Ազատ գյուղի կացարանում այրված զինվորների ծնողները վաղ առավոտյան հավաքվել էին պաշտպանության նախարարության, ավելի ուշ՝ արդեն Կառավարության․ հանդիպում են պահանջում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։
Դեպքից ժամեր անց գործադիրի նիստում հրապարակված պաշտոնական վարկածին ծնողները չեն հավատում։ Հարազատներից շատերը համոզված են՝ բենզինից բռնկված հրդեհի վարկածը արժանահավատ չէ, քննությունը ծածկադմփոց է արվում։ Չեն բացառում, որ հրդեհը կազմակերպվել է՝ հանցագործության հետքերը մաքրելու համար։
«Քննությունը անձամբ վարչապետն է ուղղորդել», – լրագրողների հետ զրույցում ասում էր զոհված Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը։
15 զոհված զինծառայողներից 13-ի ծնողների փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը երկրորդում էր՝ Փաշինյանը վարկածներ առաջ քաշելու լիազորություն չուներ, դեպքի օրը տեղի ունեցած կառավարության նիստը նա արտակարգ դատարանի էր վերածել, դեռ քննություն չեղած՝ արդեն մանրամասներ էր հրապարակում և մատնանշում մեղավորներին։ Հետագա ողջ քննությունը, ըստ էության, նրա, պաշտպանության նախարարի և Քննչական կոմիտեի ղեկավարի՝ դեպքից ժամեր անց հրապարակված վարկածի շրջանակներում է ընթացել։
Ծնողները հարցեր են տալիս
Ինչո՞ւ են 20-ից ավել զինվորների պահել երկսենյականի փոքրիկ տնակում՝ առանց տարրական կենցաղային պայմանների։ Ինչո՞ւ է վառարանը մուտքի մոտ տեղադրված եղել, ինչո՞ւ էին բոլոր պատուհանները փակված ճաղավանդակներով։ Ինչո՞ւ էր ԱԻՆ գնդապետը պնդում, որ զոհերի մարմինները մահճակալների վրա են հայտնաբերվել։ Ինչո՞ւ է նրա այս հայտարարությունը հետագայում հերքվել՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Հակասական հաղորդումներից ո՞ր մեկին պետք է վստահի հանրությունը։ Ինչո՞ւ ԱԻՆ-ը դեպքի վայրի լուսանկարներ չի արել, ո՞րն է պատճառը, որ այրված զինվորների մարմինները չեն նկարահանվել։ Ինչո՞ւ զինվորները չեն փորձել և չեն կարողացել դուրս գալ այրվող կացարանից։
Ծնողների այս հարցերը առ այսօր համոզիչ պատասխան չեն ստացել։ Նրանք սեփական հետաքննությունն են սկսել, օրեր առաջ մանրամասն ուսումնասիրել են դեպքի վայրը, ինչը մի շարք նոր հարցեր է երևան բերել։
Ինչո՞ւ են տղաները գլխից վառվել
«Մաղել ենք ամբողջ հողը, դեպքի վայրը ուսումնասիրել ենք, 7 հեռախոս ենք գտել, ժամացույցներ ենք գտել, այլ իրեր ենք գտել, որոնք նույնիսկ աշխատում են։
Հատակը վառված չէ՛ր։ Մենք մահճակալները ըստ ցուցակի, որտեղ որ եղել է, ըստ հերթականության տեղադրել ենք։ Ասում են՝ հրդեհը սկսվել է միջանցքից։ Ներս ես մտնում՝ փոքր մաս վառված է, ու վառված են երեխեքի գլուխների մասերը կոնկրետ։ Բայց անցուդարձի հատվածները վառված չեն, պոլի ներկը նույնիսկ թափած չի, իսկ մահճակալները վառված են։
Հրդեհը թռնելու հատկություն ունի՞», – հարցնում էր զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
Ո՞նց է ստացվել, որ կացարանի ամենաայրված հատվածները հենց զինվորների մահճակալներն են։ Ինչո՞ւ են զինվորների մարմինները գլխից վառվել։
«Ոսկին որ ոսկի է՝ հազար աստիճանի տակ է կորվում։ Երկաթը ո՞նց է ծռվել։ Բոլոր մահճակալները կամարաձև էին։ Եթե երկաթը ծռվեր տաքությունից, մեր երեխեքը պետք է մոխիր լինեին։
Ո՞նց եղավ, որ երեխեքի մարմինները վառված էին, բայց կային, իսկ գլուխները գոյություն չունեին։
Ո՞վ է հրաման տվել, որ մեր երեխեքի գլուխները վառեն։ Մենք մինչև վերջ գնալու ենք՝ մինչև արտաշիրիմում։ Բոլորի հենց գլուխներն էին վառված», – ասում էր Բարսեղյանը։
Փաստաբան Նորիկյանը հավելում էր՝ հրդեհի տարածման աշխարհագրությունից տպավորություն է, որ յուրաքանչյուր մահճակալի վրա առանձին-առանձին հրդեհ է բռնկվել։
Ալեն Սիմոնյանը ո՞վ է
Ծնողներին զայրացրել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե զինվորները «ապահովված են եղել ամեն ինչով»։
Զինվորի հայրը հարց է տալիս՝ Սիմոնյանը երբևէ գնացե՞լ է գյուղական այն կացարաններ, որտեղ 2020-ի պատերազմից և 2021-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո պահվում են հայաստանցի զինվորները․ «Ալեն Սիմոնյանը ճոռո-ճոռո խոսում է։ Ծնողների միջոցով արվել է ամեն ինչ։ Ես լվացքի մեքենա եմ ուղարկել, էս մարդը ջուրն է քաշել, էն մարդը ռեմոնտ է արել։ Մե՛նք ենք մեր երեխեքի պայմանները ստեղծել։ Ալեն Սիմոնյանը ասում է՝ ամեն պայման ունեցել են։ Իրենք ի՞նչ պայման են ստեղծել»։
Ինչո՞ւ են զինվորներին այսպիսի պայմաններում պահել
Արտյոմ Գրիգորյանն էլ պաշտպանության նախարարի հրաժարականն է պահանջում։ Ասում է՝ ո՞վ է պատասխան տալու, որ իրենց երեխաներին տարել են բանակ և գլուխները կերել։
«Ինչի՞ են երեխեքը այդ պայմաններում ծառայել։ Ո՞ւր են նկարահանումները, երբ որ երեխեքին դուրս են հանել։ Իրենք պիտի պատասխանեն՝ ինչի են մեր երեխեքը մահացել։ ․․․ԱԻ գնդապետը առաջին օրը [հանրային հեռուստատեսությամբ] ասաց՝ երեխեքը մահճակալներին են պարկած եղել։ 15 օր հետո դատախազությունը սա հերքեց։ Նա ի՞նչ ա հաղորդում, հիմա էլ հետ կանգնում։ Նրանք ուզում են այս դեպքը կոծկե՛ն», – ասում է զոհված զինվորի պապիկը։
ԱԻ գնդապետը դեպքից հետո հայտարարել էր, թե դիակների մեծ մասը մահճակալների վրա է եղել․ դատախազությունը սա շաբաթներ անց հերքել էր։ Հրդեհը վերապրած զինվորներն էլ ասել էր, թե քնած մարդ ինքը չի հիշում․ բոլորը ոտքի վրա էին, փորձում էին փրկվել։
տե՛ս Վարդենիսի հրդեհի մասին վկայությունները հակասական են
Ավելի լավ է դատվեին, քան ծառայեին
Պաշտոնական վարկածին չեն հավատում նաև զոհված զինվորների մայրերը։ Նրանք կարծում են, որ իրենց որդիները հրդեհից առաջ անգիտակից են եղել, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ չեն փորձել դուրս գալ, ինչո՞ւ են ներսում մնացել։ Զինվորներից մեկը, ըստ ծնողների, ժամը 00։30-ին ընկերուհու հետ է հեռախոսով խոսել։ Ո՞նց է 10 րոպեի ընթացքում այնքան խորը քնել, որ չի կարողացել հրդեհից պրծնել։
«Իրանք էս 15 երեխու արյունը չեն մարսելու։ Էսօր իրանք իրանց երեխեքին գրկել, հանգիստ քնել են։ Մենք մեր երեխեքի համար ամբողջ օրը պայքարի մեջ ենք, մեր տեղը չենք գտնում։ Մենք 18 տարի էտ երեխեքի հետ ենք եղել։ Իրանք մեզ ի՞նչ տվին՝ մոխրացած մարմիններ։
Ես մեր բոլոր հայ մայրերին կոչ եմ անում՝ բոլորդ մեկ եղեք ու չթողեք, որ ձեր երեխեքը գնան ծառայելու։ Դուք թող մեր օրը չհայտնվեք, ափսոս են մեր երեխեքը», – ասում էր մայրերից մեկը։
Մյուսը հավելում էր՝ մենք չենք հավատում, որ մեր երեխեքը հրդեհից են մահացել, դա նախօրոք կազմակերպված սպանություն է եղել․ «Ինչի՞ դուրս չեն եկել։ Ո՞նց կարային էդքան խորը քնեին, որ դուրս չգային։ Պատը կծակեին, ձեռուոտ վառելով դուրս կգային»։
— Այսինքն՝ պատերազմ լինի, թե չլինի, 18-ից 20 տարեկան զինվորները դատապարտված են մահվա՞ն։ Մենք սխալ արեցինք, որ էս անտեր պետության համար երեխա ուղարկեցինք։
— Հիմա ես նախընտում եմ, որ իմ երեխան գնա դատվի, քան էս պետության համար ծառայի։ Եթե մեր հայ մայրերը մեզ լսում են, թող մի բռունցք դառնան ու չթողնեն, որ իրանց երեխեքը գնան ծառայեն։ Թող դատվեն, բայց չգնան։
Մեղադրյալ կապիտանը հաստատում է պաշտոնական վարկածը
Անդրադառնալով զոհված զինվորների ծնողների փաստարկներին, Քննչական կոմիտեից փետրվարի 16-ին հայտարարել էին, թե նրանց «պնդումները որևէ աղերս չունեն փաստական տվյալների հետ»։ Հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու կամ հրդեհի միջոցով ինչ-որ հետքեր պարտակելու վերաբերյալ հայտարարությունները ՔԿ-ն ապատեղեկատվություն էր որակել։
«Ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը», – հավելել էր ՔԿ-ն՝ շեշտելով՝ կապիտան Եղիշե Հակոբյանը նույնպես իր ցուցմունքում հաստատել է պաշտոնական վարկածը։
Վարդենիսի զինվորական կացարանի հրդեհման գործով 5 մեղադրյալ կա։ Նրանցից 4-ը բարձրաստիճան զինվորականներ են՝ անցնում են պաշտոնական անփութության հոդվածով։ Կապիտան Եղիշե Հակոբյանն էլ մեղադրվում է վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու մեջ։
Ըստ պաշտոնական վարկածի, հունվարի 19-ի կեսգիշերն անց կապիտան Հակոբյանը բենզինով փորձել է վառել կացարանի մուտքի մոտ գտնվող վառարանը։ Զինվորներն այդ պահին քնած են եղել։ Որպես կպչան կապիտանը ավտոբենզին է օգտագործել։ Կայծից հրդեհ է բռնկվել, կապիտանը լուրջ այրվածնքեր է ստացել, մեխանիկորեն մի կողմ է շպրտել 5 լիտրանոց բենզինի տարան, որն ընկել է կացարանի մեջ։
Կապիտանը, ըստ այս վարկածի, մի կերպ կարողացել է դուրս գալ տնակից։ Հրդեհի էպիկենտրոնը եղել է մուտքի մոտ, տնակի պատուհաններին ճաղավանդակներ են եղել։ Զինվորներից երկուսին [ճաղավանդակները ծռելով] հանել են դրսում գտնվող ծառայակիցները։ Մյուսները մնացել են կրակի մեջ։
Եղիշե Հակոբյանը դեպքից հետո տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն։ Օրեր շարունակ նա վերակենդանացման բաժանմունքում էր։ Փետրվարի 15-ին առաջին անգամ հարցաքննվել է։
Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը պատմել էր, որ հարցաքննության ընթացքում նա հաստատել է, որ վառարանը վառելու համար բենզին է օգտագործել։
«Փայտը բերել են, թաց է եղել, չի կպել, կպչան չի եղել վառելու։ Մտածել է, որ սալյարկայով կկարողանան, բայց չի եղել սալյարկա», – փոխանցել է փաստաբանը՝ շարունակելով, որ կապիտանը դրսից բենզինի 5 լիտրանոց տարան է բերել։ Իր ասելով, այն կիսատ է եղել, սուրճի բաժակի չափով լցրել է վառարանի փայտի վրա. – «Կռացել ա, առաջ ա եկել, ասում ա՝ միանգամից բոցը տվեց երեսիս, ես վառվեցի։ Ասում ա՝ կպավ նաև կանիստրը»։
Ավելի ուշ բռնկվել է նաև բենզինի տարան։ Կապիտանը իր ցուցմունքում նշել է, որ այրվող տարան նետել է ոչ թե դեպի զինվորների ննջարան, ինչպես պաշտոնական վարկածն էր պնդում, այլ դեպի դուրս։
Կրակը, ըստ նրա, ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան։ Ինչո՞ւ տղաները դուրս չեն եկել ննջարանից, որի դուռը փակ չի եղել՝ կապիտանը չգիտի։
Ոչ կանոնադրական հարաբերություններ
Այն մասին, որ զինվորական կացարանում «ոչ կանոնադրական հարաբերություններ» էին, պատմում են և՛ զոհված զինվորների ծնողները, և՛ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։
Հակոբյանը, ըստ փաստաբանի, իր ցուցմունքում նշել է, թե ինժեներասակրավորային վաշտում կարգուկանոնը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չի եղել։ «Էնտեղ կարգ ու կանոն չի եղել։ Այսինքն՝ սիրողական մակարդակով… ընկերական տարբերակով», – հավելել է փաստաբանը։
Զոհերի հարազատները այլ կարծիք ունեն։
Զոհված Արտակ Ասրյանի հայրն ավելի վաղ պատմել էր՝ վերջին օրերին տղան անհանգիստ էր, հրամանատարի հետ ունեցած կոնֆլիկտից է խոսել, անգամ խնդրել է, թե ուզում է այլ տեղ շարունակել ծառայությունը։
Ասրյանը համոզված է՝ զինվորները հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի հետ խնդիրներ են ունեցել. «Աֆիցերի հետ կռվել էին, աֆիցերին ծեծել էին զինվորները։ Էրկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել։ Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ։ Ասեց՝ բոլորի համար էլ վատ ա»։
Գաբրիել Կիրակոսյանի որդին էլ, հոր խոսքով, պատմել է, որ տղաներից երկուսը կոնֆլիկտ են ունեցել դասակի հրամանատարի հետ․ «Կոնֆլիկտի մասին խոսք է եղել, ազգանունը չեմ կարող ասել, [անունը] Գոռ էր»։
Արդյո՞ք այս տեղեկություններն ուսումնասիրվում են իրավապահների կողմից՝ հայտնի չէ։