Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինծառայողներին 24 միլիոն դրամի դիմաց վաղաժամ ազատել զինծառայությունից․ նախագիծը շրջանառության մեջ է դրվել։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայության նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն ինտիտուտ ներդնել՝ պետբյուջե գումար վճարելու պայմանով:
Ըստ հիմնավորման, պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացնելու, շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցնելու և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությունը ամրագրվել էր դեռևս Կառավարության 2021-2026թթ. ծրագրով:
Գործող օրենքով ներդրվել է համակարգ, որը ենթադրում է 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (5 մլն դրամ չափով):
«Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով։ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում:
Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից:
Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը 3 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ», – ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է նեև աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը,
առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս) զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն:
Նշված գումարի չափը, ըստ ՊՆ-ի, նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը «արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է»: