Ախթալայի պղնձի հանքի հորատողները մեկ շաբաթ ժամանակ են տվել գործատուին և պետական մարմիններին․ եթե իրենց պահանջները չբավարարվեն, գործադուլը կտեղափոխվի Երևան՝ կառավարության շենքի մոտ։
Հանքափորները արդեն 37-րդ օրն է աշխատանքի դուրս չեն գալիս։ Առավոտյան նրանք հավաքվում են կոմբինատի մոտ, պարբերաբար դիմումներ են ուղարկում տնօրինությանը։ Հիմնականում արձագանք չկա։
Ախթալայի կոմբինատի ղեկավարությունն այս ընթացքում ինչ ասես չի արել՝ գործադուլավորների հետ կառուցողական բանակցություններից բացի։ Դատական հայցերից խուսափելու համար աշխատանքից նրանց չեն ազատում։ Փոխարենը նոր աշխատողների են բերում Հայաստանի այլ մարզերից։
Մեր ձենը հողի տակից է գալիս, մեզ չեն լսում
Հանքափորները որոշել էին փետրվարի 19-ին գալ Երևան՝ կառավարության մոտ բողոքի ցույց անելու։ «Ուզում ենք մեր հարցը ճիշտ բարձրացվի, ով կարող է մեզ օգնել՝ չի օգնում», — Epress.am-ին ասել է նրանցից մեկը։
Հանքափորները դիմել են մարզպետարան, համայնքապետարան, աշխատանքի տեսչական մարմին, Լոռվա մարզից պատգամավոր Արփինե Դավոյանին, մարդու իրավունքների պաշտպանին․ «Մեր ձենը հողի տակից է գալիս, մեզ չեն լսում»։
Երեկ երեկոյան իրենց հետ կապվել են մարզպետարանից, ասել են՝ Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանը հրավիրում է փակ հանդիպման։ Գործադուլավորները որոշել են չմերժել։ Եթե այս հանդիպումն էլ արդյունք չտա, եկող շաբաթ կգան Երևան։
Ախթալայի կոմբինատի փակ հանքերում 52 հորատանցող է աշխատում։ Նրանք բոլորը միացել են գործադուլին։ Պահանջները՝ աշխատավարձի աստիճանական բարձրացում, արտապայմանագրային շահագործման բացառում, անվտանգության պայմաններ։
1) Վարձատրությունը հիմա գործարքային է։ Մի խորանարդ մետր (մոտավորապես 3 տոննա) հանքաքարի դիմաց հանքափորները 1700 դրամ են ստանում, պահանջում են նվազագույնը 2200 դրամ։
Տրամաբանությունը շատ պարզ է։ Աշխատանքային պայմանագրում ֆիքսված է, որ եթե պղնձի գինը իջնի՝ ավտոմատ իջնելու է նաև հորատանցողների աշխատավարձը, բայց հակառակը չկա։ Պայմանագիր կնքելուց հետո պղնձի գինը կրկնապատկվել է՝ հասնելով համարյա 13 հազար դոլարի։ Դա ոչ մի կերպ չի անդրադարձել բանվորների վարձատրության վրա։
2) Հորատումներից բացի՝ հանքափորները անում են նաև փականագործի աշխատանքը, օգնում են պայթեցնողներին։ Հավելյալ աշխատանքների համար չեն վարձատրվում։ Հանքատերերը խնայում են ամեն ինչի վրա․ պայթեցնողները քիչ են, աշխատանքը՝ շատ, շտատն ընդլայնելու փոխարեն ձրի աշխատացնում են հանքափորներին։
3) Հանքում ոչ մի պայման չկա։ Հորատանցողները գետնի տակ են աշխատում, անվտանգության հատուկ միջոցներ ապահովված չեն, պարբերաբար վթարներ են լինում։ Լեռնագործների ճյուղային արհմիության ղեկավար Էդուար Փահլևանյանի խոսքով՝ բանվորները աշխատանքի չներկայանալու իրավունք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց աշխատանքային պայմանները վտանգ են ներկայացնում կյանքին և առողջությանը։ Եթե ղեկավարությունը նրանց ազատի աշխատանքից՝ անմիջապես կդիմեն դատարան։
տե՛ս Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է
Բացի այդ, հորատանցողները չունեն առողջական ապահովագրություն, աշխատանքային ավտոբուս, սոցիալական արտոնություններ։ Որոշները նույնիսկ մշտական պայմանագիր չունեն, հետևաբար՝ չունեն նաև արձակուրդայիններ և այլն։
Մաքսիմ Հակոբյանի որդի Վահե Հակոբյանը
Սկզբից հանքի ղեկավարությունը խոստանում էր, որ եթե գործադուլի մասնակիցները վերադառնան աշխատանքի՝ «լավ կլինի»։ «Նենց են խոսում, իբր էս սաղ իրանցն ա, ու որ մեզ խոստումներ են տալիս՝ լավություն են անում։ Որ ասում են՝ «գնացեք աշխատեք, լավ կլինի», ո՞ւմ համար լավ կլինի», — ասում է գործադուլին միացած մեր զրուցակիցը։
տե՛ս Ախթալայի հանքի տերերը թքած ունեն գործադուլի վրա
Բանավոր խոստումներին հանքափորները չեն հավատում։ Աշխատավարձի բարձրացումը պիտի ամրագրվի նոր պայմանագրով։ Պղնձից բացի՝ այս ընթացքում նաև կյանքն է թանկացել, հին աշխատավարձը մարդկանց չի բավարարում, ավելի են խրվում պարտքերի մեջ։
Բայց տնօրինությունը որևէ զիջման գնալ չի ուզում։ Հորատանցողների տեղը արդեն նոր աշխատողներ են ընդունել այլ հանքարդյունաբերական քաղաքներից՝ Կապանից ու Վարդենիսից։ Մինչ այդ հնդիկների էին բերել։
«600 կիլոմետրից մարդ են բերում, հյուրանոցում պահում, որ գան, հանքը ծակեն։ Ահագին փող են ծախսում, միայն թե մեր աշխատավարձը մի կոպեկ չբարձրացնեն..․», — ասում է գործադուլին միացած մեր զրուցակիցը։
Թե քանի նոր աշխատող են եկել՝ պարզ չէ։ Գործադուլավորների տվյալներով՝ 52-ի փոխարեն մոտ 10-ը։ Հանքի աշխատանքը վերականգնվել է միայն մասամբ։
Ղեկավարությունն այս ընթացքում փորձել է պառակտել գործադուլը, նսեմացնել բողոքին միացածներին, վախեցնել այլ բաժինների աշխատողներին, գողականների ներգրավել, խառնել ծանոթ-բարեկամների։ Լուրեր են տարածում, որ գործադուլը «ուղղորդված» է, իբրև թե որոշ ուժեր «ուշունց դնելով» ստիպում են հորատանցողներին չաշխատել։ Ընդ որում՝ սեփական անգործությունը հիմնավորելու համար նման բամբասանքներ էր տարածում նաև մարզպետարանը։
տե՛ս Տեսչությունն արթնացավ, մարզպետարանը դավաճանեց․ գործադուլ Ախթալայում
Կոմբինատի մյուս մասնագետներն անանուն զրույցներում ասում են, որ ղեկավարությունից սպառնացել են հեռացնել աշխատանքից բոլոր նրանց, ովքեր կմիանան հորատանցողներին, հետևում են, որ նույնիսկ սիմպատիա չլինի գործադուլի մասնակիցների նկատմամբ, նայում են, թե ով է «լայքել» գործադուլի մասին նյութերը սոցցանցերում, ստիպում են հանել լայքերը։
«Սա Հայաստանի երևի միակ հավաքն է, որ ուղղորդված չի։ Չեն էլ կարա ստեղ ոչ մեկին ուղղորդեն։ Ոչ մեկս էլ չի ուզում քաղաքական խաղերի մեջ մտնել, մենք աշխատող մարդիկ ենք, մեր աշխատավարձն ենք ուզում»։
«էսքան պղինձ են հանում, Ախթալա-Շամլուղ ճանապարհը սկի չեն սարքում։ Ամսական 60 հազար մենակ մեքենայի վրա ենք ծախսում»։
«Սա աքսորավայր ա։ Գործից հանեն, պիտի մենք էլ փախնենք գանք Երևան։ 5000 բնակչություն ունեցող Շամլուղում մի 500 մարդ է մնացել, կեսն էլ շամլուղեցի չեն»։
Ախթալայի հանքը պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Սյունքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է։
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը 2025 թվականին 10 միլիոն դրամ է նվիրաբերել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։ 10 միլիոն էլ անցած տարին են տվել։
Epress.am Լուրեր Հայաստանից