Երկու տարի ձգվող դատավարությունից հոգնած Արթուր Գիգոլյանը հաշտություն է կնքել իր նախկին գործատուի՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հետ։ Մեկ շաբաթ հետո հրապարակվել է Վճռաբեկ դատարանի՝ նրա օգտին կայացված վճիռը։
Կոմբինատում Գիգոլյանը աշխատել է որպես հորատանցող, ստորգետնյա հանքերից մեկում 2022-ի հունիսին վնասվել է քարաթափումից։ Ողնաշարի ծանր վնասվածքներ ունի, ոտքերն անշարժացած են։ Բժշկական եզրակացության համաձայն՝ վթարից հետո նա 100 տոկոսով անաշխատունակ է դարձել, և ըստ աշխատանքային պայմանագրի՝ պիտի ամենամյա փոխհատուցում ստանար աշխատավարձի հարյուր տոկոսի (1 միլիոն 30 հազար դրամ) չափով։
Հանքատերերը վճարելուց հրաժարվել են։ Գիգոլյանը դատարան է դիմել։ Մի քանի ամիս առաջ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն առաջարկել է հաշտություն կնքել՝ պարտավորվելով վճարել ամսական 400 հազար դրամ։
«Չկարողանալով այլևս պահել յոթ երեխաներին՝ համաձայնեցի, թեև կոմբինատը հրաժարվեց զիջել մյուս պահանջը՝ բժշկական ծախսերը փակելը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գիգոլյանը։
Հաշտություն կնքելուց մեկ շաբաթ անց նա իմացել է, որ Վճառաբեկն իր օգտին որոշում է կայացրել։ Դատարանը մերժել է կոմբինատի դիմումը և հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշումը, ըստ որի Արթուր Գիգոլյանի աշխատանքային խեղման փոխհատուցման չափը չի կարող պակասեցվել։ Ավելին՝ տեսչական մարմինը հաստատել է, որ տարածքում չի եղել բավարար լուսավորություն, աշխատանքային պատշաճ պայմաններ չեն ապահովվել, և հողակցողը չի վնասվել իր անփութության պատճառով։
Գիգոլյանը հաշտության գնալու պատճառով զրկվել է ամսական վճարի զգալի մասից և բժշկական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Նրա խոսքով՝ ողնաշարի և կոնքերիվիրահատության է պատրաստվում, որը մոտ 18 միլիոն դրամ արժի։
Դեպքի մանրամասները
հարցազրույցը ձայնագրվել է 2023 թվականի ապարիլին