Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան ինտենսիվորեն ռմբակոծում է Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ տարածքները։ Իրաքում և Սիրիայում ծավալվող երկարամյա պատերազմը պաշտոնական Անկարան և նրան երկրորդող միջազգային մամուլը հաճախ ներկայացնում են որպես «հակաահաբեկչական» գործողություն։
Սիրիական SANA լրատվականը միայն վերջին 2 օրերի ընթացքում հաղորդել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան տարածքների ռմբակոծման 5 դեպքի մասին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, առնվազն 3 քուրդ հրամանատար է զոհվել։
Սիրիայի Կոբանե քաղաքի մերձակայքում Թուրքիայի զինված ուժերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Զոհերի վերաբերյալ տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հաղորդում։ SANA-ն, հղվելով իր ռազմական աղբյուրներին, գրում է ամենաքիչը 3 զոհի և 6 վիրավորի, Reuters-ը՝ առնվազն մեկ երեխայի զոհվելու մասին։
Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայի Մարդու իրավունքների դիտակետի» (Syrian Observatory for Human Rights) հաղորդմամբ՝ թուրքական զինուժը 17 մարդ է սպանել։ Սիրիայի հյուսիսում տեղակայված Hawar News քրդական գործակալությունն, իր հերթին, հայտնում է 16 զոհերի մասին, իսկ North Press Agency-ն՝ 22։
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը էսկալացիայի մեջ մեղադրել է քրդական ուժերին, որոնք, իբր, թուրքական Սանլիուրֆա սահմանամերձ մարզում հարձակման են դիմել, ինչի հետևանքով 1 թուրք զինծառայող է զոհվել։
Ավելին՝ Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ թուրքական ուժերի հակահարձակմամբ «չեզոքացվել են» 13 «ահաբեկիչներ», ինչը, ըստ Reuters-ի, կարող է ինչպես սպանություն, այնպես էլ՝ բանտարկում նշանակել։
Թուրքիան 2016 թվականից արդեն 3 խոշոր «ռազմական օպերացիա» է իրականացրել Սիրիայի հյուսիսում, գրավել մի շարք սահմանամերձ տարածքներ։
Թուրքական բանակի հիմնական թիրախը Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներն են(YPG), որոնցից հիմնականում բաղկացած են «Սիրիայի դեմոկրատական ուժերը»։ Թուրքիան բոլոր այս խմբավորումները կապում է PKK-ի՝ Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որին վաղուց ահաբեկիչ է հռչակել։
Հիշեցնենք, հուլիսի 19-ին Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները հանդիպեցին՝ Սիրիայի հարցը քննարկելու համար։ Մոսկվայի և Թեհրանի կարծիքով՝ Անկարան պետք է ազատի սիրիական տարածքի գրեթե 10%-ը, որը օկուպացրել է մի շարք ռազմական օպերացիաներից հետո։
Թուրքիան դեռևս ապրիլին Սիրիայի հյուսիսարևելքում նոր ռազմական օպերացիա էր սկսել ընդդեմ քրդական ուժերի։ Մոսկվան նախօրոք հայտնել էր իր դիրքորոշումը՝ դեմ են «սիրիական կարգավորման բազային սկզբունքների խախտմանը»: Այնուամենայնիվ, Ռուսաստանի ու Թուրքիայի օգոստոսի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, պարզ չէ՝ ինչ համաձայնությունների են եկել նախագահները և ինչ նախապայմանների դիմաց, որովհետև բանակցությունների բովանդակալից մասն անցկացվում էր փակ ֆորմատով։