Home / Բանակ / Թուրքիան ռմբակոծել է Իրաքի քրդական շրջաններից մեկը․ կա 9 զոհ

Թուրքիան ռմբակոծել է Իրաքի քրդական շրջաններից մեկը․ կա 9 զոհ

Երեկ Թուրքիայի տարածքից առնվազն 4 հրթիռ է արձակվել քրդական Զախո կիսաինքնավար զբոսաշրջային շրջանի ուղղությամբ։ Զոհվել է 9 զբոսաշրջիկ, ևս 23-ը՝ վիրավորվել են, հայտնում են Իրաքի իշխանությունները:

«Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը», – գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին իր թվիթերում։

Իրաքի կառավարությունը այս առնչությամբ հետ է կանչել Անկարայից Բաղդադի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Հիշեցնենք, որ հարձակումից ընդամենը 1 օր առաջ, Սիրիայի իրավիճակի կարգավորման համար, Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի նախագահները երկկողմ ու եռակողմ բանակցություններ էին վարում Թեհրանում։ 

Պաշտոնական Անկարան հերքում է բոլոր մեղադրանքները։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ թուրքական ռազմական գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին, և որ Թուրքիան առավելագույն ուշադրություն է դարձրել իր հակաահաբեկչական գործողություններում քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ 

«Մենք կոչ ենք անում Իրաքի կառավարությանը հայտարարություններ չանել՝ ազդված սարսափելի ահաբեկչական կազմակերպության հռետորաբանությունից քարոզչությունից և համագործակցել՝ բացահայտելու այս դաժան արարքի հեղինակներին», – ասվում է Թուրքիայի հայտարարության մեջ՝ վկայակոչելով Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): 

Երեկ տասնյակ իրաքցիներ դուրս են եկել բողոքի ակցիայի Թուրքիայի դեսպանատան մոտ, հանել դրոշը շենքից ու վառել այն։

Միացյալ Նահանգները նույնպես դատապարտել է հարձակումը՝ չվերագրելով այն Թուրքիային։

«Քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը», – հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Թուրքիան պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքի ուղղությամբ։ Սակայն, սա առաջին հարձակումն է, որի հետևանքով զոհվել են զբոսաշրջիկներ՝ բոլորը Իրաքի քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիան հերթական «հատուկ օպերացիան» է սկսել Իրաքի հյուսիսում, որը հայտնի է նաև որպես Հարավային Քուրդիստան։ Պարբերաբար գնդակոծվում են նաև Սիրիայի հյուսիսարևելյան տարածքները։ Թուրքական բանակը գրոհում է թե՛ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) պարտիզանների դիրքերը և թե՛ բնակավայրերը, որտեղ, ըստ նրանց, կան պարտիզանական ուժեր։ 

PKK-ի անդամներին և համակիրներին թուրքական պետությունը վաղուց ահաբեկիչ է հռչակել․ երկարամյա պատերազմը, որ ծավալվում է Իրաքում և Սիրիայում, պաշտոնական Անկարան և նրան երկրորդող միջազգային մամուլը հաճախ ներկայացնում են որպես «հակաահաբեկչական» գործողություն։ Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվում․ չկան ստույգ տեղեկություններ ո՛չ զոհերի, ո՛չ էլ ռազմական գործողությունների մասին։