Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հրամանով՝ ԱՄՆ-ի զինված ուժերը հրթիռակոծել են Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգի ուղղությամբ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ ԱՄՆ-ն ռմբակոծել է միայն այն ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից։
Որպես պատճառ նշվում է, – «Արևելյան Սիրիայի ուղղությամբ հարվածները օգոստոսի 15-ին Սիրիայում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների ԱՄՆ ուժերի վրա հարձակումների պատասխանն էին»։
Հարձակումն անհրաժեշտ էր Ամերիկայի անձնակազմը պաշտպանելու համար, իր հերթին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ Ջո Բուչինոն։
«Միացյալ Նահանգները ձեռնարկել է համաչափ, կանխամտածված գործողություններ՝ նպատակ ունենալով սահմանափակել էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնել զոհերի ռիսկը», – ասել է Բուչինոն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության, բայց կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իր անձնակազմը պաշտպանելու համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան ինքնաթիռները հարվածներ են հասցնում Իրաքում և Սիրիայում Իրանի կողմից աջակցվող ուժերին: Անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ն ռմբակոծել էր Սիրիայում և Իրաքում գործող հրամանատարության օբյեկտներն ու զենքի պահեստները:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնում է, որ ոչնչացրել է Սիրիայում «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ճամբարը։
«Ռուսական օդատիեզերական ուժերը ոչնչացրել են «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական ճամբարը, որը ներգրավված է Իդլիբ նահանգի Խան Շեյխուն և Սերակաբ շրջանների բնակավայրերի գնդակոծման մեջ», – ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։
Եգորովը մանրամասնել է, որ «լիկվիդացվել է կապի կենտրոնը, գրոհայինների շտաբը, ինչպես նաև հրետանային զինամթերքի պահեստը»։
Հիշեցնենք՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան ինտենսիվորեն ռմբակոծում է Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ տարածքները։ Վերջին 5 հարձակումներից հետո հաղորդվել է առնվազն 16 զոհերի մասին։
Ամերիկյան ուժերն առաջին անգամ տեղակայվել են Սիրիայում նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ԴԱԻՇ-ի դեմ արշավի ժամանակ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հետ համագործակցությամբ։ ԱՄՆ-ի մոտ 900 զինծառայող է տեղակայված Սիրիայում, որոնց մեծ մասը՝ արևելքում։
Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները հաստատվել են Սիրիայում՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում ի աջակցություն նախագահ Բաշար ալ-Ասադի կռվելու ժամանակ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Եփրատի արևմտյան մասում՝ Դեյր էլ Զոր նահանգում։