Ղարաբաղից տեղահանված մարդկանց բնակապահովման հարցը մինչև հիմա չի լուծվել։ Արդեն տարիուկես է՝ կառավարությունը 2-ից 5 միլիոն դրամի սերտիֆիկատներ է բաժանում նրանց, ովքեր համաձայնել են Հայաստանի քաղաքացիություն ընդունել։ Բայց փախստականների չնչին տոկոսն է օգտվել ծրագրից․ բնակարանի գնման հավաստագիր վերցրած մարդկանց մեծ մասը այն չի կարողացել իրացնել։
Հայաստանը բաժանվել է մի քանի գոտիների։ Հատկացվող գումարի չափը որոշվում է ըստ բնակավայրի։ Նրանք, ովքեր հաստատվել են տնտեսապես ակտիվ քաղաքներում, կստանան ավելի քիչ գումար՝ մարդահաշվով 2-ից 3 միլիոն դրամ։ 5 միլիոնը նախատեսվել է հեռավոր գյուղերի և կիսալքված քաղաքների համար։ Տներն այնտեղ ավելի էժան են, բայց աշխատանք չկա։
120 հազար փախստականներից ընդամենը 3 551 ընտանիք է սերտիֆիկատ վերցրել։ Միայն 1 432-ն են կարողացել այն իրացնել, որից 299-ը՝ մինչև 3 հոգուց բաղկացած ընտանիքներ։ Տվյալներն Epress.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել են Սոցապ նախարարությունից։
Տներն թանկանում են։ Սոցիալական օգնությունը տրվում է մեկ շնչի հաշվարկով։ Մեծ ընտանիքների դեպքում հերիքում է քաղաքներում տուն առնելու համար, փոքր ընտանիքները ստիպված են հաստատվել ավելի էժան բնակավայրերում, միայնակ մարդիկ տեղ չեն գտնում նույնիսկ գյուղերում։ Նրանց համար ժամանակավոր լուծումներ են փնտրում բարեկամները ու համայնքապետարանները։ 90-ականների պրիվատիզացիայից հետո պետությունը սոցիալական կացարաններ առանձնապես չունի։ Միայնակներին փորձում են տեղավորել որտեղ պատահի։
«Սերտիֆիկատները ոչ մի հարց չեն լուծելու։ Գները աճում են։ Պիտի շենքեր կառուցեին ու տային մարդկանց, ներգրավեին նրանց նաև շինարարության մեջ», — ասում է ստեփանակերտցի Դավիթը։ Կառավարությունից արդարանում են, որ եվրոպական կառույցները չեն խրախուսում նոր բնակավանների հիմնումը՝ համարելով դա գետտոյացման քաղաքականություն։
Սոցապը հիմա ժամանակավոր լուծումներ է փնտրում։ Նոր նախագիծ է հաստատվել՝ 10 տարով բնակվարձի փոխհատուցում են տրամադրելու մինչև 3 հոգանոց ընտանիքներին։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա ամսական 40 հազար դրամ։ Միայնակները 40 հազարով տուն վարձել չեն կարող։
Շուշեցի Ռազմելան 87 տարեկան է, երեխաներ չունի, ամուսինը 15 տարի առաջ է մահացել։ Ապրում է Վաղարշապատում՝ քրոջ հետ, որին պահում են աղջիկն ու փեսան։ Երեխաները սեփական տուն են վարձել, սենյակներից մեկը տվել են Ռազմելային և քրոջը: Եթե նրան այստեղ չընդունեին, կհայտնվեր դրսում։ Թոշակը 40 հազար դրամ է, առաջ 40+10 հազար դրամի նպաստ էին տալիս բնակարան վարձելու համար։ Մինչև ապրիլ ամիսը 40+10 հազարից օգտվում էին բոլոր տեղահանված ղարաբաղցիները, իսկ հիմա՝ միայն թիրախային խմբեր (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ և այլն)։
Նախկին 40+10 հազարի փոխարեն թոշակառուներին հասնում է 30 հազարի սոցօգնություն։ Հաջորդ ամսվանից դրան կգումարվի նաև 40 հազարի ծրագիրը՝ «նպատակային աջակցություն բնակարանի վարձակալության համար», որից կօգտվեն մինչև երեք հոգանոց ընտանիքները։ Բայց 110 հազար դրամով Ռազմելան չի կարող առանձին տուն վարձել, կոմունալներ վճարել, սնվել և հակտապես գնել այն դեղերը, որոնք ցուցված են իրեն։
Կառավարությունից ասում են, որ կարիքավոր փախստականների համար կա հրատապ սոցաջակցության լրացուցիչ ծրագիր, որը գործում է այս տարվա հունիսից։ Ռազմելան այս ծրագրից օգտվել չի կարող, քանի որ կարիքավոր են համարվում միայն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամուտը չի գերազանցում 55 հազար դրամը։
«Շուշիում սեփական տուն ունեի, լավ այգի ունեի, լավ տուն, լավ տեղ։ 60 հազար պենսիա էի ստանում, որից 20 հազարը միայնակի վճարն էր։ Ամեն ամիս պեսոկ, ձեթ, հավ, յուղ, ջեմ, կոնսերվաներ էին տալիս։ Ղարաբաղում նույնիսկ դեղերն էր անվճար, բայց էստեղ առնում եմ։ Կովեր ունեի՝ կաթ, պանիր, մածուն էի ծախում», — պատմում է Ռազմելան։
Քրոջ, նրա աղջկա, փեսու և թոռների հետ ապրելն իր առավելություններն ունի՝ քուրը ճաշ է եփում, հոգ է տանում նաև իր մասին, բայց Ռազմելան կուզեր սեփական անկյունն ունենալ․ «Մի փոքր օջախ լիներ, որ մեջը հանգիստ նստեի, գոնե արխային մեռնեի»։
Հադրութեցի Շուշիկն էլ է միայնակ թոշակառու, ունի տարբեր առողջական խնդիրներ։ Որդիներից մեկը զոհվել է 44-օրյայի ժամանակ, հարսը ապրում է ծնողների հետ։ Մեծ տղան արդեն սեփական թոռներն ունի՝ 10 հոգանոց ընտանիքով բնակվում են երկու սենյականոց տան մեջ։ Շուշիկը չի ուզում բեռ դառնալ նրանց համար։
Նա երկու ամիս առաջ սենյակ է վարձակալել Էջմիածնի մանկական սրճարաններից մեկի տարածքում։ Քանի որ սրճարանը լավ չի աշխատում, տերը հետնամասի սենյակները վարձով է տվել երկու ղարաբաղցիների և երեք հայաստանցիների։ Ամեն մեկից ամսական 60 հազար դրամ վերցնում, գումարած 5 հազար կոմունալի համար։ Տարածքում շատ ցուրտ է, բայց սենյակներն առանձին ջեռուցել չի կարելի․ սրճարանի տերը հատուկ հաշվիչներ է դրել։
Շուշիկը 2023-ին է եկել Էջմիածին․ «Ինձ ասեցին, որ Լեոնիդ Ազգալդյանի փողոցում Մայր Աթոռն անվճար հանրակացար է տալիս ղարաբաղցիներին»։ Մի տարուց Եկեղեցին անջատել է հանրակացարանի տաք ջուրը։ Բնակիչների մեծամասնությունը ստիպված հեռացել է, մնացել են նրանք, ովքեր գնալու տեղ ընդհանրապես չունեն։ Շուտով նրանց էլ վտարել․ Մայր աթոռն ասել է, որ տարածքը «պետք է ազատել ուսանողների համար»։
Արցախցիներին օգնելու էյֆորիան արդեն անցել է։ Սեփական տարածքները փախստականներից «ազատել են» համայնքապետարանները, մարզպետարանները, մեցենատ բիզնեսմենները և բարերար անհատները։ Հիմա ակտիվացումներ են լինում ընտրություններին ընդառաջ․ Վաղարշապատում ղարաբաղցի կամավորներին կուսակցություններից մեկը խոստացել էր «ապրելու տեղ տալ, եթե անցնեն ավագանի», բայց չանցան։ Քեթրինի Միհրանի կուսակցությունը վերջերս հայտարարել էր, որ Եղվարդում առանձնատուն կտրամադրի փախստականներին, բայց հայտարարությունն արդեն ջնջել են։
Հադրութեցի Լուսինեն և 5 տարեկան Նարեկը 2023-ից հետո ապրել են համայնքային կիսաքանդ հանրակացարանում։ Համայնքապետարանից ասել են, որ տարածքը պետք է ազատել։ Լուսինեն վերադարձել է եղբոր տուն։ Հարաբերությունները բարեկամների հետ լարված են, երեխուն պահող չկա, մայրը չի կարողանում աշխատել․ «Ես սերտիֆիկատ չեմ վերցնելու, որովհետև 4 կամ 6 միլիոնով չեմ կարա նորմալ տուն առնեմ ինձ ծանոթ տեղերում։ Իրանք խոստացել էին, որ սոցիալական բնակարաններ կտան, թող տան»։
Epress.am-ի հարցմանն ի պատասխան Սոցապ նախարարությունից հայտնել են, որ 2024-ի տարեվերջին պայմանագիր են կնքել «Կաթոլիկ օգնության ծառայության» հետ, նախատեսում են սոցբնակարաններ կառուցել՝ վերանորոգելով Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց 32/1 հասցեում գտնվող ակադեմիայի շենքը:
«Եվս 6 շենքերի տեխնիկական առաջադրանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու կամ փորձաքննություն իրականացնելու հետ կապված աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում», – գրել են նախարարությունից:
Խոսքը ոչ թե հանրակացարանների, այլ առանձին փոքր բնակարանների մասին է։ Ըստ Սոցապի, դրանք տրամադրվելու են անհատույց, բայց առանց սեփականաշնորհման իրավունքի։
Թե ում են հատկացվելու սոցիալական բնակարանները, ինչ սկզբունքով են ընտրելու շահառուներին, երբ են դրանք պատրաստ լինելու, քանի հոգու են տրամադրվելու՝ նախարարությունից չեն ասում։
Մարդիկ սերտիֆիկատ չեն վերցնում նաև բյուրոկրատական խնդիրների պատճառով։ Հավաստագիր վերցնելու համար պետք է քաղաքացիություն ստանալ, բայց շատերը փախել են Ղարաբաղից առանց փաստաթղթեր վերցնելու և ամիսներով դռնեդուռ են ընկնում ծննդական, մահվան վկայական, «ճամփորդական» անձնագիր վերականգնելու համար։
լուսանկարները՝ Անաստասիա Կարկոցկայայի,
Մասիսի լքված մանկապարտեզից, ուր 2023-ից հետո ժամանակավոր տեղավորել էին ղարաբաղցի փախստականներին
անձնական պատմությունները՝
Epress.am Լուրեր Հայաստանից








