Թուրքիայի համալսարանների քրդերեն լեզվի բաժիններ ընդունված ուսանողներն այլևս իրավունք չեն ունենա իրենց թեզերը քրդերենով ներկայացնել: Այսուհետ այդ բաժիններում բոլոր դասախոսությունները կանցկացվեն բացառապես թուրքերեն լեզվով: Այսպիսի որոշում է կայացրել Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհուրդը։
Տեղեկատվությունը բացահայտել է նախկին ակադեմիկոս Սելիմ Թեմոն, ով նախկինում Մարդին Արթուկլուի համալսարանի քրդագիտության դոցենտ էր։ 2017 թվականին կանոնադրական հրամանով Թեմոն հեռացվել է աշխատանքից՝ խաղաղության խնդրագիր ստորագրելու համար։ Այդ խնդրագիրը քննադատում էր Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի հարավ-արևելքում:
«Սա անհամբերության և անհանդուրժողականության նոր ակտ է. բուհերի քրդերենի և քրդական գրականության բաժիններում քրդերենով դիսերտացիա գրելը արգելվում է, բոլոր դասախոսություններն իրականացվելու են թուրքերեն լեզվով: Ահա թե ինչ է տեղական և ազգային ակադեմիան»,- թվիթերի իր էջում գրում է Թեմոն։
Քրդերեն լեզվի և գրականության ֆակուլտետ գործում է Թուրքիայի չորս համալսարաններում՝ Դիարբեքիրի հարավարևելյան նահանգի Դիքիլ համալսարանում, Մարդին Արթուկլուի համալսարանում, Բինգյուլի և Մուշի համալսարաններում:
Մայրենիով կրթությունը եղել է Թուրքիայի քրդերի առանցքային պահանջը: Թուրքական կառավարությունը քրդերենը թույլատրել է որպես դպրոցներում ընտրովի դասընթաց և քրդական խաղաղաշինական ծրագրերի շրջանակներում բուհերում քրդագիտության կուրսեր է ներմուծել։ Քրդերի հետ խաղաղություն կառուցելու գործընթացի աստիճանական տապալման պայմաններում, քրդերենի և քրդական գրականության ուսուցումն այլևս պաշտոնական Անկարայի օրակարգային հարցերից չէ։