Լոռու մարզում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան՝ գրել է ալավերդցի լրագրող Հրաչյա Պապինյանը։ Ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ կապի խնդիրներ ունեն, կանգնած են պատուհանագոգերին, սառը ջրի մեջ: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը հետ են գալիս և լցվում բնակարաններ: Խոսվում է անհետացած մարդկանց մասին:
ՆԳՆ նախնական տվյալներով, 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Կան տեղեկություններ, որ գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից։
Ավերված և անանցանելի են Մ6 միջպետական մայրուղու տարբեր հատվածներ, մարդիկ և մեքենաներ են արգելափակված: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանիքներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր՝ Թումանայն փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է:
Անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ցամաքային փոխադրումները հնարավոր են «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։
Ջրերը քշել տարել են «Կատա» սուպերմարկետը գույքի, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերը քշել տարել են տասնյակ միլիոնների շինանյութ:
Պապինյանը հայտնում է նաև, որ ԱԻՆ-ը դեռևս հայտարարություն չի արել, կապի բացակայության պատճառով դեռ հնարավոր չէ ճշտել, սակայն ենթադրություններ կան որ աղետը հետևանք է նաև Մեծավանի կամ Ձորագեսի ջրամբարների պատվարի փլուզման, կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի:
թարմացում — Ջրամբարի պատվարի վերաբերյալ ենթադրությունները հետագայում հերքվել են։
թարմացում — Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել է դի։
Ալավերդու Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով՝ կա 1 զոհ), հաղորդել է ՆԳՆ փրկարար ծառայությունը. «Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր»։
Տարածքային կառավարման նախարարությունը ներկայացրել է այս պահի դրությամբ փակ ճանապարհները և դրանց այլընտրանքային երթուղիները։
Թումանյան քաղաքից, Ալավերդու որոշ թաղամասներից հնարավոր չէ դուրս գալ։ Թումանյանի հատվածում գետը քշել, տարել է մայրուղուն զուգահեռ շինությունները, խանութները, սննդի կետերը։ Հոսանք չկա, գազ չկա:
թարմացում — Հսկայական չափերի բնական աղետ է, որը արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել՝ հանրայինի հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Հսկայական չափերի բնական աղետ է, որը արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել։ Նախնական տվյալներով՝ աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր»։
— Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջը փլուզված է։ Գետի մյուս ափին մնացել է հաշվառված շուրջ 150 բնակիչ։
— Ճոճկան գյուղը ելք ու մուտք չունի. երկու կամուրջն էլ փլվել է։
— Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։
— Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։
— Տավուշում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
— Հեղեղներ են եղել նաև հարևան Վրաստանում (տուժել են հատկապես Մառնեուլի, Տետրիծկարո, Բոլնիսիի և Դմանիսի համայնքները) և Ադրբեջանում (տուժել են Ղազախի շրջանի բնակավայրերը):
թարմացում — Աղետի գոտում կա 3 զոհ։
— Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
— Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։
— Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին: