Ազատ գյուղի կացարանում այրված զինվորների ծնողները այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել։ Հիմնական բանախոսը նրանց փաստաբանն էր՝ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ Ծնողները վաղը հանդիպելու են զինվորական դատախազի հետ։ Հարցերը, որոնք ուղղելու են պաշտոնյային, որոշել են նախօրոք հրապարակել։
Դեպքից ժամեր անց գործադիրի նիստում հրապարակված պաշտոնական վարկածին զոհերի հարազատները չեն հավատում։ Շատերը համոզված են, որ քննությունը ծածկադմփոց է արվում։ Մատնանշում են չինովնիկների հակասական հայտարարությունները և 6 վկաների տարըմբռնելի ցուցմունքները։ Չեն բացառում, որ 15 զինվորի կյանք խլած հրդեհը կարող էր կազմակերպված լինել։ Քննչական կոմիտեն սա հերքում է։
Ողջ մնացած զինվորների պատմածները իրար չեն բռնում՝ ասում է փաստաբանը։ Զոհված Գագիկ Բարսեղյանի հայրն էլ՝ Արման Բարսեղյանը, զգուշացնում է․ «Սենց թե նենց բացահայտելու են ամեն ինչ, պարզելու են այն ընկերներին, որոնք թաքցրել են իրականությունը»։
Ծնողները կարծում են, որ վկաները ինչ-որ բան գաղտնի են պահում։ Թե կոնկրետ ինչ՝ չգիտեն։ Տարբեր ենթադրություններ ունեն, ասում են՝ դեպքից առաջ կոնֆլիկտներ են եղել, գուցե գողություն էլ եղած լինի։ Չեն բացառում, որ հրդեհը հատուկ է արվել՝ հետքերը թաքցնելու համար։
Ո՞րն է պատճառը, որ ոչ դեպքի վայրն է պահպանվել, ոչ էլ դիակների լուսանկարներ կան, հարցնում է զոհված Հայկ Կիրակոսյանը հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Ավելի քան երկու ամիս անց ոչ բոլոր մարմինների դատաբժշկական փորձաքննության պատասխանները կան՝ միայն տասինը։ Մահվան պատճառը, ըստ այդ փորձաքննության, շմոլ գազ ու այրվածքային շոկն է։ Քննչական կոմիտեն այս ընթացքում ոչ բոլոր ծնողներին է հրավիրել հարցաքննության։
Զինդատախազի հետ հանդիպումից առաջ զոհերի իրավահաջորդները հրապարակել են այն հարցերը, որոնք պատրաստվում են վաղը տալ․
— պաշտոնական վարկածից բացի, այլ վարկած քննվո՞ւմ է
— ովքե՞ր են են զինվորների մարմինները դուրս բերել ննջարանից մինչև քննչական գործողություններ սկսելը
— ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը
— ինչո՞ւ դիակները և կացարանը՝ նախքան քննչական միջամտություններ անելը, չեն նկարահանվել
— որտե՞ղ են եղել հրդեհից փրկված զինվորները
— եթե հրդեհը բենզինից է բռնկվել, ինչո՞ւ է դատաբժշկական փորձաքննությունը պնդում, որ զինվորները շմոլ գազից են մահացել
— արդյո՞ք հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը, որ դեպքից ընդամենը ժամեր անց հրապարակեց այն տեղեկությունները, որոնք հետագայում վերածվեցին պաշտոնական վարկածի։
Ավելի վաղ ծնողները բողոքի ցույց էին արել պաշտպանության նախարարության մոտ։ Ինչո՞ւ են 20-ից ավել զինվորների պահել երկսենյականի փոքրիկ տնակում՝ առանց տարրական կենցաղային պայմանների, ինչո՞ւ է վառարանը մուտքի մոտ տեղադրված եղել, ինչո՞ւ են բոլոր պատուհանները ճաղավանդակներով փակված եղել։ Այս Հժհարցերի պատասխանները նրանք ակնկալում էին ստանալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից։ Առ այսօր նախարարը ծնողներին չի հանդիպել։
տե՛ս Երեխաներին բանակ չուղարկեք․ այրված զինվորների ծնողները հետաքննություն են արել
Դեպքի վայրը, ըստ զոհերի հարազատների, նորմալ չի էլ ուսումնասիրվել։ Ծնողները սեփական հետաքննությունն են արել, «մաղել են ամբողջ հողը», բազմաթիվ չառգրավված առարկաներ են գտել՝ 7 հեռախոս, ժամացույցներ, այլ իրեր։ Այրված կացարանի հատակը, ըստ նրանց, ամբողջությամբ վառված էլ չի եղել։ Արման Բարսեղյանի հայրը տարակուսում էր՝ ո՞նց է ստացվել, որ կացարանի ամենաայրված հատվածները հենց զինվորների մահճակալներն են, ինչո՞ւ են զինվորների մարմինները գլխից վառվել։
Պաշտոնական վարկածը ամփոփոխ է մնում
Հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու կամ հրդեհի միջոցով ինչ-որ հետքեր պարտակելու վերաբերյալ հայտարարությունները Քննչական կոմիտեն ավելի վաղ ապատեղեկատվություն էր որակել։ Ծնողների պնդումները գտահատվել էին որպես «փաստական տվյալների հետ որևէ աղերս չունեցող»։
Դեպքից անմիջապես հետո հրապարակված պաշտոնական վարկածն ամփոփոխ է մնում։ Ըստ դրա՝ հունվարի 19-ի կեսգիշերն անց կապիտան Եղիշե Հակոբյանը բենզինով փորձել է վառել կացարանի մուտքի մոտ գտնվող վառարանը։ Զինվորներն այդ պահին քնած են եղել։ Որպես կպչան կապիտանը ավտոբենզին է օգտագործել։ Կայծից հրդեհ է բռնկվել, կապիտանը լուրջ այրվածնքեր է ստացել, մեխանիկորեն մի կողմ է շպրտել 5 լիտրանոց բենզինի տարան, որն ընկել է կացարանի մեջ։
Կապիտանը, ըստ այս վարկածի, մի կերպ կարողացել է դուրս գալ տնակից։ Հրդեհի էպիկենտրոնը եղել է մուտքի մոտ, տնակի պատուհաններին ճաղավանդակներ են եղել։ Զինվորներից երկուսին [ճաղավանդակները ծռելով] հանել են դրսում գտնվող ծառայակիցները։ Մյուսները մնացել են կրակի մեջ։
«Ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը», – փետրվարի վերջին հայտարարել էր ՔԿ-ն՝ շեշտելով՝ նույնիսկ կապիտան Հակոբյանն է հաստատել դա։
Ազատի հրդեհի գործով առայժմ 5 մեղադրյալ կա։ Նրանցից 4-ը բարձրաստիճան զինվորականներ են՝ անցնում են պաշտոնական անփութության հոդվածով։ Կապիտան Եղիշե Հակոբյանն էլ մեղադրվում է վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու մեջ։ Մեղադրյալներից երեքը, այդ թվում՝ կապիտանը, կալանավորված են։