Վարդենիսի զինվորական կացարանի հրդեհի գործով անցնող բարձրաստիճան զինվորականները մայիսի 24-ի դատին հայտարարել են, թե հրդեհը վերապրած զինվորները «չեն հերոսացել», չեն փորձել փրկել իրենց ընկներներին կյանքի գնով, փախել են դեպքի վայրից կամ չեն եղել այնտեղ առհասարակ, եղել են թրմանյութերի ազդեցության տակ և այլն։
Վարդենիսի (Ազատ գյուղ) զինվորական կացարանի հրդեհի գործով ուրբաթ օրվա նիստն էլ 5-ից ավել ժամ տևեց։
Ցուցմունք էր տալիս հրդեհից փրկված զինվորներից Ժիրայր Սահակյանը։ Նախորդ դատին նրան հարցեր էին տալիս դատախազներն ու տուժողների ներկայացուցիչը, վերջինին՝ ամբաստանյալների պաշտպանները։
Մեղադրյալի աթոռին նստած փոխգնդապետ Գոռ Աղեկյանը հրդեհից փրկված զինվորին նախատում էր ոչ բավարար հերոսության համար (ըստ կալանավորված սպայի, մարդիկ հերոսանում են, երբ իրենց կյանքը զոհաբերելով փրկում են ուրիշներին)։
Նախկին բանտապետ, ներկա փաստաբան Արթուր Գոյունյանը դժգոհում էր զինվորի անտարբերությունից (որպես նախկին քննիչ և դատախազ՝ նա ակնկալում էր, որ տուժողը պետք է սեփական քննությունն անի)։
Պաշտպանների հարցերը հիմնականում կրկնվում էին։ Դրանք հիմնականում չէին վերաբերում իրենց պաշտպանյալների բուն մեղադրանքին՝ զորամասում հրշեջ միջոցների և տարրական հարմարությունների բացակայությանը, կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակներին, համընդհանուր բարդակին։
Ամբաստանյալների նստարանին զորամասի թիկունքի գծով փոխհրամանատար Գոռ Աղեկյանն է, զորամասի կոմունալ ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը, ինժեներասակրավորական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը և կապիտան Եղիշե Հակոբյանը։
Նրանցից միայն Եղիշեն է դեպքի վայրում եղել։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ 2023-ի հունվարի 19-ի գիշերը նա փորձել է թեժացնել կացարանի մուտքի մոտ տեղադրված վառարանը, որպես կպչան բենզին է օգտագործել, բոցը տվել է դեմքին, մեխանիկորեն ցած է գցել բենզինի 5-լիտրանոց տարան, հրդեհը րոպեների ընթացքում պատել է մուտքի դուռը և ձգվել դեպի կացարանի խորք։ Օրապահ Լևոն Խառատյանն ու կապիտան Հակոբյանը փորձել են մարել այն՝ չի ստացվել, և դուրս են եկել վառվող կացարանից։ Կազարմայում քնած զինվորները՝ 17 հոգի, մնացել են պաշարված։ Ըստ ցուցմունքների, մեծ մասը չի արթնացել նույնիսկ այրվող համածառայակիցների գոռոցներից։ Պատուհանները փակված են եղել ճաղավանդակներով, դրսում գտնվողները ծռել են դրանք և հասցրել արանքներից հանել համածառայակիցներից Գարուշ Սարգսյանին և Ժիրայր Սահակյանին։ Մնացած 15 զինվորները կրակի մեջ են մնացել։
Տուժող Ժիրայր Սահակյանը հայտարարեց, որ հրդեհի մեջ արթնանալով՝ վախեցել է, չի գիտակցում ինչ է կատարվում։ Հիմա «սառը դատելով» կարելի է մտածել՝ ինչ էր հնարավոր անել, բայց խուճապի ժամանակն այլ ժամանակ է։
Թեև վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը դեպքի վայրում չեն եղել, նրանց փաստաբանը հրդեհից այրված կապիտան Հակոբյանին և օրապահ Լևոն Խառատյանին մեղադրում էր փախնելու և կրակը ժամանակին չհանգցնելու մեջ։ Մեղադրանքները հիմնվում էին անանուն վկաների ասածների վրա։
Դատական նիստի ավարտին կապիտան Հակոբյանը խոսք էր խնդրել, որ հերքի նախկին ծառայակիցների մեղադրանքները․ «Մտածում են՝ Եղիշը որ մենակ ա, իրա մեղքը որ ընդունում ա, գլուխը կախ կալանքի տակ ա, էն ա միանգամից բարդենք վրեն ամեն ինչը։ Չի կարելի էլի տենց»։
Թմրանյութերի թեման դատի ընթացքում շոշափվում էր պարբերաբար և միշտ՝ տողատակով։ Խոսվում էր նաև ալկոհոլի շրջանառության, ոչ կանոնադրական հարաբերությունների, համընդհանուր բարդակի և վերադաս սպաների կողմից դիզվառելիքի ապօրինի վաճառքի մասին։
Մանրամասները՝ վերևի տեսանյութում։
տե՛ս ՝ Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը