Home / Համայնքներ / Մարդիկ հավաքվել են, քանի որ ապրիլից մնալու են դուրսը

Մարդիկ հավաքվել են, քանի որ ապրիլից մնալու են դուրսը

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները մարտի 29-ին բազմամարդ հանրահավաք էին անցկացրել Ազատության հրապարակում: Բողոքի ցույցըծն ի սկզբանե 40+10 հազար դրամ սոցաջակցության ծրագիրը երկարացնելու պահանջով էր հրավիրվել: Ընթացքում նախաձեռնող խումբը 12 կետից բաղկացած պահանջագիր հրապարակեց (Արցախի հարցը պետք է մնա օրակարգում, պետք է ապահովվի Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, նրանց արժանապատիվ և ինքնորոշված կյանքը հայրենի հողում), հանրահավաքի մասնակիցների մի մասը մնացին հրապարակում՝ անժամկետ նստացույցի:

Ցույցը սկսեց տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ տերունական աղոթքով։ Նրանից հետո ելույթ ունեցան տարբեր հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների անդամներ՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, պատերազմի մասնակից Վահրամ Հակոբյանը, Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը, Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թևական խորհրդի ատենապետ, փաստագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, Նախնյաց հետքերով կազմակերպության նախագահ Սաիդա Պողոսյանը:

Ապրիլի մեկից 40+10 հազարի ծրագրից օգտվելու են միայն երեխաները, թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցողները, զոհվածների ընտանիքները, իսկ աջակցության չափը հետզհետե նվազելու է: Ու թեև սա հանրահավաքի հիմնական հայտարարված առարկան էր, բեմից հնչող ելույթներն ավելի լայն քաղաքական օրակարգ ունեին՝ վերադարձի իրավունք, ինքնորոշում, Արցախի հարց, Արցախի լեգիտիմ ներկայացուցիչների ներգրավվածություն, գերիների վերադարձ և այլն:

Բեմից ներքև տրամադրություններն այլ էին: Հայաստանի տարբեր մարզերից եկած մարդիկ ցուցարարների մեջ գտնում էին իրենց բարեկամներին, նախկին հարևաններին և կոլեգաներին, իրար մեջ քննարկում և ձևակերպում էին իրենց հիմնական խնդիրները։

«40+10-ը պետք է տրամադրեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը ապահովված չէ բնակարանով՝ միաժամանակ բարելավելով բնակապահովման ծրագիրը», – Epress.am-ի հետ զրույցում ասում էր ԼՂ-ից տեղահանված Անուշը։

Կառավարությունից նա պահանջում էր ընդլայնել ծրագրով նախատեսված բնակավայրերի ցանկը, ներառել նաև Երևանն ու տնտեսապես ակտիվ մյուս քաղաքները, բարձրացնել մեկ շնչին հասնող սերտիֆիկատի գումարը, հաշվի առնել շուկայի վիճակը, պատերազմ տեսած մարդկանց նորից չտանել սահմանամերձ գյուղեր։

Կարինեն խնդրում էր պետությունից հրաժարվել սերտիֆիկատների քաղաքականությունից և գումարն ուղղել փախստականների համար շենքեր կառուցելուն:

«Ես ուզում եմ հասկանամ՝ մեր նպատակն այն է, որ ծրագիրը երկարացնեն ու շարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ տուն չունե՞նք։ Այդ դեպքում ինչու են կողքից մարդիկ գալիս ու ուրիշ հարցեր առաջ բերում։ Պետք է այնտեղից տեսնեն, որ ոչ մեկ սեփական շահ չի հետապնդում, որ այստեղ մարդկանց  ապրելու հարցն է։ Մի շան տղա էլ տեսնի, ասի՝ դե ճիշտ են ասում, ճիշտ պահանջ են ներկայացնում, դուրս գանք լսենք՝ ինչ են իրենք ասում, մի բան անենք, որ լավ լինի», – ասում էր Լևոնը: