Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում նորից ՏԻՄ ընտրություններ էին։ Այս անգամ՝ արտահերթ։
Կիրակի առավոտյան 8-ի կողմերը հասանք Այգավան։ Ընտրատեղամասերն արդեն բացվել էին։
Առաջին բանը, որի մասին լսեցի, «տղերքի կռիվն» էր․ քարոզարշավի ժամանակ՝ մարտի 25-ին, համայնքապետի թեկնածու Սպարտակ Թարթիկյանի տղերքը ծեծել են ՔՊ-ականներին, ավելի կոնկրետ՝ Այգավանի բնակիչ Նշան Հայրապետյանին, ով այդ պահին կանգնած էր համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանի կողքին։ Սարգսյանը, ով մինչև վերջերս Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարն էր, հայտնի է հիմնականում կոկորդիլոսաբուծարան հիմնելու նախաձեռնության շնորհիվ, որ փորձում էր իրագործել 2019 թվականին, երբ դեռ Արարատի մարզպետ էր։
Այգավանի ճանապարհները ասֆալտապատ են, դեպի գյուղ ճամփեքը՝ կարկատաններ։ Ծառերն արդեն ծաղկել են։ Գարիկ Սարգսյանը մեզ նայում է պատերին փակցված կապույտ ու սպիտակ, իսկ Սպարտակ Թարթիկյանը՝ կարմիր ու սպիտակ պաստառներից։ Սարգսյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագրի», Թարթիկյանը՝ «Իմ հզոր համայնքի» ցուցակը։ Վերջինս հայտնի է որպես Սիսավանի նախկին գյուղապետ․ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հիմնադրել է 2021-ի սեպտեմբերին՝ որպես համամասնական ընտրակարգի հարթակ նախկին հանրապետական համայնքապետերի համար:
«Իրանք իրար մեջ համ մտած են, համ իրար դեմ դուրս եկած», – այս երկու ուժերի միջև մրցակցությունը մեկնաբանում է այգավանցի զրուցակիցս։
Մի կողմից՝ «Իմ հզոր համայնքի» տղերքը ծեծում են ՔՊ-ականին, մյուս կողմից՝ «ՔՊ-ի թեկնածուներից մեկը ՀՀԿ-ի նախկին փող բաժանողն է՝ Ջանիկ Միրզախանյանը, ով գյուղում հայտնի է որպես վաշխառու»։ Միրզախանյանը, ասում են, գյուղացիներին տոկոսով (ավելի կոնկրետ՝ 10 տոկոսով) փող է տալիս, իսկ վերջին շրջանում՝ զբաղվում նախկինների դեմ պայքարով։
Վեդի խոշորացված համայնքը բաղկացած է 19 բնակավայրերից՝ 28 ընտրատեղամաս։ Ամենահամատարած խնդիրը կուտակումներն են՝ ընտրատեղամասի շրջակայքում, դեպի տեղամաս տանող ճանապարհներին։ Դրանք հաճախ բաժանված են երկու մասի․ անորոշ ամբոխի մի կողմում տասովկա են անում «Իմ հզոր համայնքի», մյուս մասում՝ ՔՊ-ի վստահված անձինք։
Ինչ-որ մարդիկ հայհոյում էին news.am-ի լրագրողին․ ոստիկանություն եկավ, նրանցից մեկին բերման ենթարկեցին։
Ավելի ուշ իմացանք, որ առավոտյան Ուրցաձորի 13/24 տեղամասի մոտ ՔՊ-ի համակիրները ոհմակով հարձակվել և ծեծել են «Իմ հզոր համայնքի» կողմնակցին։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ։
Վանաշենում դիտորդները ֆիքսել էին Երևան-Վեդի միկրոավտոբուսների հոսք․ մարդկանց բերում էին, բայց չէին տանում։ ««Իմ հզոր համայնքը» Երևանում ապրող մեր հայրենակիցներին քվեարկության է բերել», – բացատրում էր տեղացիներից մեկը։
Կային նաև ավելի կարևոր քաղաքական հարցեր։ Օրինակ՝ զուգարանի հարցը։ Ընտրատեղամասերից շատերում զուգարաններ չկան։ Բացառությամբ դպրոցների, որտեղ զուգարաններ կան, բայց վատն են՝ առանց ջրի, պպզովի, նաև կեղտոտ։ Մեզ հանդիպած լավագույն զուգարանում ծիծեռնակի բուն կար։ Հանձնաժողովի նախագահը լքում է ընտրատեղամասը, որ գնա ընկերոջ տուն՝ զուգարան։
Ցերեկը Վեդու 1-ին դպրոցի տեղամաս էին եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը՝ առանց վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի։ Սկսել էին վիճել «Իմ հզոր համայնքի» վստահված անձի հետ։ Տեղամասի ոստիկանը նրանց դուրս էր հանել։ Վիճել էին նաև ոստիկանի հետ․ «Դուք գոնե գիտե՞ք՝ մենք ով ենք․ մենք Ազգային Ժողովի պատգամավորնե՛ր ենք»։
Սիսավանի նախկին գյուղապետ, «Իմ հզոր համայնքի» թեկնածու Սպարտակ Թարթիկյանը քվեարկել է 13/9 տեղամասում։ Պատմում էին, որ Թարթիկյանը տեղամաս է մտել Հ2-ի, 168 ժամի և TV5-ի լրագրողների և օպերատորների ուղեկցությամբ։ Հանձնաժողովի երկու անդամներ նրան ողջունել են հոտնկայս ու ծափերով, որպես «մեր հաղթանակած թեկնածուի»։ Լրագրողները սա նկարել են։ Հանձնաժողովի նախագահը քիչ հետո նրանց դուրս է հրավիրել։ Կազմվել է արձանագրություն, որը ընդունվել է նաև ծափ տվող հանձնաժողովականների կողմից։ Նրանցից մեկը արդարացել է, թե՝ «հորեղբորս տղեն ա, բա ծափ չտա՞յի»։
Հանձնաժողովի նախագահը պատմում էր, որ լրագրողները դադարեցրել են նկարահանումը հենց այն պահին, երբ ինքը միջամտել ու փորձել է կասեցնել քարոզչական ակցիան։ Այլ կերպ ասած՝ նկարել են մենակ ծափերի պահը։
Ասում էին՝ Հ2-ը մասնագիտական գործունեությունը շարունակել է նաև մուտքի մոտ․ լրագրողները, որոնք տեղամաս էին եկել «Իմ հզոր համայնքի» թեկնածուի ուղեկցությամբ, ընտրողների հետ հարցազրույցներ անելիս հարցնում էին․ «Ինչպիսի՞ համայնք կուզեիք ունենալ, արդյո՞ք կուզեիք ունենալ հզոր համայնք․․․»։
Երկրորդ փորձից ՔՊ-ն հաղթեց
Վերջին 4 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ խոշորացված Վեդին ավագանի է ընտրում։ Առաջին փորձը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին․ այն ժամանակ (չնչին տարբերությամբ) հաղթեց Սիսավանի նախկին գյուղապետի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ ՔՊ-ն երկրորդ տեղում էր, «Հանրապետություն» կուսակցությունը՝ երրորդ։ Կոալիացիա չձևավորվեց։ ՔՊ-ի և «Հանրապետության» բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրեցին, նորընտիր ավագանին լուծարվեց, նշանակվեցին նոր ընտրություններ։ Նախորդ ընտրություններում պարտված Գարիկ Սարգսյանն էլ դարձավ համայնքի ղեկավարի ժ/պ։
Այս ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սարգսյանի գլխավորությամբ․ ՔՊ-ն ստացել է քվեների 57.5, «Իմ հզոր համայնքը»՝ 42.5 տոկոսը։