Home / Համայնքներ / Ով ում հետ է նախընտրական Էջմիածնում

Ով ում հետ է նախընտրական Էջմիածնում

Վաղարշապատում արտահերթ ընտրություններ էին նշանակվել Դիանա Գասպարյանի ֆիասկոյից հետո։ Քվեարկությունն այսօր է։ Համայնքապետի պաշտոնի համար ամենաշատը պայքարում են գործող ժ/պ, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը և ամենահայտնի «սաքուլիկ» Սևակ Խաչատրյանը։

Ընդդիմադիր թեկնածուները նախընտրական քարոզչություն էին անում աշխարհաքաղաքական և աստվածաբանական թեմաներով։ Իշխող կուսակցությունը փռում էր ասֆալտ։ Մեդիան կարևորում է իվենթը որպես 2026 թվականի համապետական ընտրությունների մինի տարբերակ։ Սրան գումարվում է Գարեգին Բ-ի և Նիկոլ Փաշինյանի կռիվը․ Էջմիածինը Վաղարշապատ համայնքի մաս է համարվում։  

«Մեր քաղաքում ռեզոնանսը շատ է՝ գողականներ, տերտերներ, գեներալներ», — ասում է էջմիածնեցի մեր զրուցակիցը։ Նախընտրական դեբատներին այստեղ շատ քչերն են լուրջ վերաբերվում։

Խոյն էր պակաս

Վաղարշապատում արտահերթ ընտրություններ նշանակելու համար Կառավարությունը ստիպված եղավ լուծարել Խոյ խոշորացված համայնքը։ Մայիսին առաջին կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց, որ դատվի հակակոռուպցիոն դատարանում։ Հանրային սեփականության սեփականացման մեջ հեղափոխական քաղաքապետը մեղադրվում է ընտանյոք հանդերձ։ 

Մի քանի ամիս առաջ իշխանությունը Վաղարշապատ խոշորացված համայնքին միացրեց խոշորացված Խոյը։ Անիմաստ այս սիմբիոզը իրավական հիմք դարձավ արտահերթ ընտրություններ նշանակելու համար և լուծեց ՔՊ-ի ներկուսակցական ճգնաժամը։ Էջմիածնում ՔՊ-ն հարմար թեկնածու չուներ, համայնքապետի ժ/պ բերեցին Խոյի ղեկավար Արգիշտի Մեխակյանին, որը գլխավորեց նաև նախընտրական ցուցակը։

photo_2025-11-15_16-23-30

Ամենասաքուլիկը

Էջմիածնում իշխանության է հավակնում հատկապես «Հաղթանակ» դաշինքը՝ քվեաթերթիկ համար մեկ։ Դաշինքը «Առաջ» կուսակցության և Դաշնակցության միությունն է։ Քաղաքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան։

Խաչատրյանին գիտեն բոլոր նրանք, ովքեր հետևում էին 2010-ականների մեմերին։ ՀՀԿ երիտթևից էր, Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ։ 2013-ին համակարգում էր Ուսխորհրդի տղաների հարձակումը լրագրողների վրա, որոնք եկել էին լուսաբանելու Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը։ Միջադեպից հիշվեց «Սաքուլիկ, կիլդիմ մի սարքի, դրանք բոզ են» արտահայտույթունը։ Սաքուլիկը դարձավ հավաքական անուն։ Ամենահայտնի սաքուլիկը դարձավ Սևակ Խաչատրյանը։ Նրան անմիջապես նշանակեցին Տնտեսագիտականի պրոռեկտոր և հեռացրեցին պաշտոնից 2018-ի նոյեմբերին միայն։

2021-ից Սևակ Խաչատրյանը Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր անդամ է։ Նրան հիմա մեղադրում են ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ համագործակցելու համար․ ինքն էլ է կողմ քվեարկել նախագծերին, որոնցով համայնքային գույք և հողեր են օտարվել։

Խաչատրյանի դաշինքը խոստանում է վաղարշապատցիներին վերագտնել կորսված հաղթանակը, վերականգնել էջմիածնեցու խարխլված հույսը, գնահատել խոյեցու արդար քրտինքը և «զավակներին ժառանգել ոգեղեն, ամուր, լուսավոր համայնք»։ Խաչատրյանը վայելում է եկեղեցու աջակցությունը:

Նախընտրական փուլում Էջմիածնում շրջում էին «Հաղթանակի» քարոզչական մեքենաները, երիտասարդները հուդիներ և շապիկներ էին կրում դաշինքի լոգոներով, մանկահասակ երեխաները զբաղվում էին քարոզչությամբ, տեսախցիկների առջև սպասում էին, որ համայնքապետի թեկնածուն իրենց գրկի ու օդ բարձրացնի։ Բյուջե էր հատկացվել փողոցային, սոցցանցային և մեդիա գովազդի համար։ 

ՔՊ-ն Դիանայից հետո

«Քաղաքացիական պայմանագիրը» նորից 7-րդ համարի տակ է։ Համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ծագումով Արագած գյուղից է՝ Արմավիրի նախկին փոխմարզպետ, Խոյի նախկին համայնքապետ, Վաղարշապատի գործող ժ/պ։

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների ցուցակում գործազուրկներ համարյա։ Այստեղ են դպրոցների տնօրենները, պոլիկլինիաների վարիչները, պետաշխատողները, միջինից խոշորի ձգտող բիզնեսմենները։ Քարոզարշավի ժամանակ Համայնքապետարանի աշխատակիցները քաղաքով մեկ փակցնում էի ՔՊ-ի պաստառները, ընտրություններից առաջ համայնքապետի ժ/պ-ն ասֆալտապատում, տանիքների վերանորոգում, բակային բարեկարգումներ էր անում։ Սա կոչվում է վարչական ռեսուրսի չարաշահում։

Տեղ-տեղ չարաշահվում էր նաև ֆինանսական ռեսուրսը։ Երկու քրեական գործ կա․ 1) Արգիշտի Մեխակյանը և ուրիշ ՔՊ-ականներ մասնակցել են ճոխ բարեգործական միջոցառմանը, երբ բարեգործություն անել չէր կարելի; 2) ՔՊ անդամ, համատեղությամբ դպրոցի տնօրեն և ընտրական հանձնաժողովի նախագահ, նաև բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Անուշ Համբարձումյանը նվերներ է բաժանել պոտենցիալ ընտրողներին։

Վաղարշապատի բնակիչներին ՔՊ համայնքապետի թեկնածուն հիմա խոստանում է ազնվություն, հոգատարություն, աշխատանք, մանկապարտեզներ, ասֆալտ։ Դիանա Գասպարյանից հետո Արգիշտի Մեխակյանը խոսելու շատ տեղ չունի և ստիպված ապավինում է անձնական ռեպուտացիային։ Մեխակյանի քարոզարշավը հակադրվում է նրա դեմ տարվող հակաքարոզչությանը։ Արգիշտիին մեղադրում են «ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված հորն ուրանալու, հողերը հանձնողի հետ համագործակցելու» մեջ։ Նրա քարոզարշավի կարգախոսն է՝ «Արժանի հոր արժանի զավակ»։ 

photo_2025-11-15_16-21-10

photo_2025-11-15_16-21-06

շներին` սահման

Ընտրություններին մասնակցում է նաև զինվորականների Համահայկական ճակատը՝ քվեաթերթիկ համար երկուօ։ 35 հոգանոց ցուցակի մոտ 82 տոկոսը գործազուրկ է։ Ճակատը համալրել են սպաները, որոնց վերջերս են ազատել աշխատանքից։

Կուսակցության ղեկավար, գեներալ Արշակ Կարապետյանը փախած է։ Հետախուզումից նա թաքնվում է Մոսկվայում։ 2021-ն  Կարապետյանը մի քանի ամիս զբաղեցրել է Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Դատախազությունը նրան մեղադրում է ադրբեջանական հարձակման մասին Հայաստանի իշխանություններին չզեկուցելու մեջ։ ՔՊ-ականները հետին թվով հայտարարում են, թե Փաշինյանը նրան ՊՆ նախարար էր նշանակել Կրեմլի ցուցումով, և ակնարկում, որ նա ռուսական ագենտ է։

Էջմիածնում հետախուզվող գեներալի կուսակցությունը ներկայացված է նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանով, որը միշտ կոմուֆլյաժ է հագնում և սիրում է լսել բանակային երգեր։ Վաղարշապատցիներին նա խոստանում է ծառայել։

Սիմոնյանը ուզում է լուծել թափառող շների խնդիրը։ Ըստ նրա, դա հնարավոր է անել շատ արագ․ «Վերցնում ենք էդ շներին և ուղարկում ենք սահման․ այնտեղ կապրեն, կուտեն, մեր զինվորին կպաշտպանեն, գումար էլ պետք չի»։ 

Քարոզարշավի ժամանակ նախկին սպաներն ամենաշատն էին բողոքում վախի մթնոլորտից։ Ասում էին՝ քանի որ մարդիկ գյուղերում շատ վախեցած են, չեն դիմավորում իրենց, չեն ուզում իրենց հետ շփվել, չեն գալիս իրենց հավաքներին։ Կա վարկած, որ գյուղացիները ուղղակի չեն համակրում իրենց ուժին։ Բայց Սիմոնյանը սա շատ քիչ հավանական է համարում։ 

գեներալ Մանվելի ժառանգությունը

Էջմիածին է վերադարձել նաև «Ժառանգությունը»՝ համար վեց։ Ռաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել նախկին զինվորական Արկադի Փայտյանին։ Փայտյանը հայտնի է նրանով, որ 2008 թվականին եղբոր հետ միասին ծեծել է Արմավիրի քննչական բաժնի քննիչ Արթուր Հովհաննիսյանին։ 

«Ժառանգության» երկրորդ համարն է գեներալ, նախկին ՀՀԿ պատգամավոր, նախկին ամբաստանյալ, հայտնի էջմիածնեցի Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը։ Այծեմնիկը ավելի պոպուլյար է, քան Փայտյանը։ Լրագրողների հարցերը հիմնականում ուղղված են նրան։ Հարցերը մոտավորապես այսպիսին են․ «2020-ի պատերազմին պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալել են, որ նա չխանգարի Արցախը հանձնելուն, արդյո՞ք այդպես եք կարծում»։ Պատասխաները հիմնականում այսպիսին՝ «Այո, այդպես եմ կարծում, դա պարզ էր նույնիսկ 2018-ին»։

Էջմիածնում խոսակցություններ էին պտտվում, որ «Ժառանգությունը» ղարաբաղցիներին ընտրակաշառք է տալիս փայտի, մթերքի տեսքով։ Քարոզարշավում ներգրավված փախստականներին խոստանում են, որ ընտրություններից հետո, եթե իշխանության գան, կօգնեն լուծել բնակարանի հարցը։

Ժառանգությունը խոստանում էր նաև թեթևացնել ջերմոցներ ունեցող տնտեսվարողների թղթաբանական բեռը։ Սպեցիֆիկ թեմայի ընտրությունը, ըստ տեղացիների, պայմանավորված է նրանով, որ ցուցակի չորրորդ համար Մրազ Քոչարյանը ջերմոցներ ունի։

photo_2025-11-16_19-36-58

photo_2025-11-15_16-20-54

անճառ շինարար

5-րդ համարի քվերաթերթիկը «Ազատ դեմոկրատներինն» է։ Համայնքապետի թեկնածու Վահրամ Ազատյանը «ճառեր ասել չգիտի», քանի որ «շինարար է, գործ անող մարդ»։ 

«Ազատ դեմոկրատների» 1-ին համարը, նաև 5-րդ համար Արթուր Մակարյանը և 8-րդ համար Աշոտ Սաֆարյանը «Ավա գրանիտ» ՓԲԸ-ի բաժնետերեր են։ Ընկերության գլխավոր տնօրենը ՔՊ-ական Վազգեն Դարբինյանն է, ոը 2018-ից 2023 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ։ «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 2023-ին (Դիանա Գասպարյանի օրոք) 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի մոտ գտնվող «Գարուն» կինոթատրոնի շենքը, որի տեղում հիմա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում: 2020-ի սեպտեմբերին Ազատյանը հիմնել է նաև «ԱՎԴ Սերվիս» ՍՊԸ-ն: Այս ընկերության տնօրենն էլ է ՔՊ-ական Վազգեն Դարբինյանը:

Դեմոկրատների քարոզարշավը ավելի աղքատ է, քան նրանց թեկնածուն։ Ազատյանը հիմնականում խոստանում է շենացնել Էջմիածինը և չլինել նախկինների կամ ներկաների պես։ ՔՊ-ականներից բացի՝ Ազատյանը ընկերություն է անում էջմիածնեցի գողական Դոն Պիպոյի հետ, որը խաչակիրների միություն ունի, բայց ստիպված է թաքնվել արտասահմանում։

«Ազատ դեմոկրատների» քարոզարշավը Վաղարշապատի համար անհետևանք չի մնա։ Քաղաքում տեղադրել են «Բոլոր ժամանակների զինվոր հայի» արձանը, որը զարդարված է հեթանոսական նշաններով և խաչերով։ 

photo_2025-11-15_16-24-20

photo_2025-11-15_16-20-13
«Բոլոր ժամանակների զինվոր հայի» արձանը

Խոստանում է կտրել ձեռքերը

Ընտրություններին գեոպոլիտիկ երանգ էր տալիս նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ երեք։ Եվրոպամետների թեկնածուն է Հարություն Մկրտչյանը՝ Երվաքվեի ակտիվիստ, որը հաճախ հայտնվում է Պետրոս Ղազարյանի տաղավարում որպես հակառուս քաղաքագետ։ Մկտչյանը չունի գույք և աշխատանք։ Նա վստահ է, որ այդպիսին է ցանկացած միջին վիճակագրական վաղարշապատցի։

«Հանրապետության» քարոզարշավը ընդգրկուն օրակարգ ուներ՝ և՛ տեղական, և՛ հանրապետական, և՛ ռեգիոնալ, և՛ աշխարհաքաղաքական հարցեր։ Էջմիածնի ջրի մեջ կորած նկուղները, թափառող շները, ծակ տանիքները, Ռուսաստանի թուլացող ազդեցությունը, սերժաքոչարյանական վտանգը, «Գյումրի 2 չի լինելու», «Ռուսական գուբերնիա չենք դառնալու» և այլն, և այլն։ Մկրտչյանը խոստացել է, որ կկտրի իր երկու ձեռքերը, եթե համագործակցի ռուսամետ ուժերի հետ։ Եթե հաղթի, նա արտոնելու է նաև Նիկոլ Փաշինյանի «հոգևոր հավաքը» Էջմիածնում։ Նման խոստում նույնիսկ Մեխակյանը չի տվել։

photo_2025-11-15_16-24-29 (1)

photo_2025-11-15_16-20-30

Կաթողիկոսը հիշաչար է

Չորրորդ համարն է քոչարյանական նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը։ Թևանյանի թիմը շատ խոստումներ չի տալիս, բայց տարածում է քաղաքական ատելություն։ Հիմնականում ՔՊ-ի, բայց նաև անձնապես Արգիշտի Մեխակյանի դեմ՝ «հորը ուրացող», «թրքահպատակ» և այլն։ 

«Մայր Հայաստանը» կուզեր պաշտպանել կաթողիկոսին, բայց կաթողիկոսը չի ուզում։ Եկեղեցականները նրանց հիմնականում անտեսում են։ Ենթադրություններ կան, որ պատճառը Գարեգին Բ-ի հիշաչարությունն է։ Թևանյանի լրատվամիջոցը (7օր) մեղադրում էր կաթողիկոսին անբարոյականության և կոռումպացվածության մեջ, երբ դա դեռ պոպուլյար չէր, և սատարում էր ֆեյսբուքյան մի խմբին, որը եկեղեցական բարեփոխումներ և կաթողիկոսի հրաժարական էր պահանջում դեռ 2010-ականներից։

Վանեցյանին կից գրող

Վերջում «Հայրենիք» դաշինքն է տեղացի մտավորական, մոլի ազգայնական, գրող Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ, որը պատրաստ է պայքարել արտաքին և ներքին թշնամիների դեմ։ Վաղարշապատի ընտրություններին ընդառաջ Մանուկյանը կցվել է Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կուսակցությանը։

___

Քվեարկությունը կավարտվի քիչ անց՝ ժամը 20։00-ին։ Արդյունքները հայտնի կդառնան ուշ գիշերը։