեցին իրենց ֆիլմերը մրցույթից, ժյուրին ինքնալուծարվեց, փառատոնն ընդհատվեց, և տնօրինությունը ստիպված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել։ Բեռլինալեի ապագան կախված էր օդում։ Ճգնաժամն ի վերջո բերեց փառատոնի մոդեռնիզացման, Բեռլինալեի շրջանակներում ստեղծվեց նոր սեկցիա՝ «Ֆորում», որը մինչև հիմա մնում է ամենաէքսպերիմենտալ և նորարարական ֆիլմերի հանգրվանը։
Շրջանը փակվեց
2025-ին Բեռլինի կինոփառատոնի նոր անձնակազմը՝ ամերիկացի տնօրեն Թրիշա Թաթլի ղեկավարությամբ, մի քանի նոր գաղափար ներմուծեց: Օրինակ, չեղարկվեց «չափից դուրս սինեֆիլական» Encounters ծրագիրը, փոխարենը ստեղծվեց Perspectives-ը՝ կազմված դեբյուտային լիամետրաժ ֆիլմերից: Նախկինում էլ փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկվում էին բազմաթիվ «առաջնեկ» աշխատանքներ և կար հատուկ ժյուրի, որը միջծրագրային մրցանակ էր հանձնում լավագույն դեբյուտի համար: Դեբյուտներից առանձին ծրագիր կազմելու նպատակահարմարությունն, այսպիսով, հարցականի տակ է մնում, և արդեն երկրորդ տարին է, ինչ Պերսպեկտիվներում ընդգրկված ֆիլմերը մեծ հույսեր չեն ներշնչում հեղինակների հեռանկարների վերաբերյալ:
Այս տարվա հաղթողը՝ Աբդալլահ Ալ Խաթիբի «Պաշարման քրոնիկոններ» (Chronicles from the Siege) ֆիլմը, պատկերում է կենցաղն ու առօրեկանությունը Գազայում տիրող անմարդկային պայմաններում: Ֆիլմը կազմված է ժանրային ու ինտոնացիոն տարբեր երանգավորումներ ունեցող մի քանի էպիզոդներից. մարդիկ կռիվ են անում մի հատիկ սիգարետի համար; սիրեցյալները ոչ մի կերպ չեն կարողանում սեքսով զբաղվել՝ անընդհատ մի բան խանգարում է; ընկերների խումբը հայտնվում է լքված «պռակատնոցում»՝ մրսած են, բայց ափսոսում են վառել մանկության վիդեոկասետները:
Տպավորություն կա, որ Ալ Խաթիբի մի տեսակ «ուսանողական» ֆիլմի հաղթանակը պայմանավորված է քաղաքական մոտիվներով և ընդհանուր ծրագրի թուլությամբ: Քրոնիկոնները, ի տարբերություն պաղեստինյան շատ այլ ֆիլմերի, դժվար թե շարունակեն փառատոնային հաղթարշավը: Ֆիլմը չունի կինեմատոգրաֆիստական առաքինություններ կամ նույնիսկ պրոպագանդիստական ներուժ, զուրկ է «Չկա այլ հող»-ի վլոգային ուղղագծությունից և ճշմարտացիությունից կամ «Հինդ Ռաջաբի ձայն»-ի արհեստավարժությունից և զգացմունքայնությունից:

Աբդալլահ Ալ Խաթիբը մրցանակաբաշխության ժամանակ
Մրցանակաբաշխության ժամանակ ռեժիսոր Աբդալլահ Ալ Խաթիբը բեմ բարձրացավ քեֆիյեով, ազգային դրոշով, տեքստ կարդաց Պաղեստինում ցեղասպանության մասին. «Մենք հիշելու ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած էին մեր կողքին, բայց և հիշելու ենք նրանց, ովքեր կանգնել էին մեր և մեր արժանապատիվ ապրելու իրավունքի դեմ, հիշելու ենք նաև նրանց, ովքեր նախընտրեցին լռել»: Նա դիմեց Գերմանիայի իշխանություններին. «Դուք Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության աջակիցն եք»: Հնչեցին ծափահարություններ և անեծքներ։ Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարը լքեց տարածքը: Ելույթն ավարտվեց, հանդիսավոր արարողությունը հաղորդավարի մեղմ ու դիպլոմատիկ կարգադրությունների ներքո թևակոխեց հաջորդ փուլ:
Արդեն փառատոնի ավարտից հետո խոսակցություններ էին պտտվում տնօրեն Թրիշա Թաթլի հնարավոր հեռացման մասին։ Ասում էին՝ Գերմանիայի մշակույթի նախարարությունում շատ զայրացած են, նախարար Վոլֆրամ Վայմերը մեղադրում է Թաթլին փառատոնը «պրոպաղեստինական քարոզի հարթակ դարձնելու» և «Պաշարման քրոնիկոնների» անձնակազմի հետ լուսանկարվելու համար:

լուսանկար «Պաշարման քրոնիկոններ» ֆիլմի անձնակազմի հետ
Բաց նամակ գրելու հերթն ի վերջո հասավ գերմանական կինոակադեմիայի անդամներին։ Պաշտոնյաներից նրանք պահանջում էին «երաշխավորել և հարգել Բեռլինալեի անկախությունը»․ «Մշակույթը չպետք է դառնա քաղաքական վեճերի խաղաքարտ: Պետական միջամտության փորձերը վտանգավոր ազդանշան են»։ Թաթլին և Բեռլինալեին աջակցող ստորագրահավաքին մասնակցում էին հարյուրավոր կինոգործիչներ։ Բաց նամակին այս անգամ միացել էր ոչ միայն Թիլդա Սուինթոնը, այլ նաև Վիմ Վենդերսը։ Շրջանը փակվեց:
Հիմնական մրցույթ, հաղթող ֆիլմեր
Լավագույն ռեժիսոր ճանաչված Գրանտ Գին նախկինում վավերագրականներ էր նկարում հայտնի ռոք խմբերի մասին՝ Radiohead, Joy Division, Gorillas: «Բոլորը սիրում են Բիլ Էվանսին»-ը նրա առաջին խաղարկային ֆիլմ է։ Սյուժեն կառուցված է ջազմեն Էվանսի կյանքից որոշ դրվագների շուրջ: Տասնամյակից տասնամյակ թռնելով՝ Գին կիրառում է տարբեր ֆորմատներ։ Սևուսպիտակ 60-ականները, վառ թթվային 70-ականները՝ ոճային հնարքներն ինչ-որ տեղ քողարկում են ֆիլմի անկենդանությունը, որը հանգավորվում է մելամաղձոտ թմրամոլ հերոսի ներքին դատարկության հետ:

Բոլորը սիրում են Բիլ Էվանսին / սքրինշոթ ֆիլմից
Սցենարական արծաթե արջը հանձնվեց «Նինա-Ռոզա» ֆիլմի հեղինակ Ժենևյև Դյուլյուդ Դե Սելլին: Տունդարձի տիպային պատմություն է։ Արվեստաբան Միխայիլը լքել է հայրենի Բուլղարիան 1990-ականներին՝ կնոջ մահվանից հետո, և Մոնրեալում միայնակ մեծացրել դստերը՝ Ռոզային։ Տարիներ անց մի հավաքորդ հանձնարարում է նրան հաստատել բուլղարական գյուղում ապրող ութամյա հրաշամանուկ նկարչուհու՝ Նինայի աշխատանքների իսկությունը։ Գործի բերումով նա վերադառնում է հայրենիք, վերադարձը թաքնված զգացմունքներ է արթնացնում և հաշտեցնում հերոսին սեփական անցյալի ուրվականների հետ:
Մրցույթում ընդգրված միակ վավերագրական ֆիլմը՝ Աննա Ֆիթչի և Բենքեր Ուայթի «Յո»-ն, պարգևատրվեց բացառիկ ստեղծագործական նվաճումների համար: Աննան պատմում է իր արտասովոր ընկերության մասին․ 24 տարեկանում ծանոթացել և մտերմացել է 73-ամյա Յոյի հետ: Ընկերուհու մահից հետո Աննան կառուցում է նրա տան 1/3 մասշտաբի տարբերակը. ներսում ապրում է տիկնիկ-Յոն։ Մրցանակը կարծես թե շնորհվել է մակետի և տիկնիկի համար: Երբ քսան խաղարկային ֆիլմերի հետ մեկտեղ ծրագրում ընդգրկվում է ընդամենը մեկ վավերագրական՝ ակամա ինչ-որ բացառիկություն կամ գոնե արդիականություն ես ակնկալում, ինչպես անցյալ տարիներին էր՝ «Դահոմեա»-ի, «Ժամանակի ժապավեն»-ի դեպքում։ Ցավոք, «Յո»-ն ընդամենը անձնական կինոյի կարծրատիպային օրինակ է:
Ժյուրիի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Լանս Համերին, որը գրեթե քսան տարվա դադարից հետո մեծ կինո վերադարձավ «Թագուհին ծովի մոտ» ֆիլմով: Ժուլիեթ Բինոշի մարմնավորած Ամանդան ժամանակավորապես տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի ավելի մոտ լինի դեմենցիայից տառապող մորը՝ Լեսլիին: Երբ հայտնաբերում է, որ խորթ հայրը սեքսով է զբաղվում Լեսլիի հետ, Ամանդան ոստիկանություն է կանչում: Բյուրոկրատական մեքենան ներխուժում է ընտանիքի կյանք՝ իրավիճակը դարձնելով ավելի բարդ ու հակասական: Եվս մեկ սյուժետային գիծ՝ Ամանդայի դեռահաս դուստրը փորձում է հարմարվել նոր քաղաքին․ նոր ընկերներ, սիրահարվածություն, առաջին սեքս: Վերջաբանում համադրելով երկու ծայրահեղ «մարմնական» տեսարաններ՝ երիտասարդությունն ու ծերությունը, ծաղկումն ու թառամումը, Համերը ֆիլմին հաղորդում է «զննողական» չափում՝ մշտական շրջան, մարդկային ճակատագիր:

Թագուհին ծովի մոտ / սքրինշոթ ֆիլմից
Թագուհին միակ ֆիլմն է, որը հաղթել է միաժամանակ երկու տարբեր անվանակարգերում։ Երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգևատրվեց ֆիլմի տարեց զույգը՝ Թոմ Քորթնին և Աննա Քալդեր-Մարշալը, երկուսը միասին նրանք գրեթե 170 տարեկան են:

Թագուհին ծովի մոտ / սքրինշոթ ֆիլմից
Եթե կա արդարություն՝ ապա հենց դերասանների նկատմամբ: Գլխավոր դերի համար մրցանակ շնորհվեց Սանդրա Հյուլերին՝ «Ռոզե»-ի (մրցույթի հավանաբար լավագույն ֆիլմի) համար: XVII դարի սկզբին՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ, գերմանական մեկուսացված գյուղ է ժամանում մի խորհրդավոր զինվոր։ Անծանոթը հայտարարում է, թե վաղուց լքված ագարակի օրինական ժառանգն է, և իր խոսքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում տեղի բնակիչներին։ Ժամանակի ընթացքում նա փարատում է գյուղացիների կասկածները, ապացուցելով, որ աշխատասեր ու աստվածավախ մարդ է, դառնում համայնքի լիիրավ անդամ։ Կանխատեսելի է, որ պատմությունը հիմնված է մեծ ստի վրա։ Հյուլերի կերպարը մի քիչ Ժաննա դ’Արկն է, մի քիչ Թիլ Ուլենշպիգելը՝ որպես տղամարդ ներկայացող կին, որին համարյա թե հաջողվում է խաբել բոլորին, նույնիսկ ճակատագրին։ Վերջին տարիներին Բեռլինալեն հրաժարվել է դերասանական մրցանակների գենդերային բաժանումից: «Դերասանների» ու «դերասանուհիների» փոխարեն պարգևատրում են առաջին ու երկրորդ պլանի դերակատարներին: Հյուլերի արջը այդ առումով էլ է խորհրդանշական:
Էմին Ալփերի «Փրկություն»-ը (Ժյուրիի Գրան Պրի) այլաբանություն է հավատքի, ֆանատիզմի և դաժանության մասին. ժամանակին աքսորված տոհմը վերադառնում է հարազատ գյուղ, և հողի համար տասնամյակներ շարունակվող վեճը բորբոքվում է նորորվի։ Բեմից ռեժիսորը հայտարարեց, որ ֆիլմն արտացոլում է մեր օրերի բոլոր կոնֆլիկտները, և իր սոլիդարությունը հայտնեց Պաղեստինի ժողովրդին, Իրանի ժողովրդին ու հարազատ Թուրքիայի բանտերում պահվող բոլոր քաղբանտարկյալներին:
Ոսկե արջը շնորհվեց «Դեղին նամակներ»-ին: Գերմանա-թուրք ռեժիսոր Իլքել Չաթակի ֆիլմում բարեկեցիկ կյանք ունենալու ցանկությունը բախվում է մարդկային արժեքներին չդավաճանելու որոշմանը: Դերյան դերասանուհի է, Ազիզը՝ դրամատուրգ: Անկարայում նրանց ներկայացման պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով ամուսին արվեստագետները հայտնվում են պետական համակարգի թիրախում, կորցնում են տունն ու աշխատանքը և ստիպված են կյանքը սկսել զրոյից՝ նոր քաղաքում։

Դեղին նամակներ / սքրինշոթ ֆիլմից
Թեև իրադարձությունները Թուրքիայում են տեղի ունենում, ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գերմանիայում: Տիտրերում հենց սկզբից բացահայտվում են խաղի կանոնները՝ Բեռլինն Անկարայի դերում է, Համբուրգը՝ Ստամբուլի: Չաթաքը մեկտեղում և «վերացականացնում» է իր երկու հայրենիքների պատմությունը: Նշանային տեսարաններից մեկում Ազիզը, որին մեղադրում են հակապետական քարոզի համար, բազմիմաստ հայացք է նետում Համբուրգի բարձրագույն երկրամասային դատարանի առջև տեղակայված «Այստեղ և հիմա» հուշարձանին, որը նվիրված է նացիստական Գերմանիայում դատական համակարգի զոհերի հիշատակին:

Դեղին նամակներ / սքրինշոթ ֆիլմից
Չաթաքը խոսում է կարևոր խնդիրների մասին՝ ազգայնականություն, գրաքննություն, բռնաճնշումներ: Բայց արդյունքը հախուռն է, մակերեսային և լղոզված՝ Վիմ Վենդերսի մամլո ասուլիսի պես: Էքսպրեսիվ երկխոսություններ, արհեստածին կոնֆլիկտներ, չեխովյան հրացաններ: Թեև դերասանները իսկապես հրաշալի են խաղում, գոնե մեկ ակնթարթով չի ստացվում մոռանալ, որ տեղի ունեցողն ընդամենը դերասանություն է՝ կես թատրոն, կես սերիալ, որում «ընտանեկանը» միանշանակ հաղթում է «քաղաքականին»:
Ալեքսանդր Մելյան
Սինեսկոպ կոլեկտիվ
Epress.am Լուրեր Հայաստանից



