Home / Առողջապահություն / Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է

Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է

Ախթալայի կոմբինատի հանքափորները շարունակում են գործադուլը։ Կոմբինատի դիմաց բանվորներն այլևս չեն հավաքվելու, բայց աշխատանքի էլ չեն գնա՝ Epress.am-ին ասել է հորատանցող Արշալույսը: Տնօրենությունը գործադուլի մասնակիցներին փորձել է փոխարինել հնդիկ աշխատողներով, բայց չի ստացվել։ Հանքահանման աշխատանքները մինչև հիմա դադարեցված են։

Գործադուլը սկսվել է հունվարի 16-ին, միացել են կոմբինատի բոլոր 52 հորատանցողները։ Նրանք աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։

Վարձատրությունը հիմա գործարքային է․ մի խորանարդ մետր հանքաքարի դիմաց հանքափորները 1700 դրամ են ստանում, պահանջում են 2200 դրամ։

«Եթե պղնձի գինն ընկնում է, իրենք մեր աշխատավարձը իջեցնում են։ Բայց հակառակը չկա։ Հիմա պղնձի գինը կրկնապատկվել է, հասել է համարյա 13 հազար դոլարի, բայց մեր աշխատավարձը ընդհանրապես չի փոխվել», – նշել է գործադուլի մասնակիցը։

Հանքափորները պատրաստ են այս նույն աշխատավարձով էլ աշխատել, եթե իրենց գոնե չստիպեն կողմնակի գործեր անել․ «Ինչը որ պայմանագրում գրած ա, մենակ դա չենք անում։ Ուրիշ աշխատանքներ էլ ենք անում արդեն 10 տարի ա, օրինակ՝ պայթեցման աշխատանքներ, բայց դրա համար չենք վարձատրվում»։

Տնօրենության անտարբերությունից ջղայնացած՝ նրանք երեկվանից վերանայել են իրենց պահանջները։ Եթե առաջ հիմնականում վարձրատրության հարցն էր քննարկվում, հիմա խոսվում է նաև աշխատանքային պայմանների մասին: Ախթալայի հանքը փակ հանք է, ինչը ավելի վտանգավոր է քան բացը։ Անվտանգության համակարգեր չկան, պայմանները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին և անմիջական վտանգ են ներկայացնում աշխատողների կյանքին և առողջությանը։

Տնօրենությունը չի պատրաստվում զիջել։ Գործադուլի մասնակիցներին վախեցնելու համար հնդիկ աշխատողների էին բերել։ Բայց հնդիկները Ախթալայում աշխատանքի չեն անցնել, նրանց ավելի ուշ տարել են Այրումի հանք։ Կա վարկած, որ նրանք չեն համաձայնել նման վատ պայմանների կամ նրանց բերել էին զուտ գործադուլավորներին վախեցնելու նպատակով։

Ղեկավարությունը երկուշաբթի բանակցող է ուղարկել։ Նա խնդրել է հորատանցողներին վերադառնալ աշխատանքի․ «Հաշվի կառնենք ձեր առաջարկները, հետո լավ կլինի»։ Աշխատողները բանավոր տեքստերին չեն հավատում, պահանջում են կոնկրետ ժամկետներ և պայմանագրային երաշխիքներ։

Տնօրենությունը նաև փորձել է պառակտել գործադուլի մասնակիցներին, առանձին մարդկանց հրավիրել են փակ բանակցությունների, բայց մերժում են ստացել․ հորատանցողները պայմանավորվել են, որ գործելու են խմբով, առանձին-առանձին որոշումներ չեն կայացնելու, եթե թեկուզ մի հոգու հեռացնեն՝ մյուսները հրաժարվելու են վերադառնալ աշխատանքի։ Վերջին օրերին նրանք նաև հարցազրույց չեն տալիս լրագրողներին, որպեսզի ոչ մեկ չխոսի բոլորի անունից։

Հունվարի 23-ին գործադուլի մասնակիցները հանդիպել են Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանին և պայմանավորվել, որ նա ներկայացնի իրենց տնօրենի հետ բանակցությունների ժամանակ։ Հանքի տնօրենը հրաժարվել է ընդունել նաև արհմիության ղեկավարին։

«Մեր արհմիության աշխատանքն այնտեղ կասեցված է վաղուց։ Այն դեպքում, երբ կոլեկտիվը չունի արհմիություն, ըստ օրենքի՝ աշխատողները իրավունք ունեն դիմել տարածքային կամ ճյուղային միո ւթյանը, որպեսզի այն ներկայացնի և պաշտպանի իրենց շահերը։ Իրենք 52 հոգով դիմել են ինձ։ Ուրբաթ օրը գնացի, նախապես զգուշացնելով գլխավոր տնօրենին՝ քանի որ կոլեկտիվ վեճ է առաջացել, եկեք հրատապ կերպով բանակցենք։ Նա անտեսեց և չարձագանքեց մեր խնդրանքին։ Այսօր արդեն իրեն գրավոր դիմում եմ ուղարկել, թե ինչ պահանջներ ունենք։ Ինքը սահմանված կարգով և ժամկետներում պետք է պատասխանի», — Epress.am-ին ասել է Փահլևանյանը։

Աշխատողներից որոշներին ծանուցում է եկել՝ եթե երեք օրվա ընթացքում բացակայության հարգելի պատճառ չներկայացնեն, կհեռացվեն աշխատանքից։ Տնօրենությունը գործադուլն անօրինական է համարում։

Փահլևանյանը հակադարձել է՝ Ախթալայի հանքի պարագայում միշտ էլ աշխատանքի չներկայանալու «հարգելի», այսինքն՝ օրենքով սահմանված պատճառ կա։

«Եթե աշխատանքային պայմանները վտանգ են ներկայացնում աշխատողների կյանքին և առողջությանը, նրանք կարող են դուրս չգալ աշխատանքի։ Տեսահոլովակներ էլ կան, որտեղ երևում է, որ այնտեղ ոչ թե պայման չկա, այլ ընդհանրապես պայման չկա։ Սա բողոքի ակցիա չէ։ Գործատուն պարտավո՛ր է այդ պայմաններն ապահովել», – նշել է Փահլևանյանը։

Բանակցությունների տապալումից հետո նա բոլոր այս խնդիրները ներկայացրել է Տարածքային կառավարման նախարարությանը, Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին, ՄԻՊ գրասենյակին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին։

Արհմիության ղեկավարը վստահ է՝ ի տարբերություն Քաջարանի գործադուլի, Ախթալայում բանվորներին չեն կարող հենց այնպես ազատել աշխատանքից։ Քաջարանում բաց հանք է, Ախթալայում՝ փակ․ պայմաններն այստեղ ավելի վատն են և անմիջական վտանգ են ներկայացնում կյանքին։ Եթե բանվորներին հեռացնեն աշխատանքից՝ պատժելով գործադուլի համար, նրանք անմիջապես դատական հայցեր են ներկայացնելու՝ առաջ քաշելով հատկապես աշխատանքային պայմանների հարցը, որոնք չեն համապատասխանում սահմանված նորմերին։