Home / Հայաստան / Հեղեղը կտրեց Հայաստանի վերջին երկաթուղային կապը աշխարհի հետ

Հեղեղը կտրեց Հայաստանի վերջին երկաթուղային կապը աշխարհի հետ

Դեբեդ գետի հեղեղման պատճառով վնասվել է Հայաստանի երկաթուղու մոտ 2 կիլոմետր երկաթգիծը, չորս կայարաններ (Ախթալա, Սանահին, Ալավերդի, Այրում), չորս բարձրավոլտ ենթակայաններ, երեք սելավատար և 40 էլեկտրասյուներ: Այս մասին Epress.am-ին հայտնել է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։

«Պատկերացում այս պահին չունենք՝ ինչքան ժամանակ կտևի վերանորոգման աշխատանքները։ Դա կախված է նրանից, թե ինչ խորությամբ գրունտ պետք է փոխվի։ Դա կորոշվի ռուսաստանցի մասնագետների ուսումնասիրություններից հետո»,- ասել է նա։

Գրձելյանի խոսքով՝ գնացքը անփոխարինելի է հեղուկ վառելիքի տեղափոխման համար, և այս պահին այդ ներկրման շղթան վերականգնելուն են ուղված բոլորի ջանքերը։ 2023 թվականին երկաթուղով ներկրվել է 400 հազար տոննա վառելիք՝ բենզին, դիզել և ավիաբենզին։

Որպես միջանկյալ լուծում երկաթուղի սպասարկող ընկերությունը և Կառավարությունը դիտարկում են ամենահյուսիսային՝ Այրում կայարանի առաջնահերթ վերանորոգումը որպես բեռնաթափման կետ՝ ավտոբեռնատարերով բախշվելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հույս ունի, որ դա կարելի է անել մի քանի օրում Այրումում նախկին պահածոների գործարանի կամուրջը ամրացնելով բեռնատար մեքենաների համար։

Ըստ «Հարավկովկասյան երկաթուղիի» պաշտոնյայի՝ Այրում կայարանը որպես բեռնաթափման կետ օգտագործելու համար կամուրջը բավարար չէ։ Կայարանը ամբողջությամբ պիտի փոխվի. այն նախատեսված չի եղել մեծ բեռնաթափումների համար։