Home / Խմբագրի ընտրություն / ՀՀ-ն և փախստականները․ ղարաբաղցի նախագահները հաշիվ չեն

ՀՀ-ն և փախստականները․ ղարաբաղցի նախագահները հաշիվ չեն

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո ղարաբաղցիներից շատերը նոր-նոր իմացան, որ իրենց Հայաստանի քաղաքացի չեն համարում։ Պաշտոնական բացատրության համաձայն, 070 ծածկագրով կապույտ անձնագրերը զուտ ճամփորդական փաստաթուղթ են, իսկ ղարաբաղցիները՝ քաղաքացիություն չունեցող փախստականներ։ 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գործում հղում կա 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագրին՝ կնքված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև։ Համաձայնագիրը վերաբերում է անձնագրային համակարգի կազմակերպմանը, այնտեղ սևով սպիտակի վրա ուղիղ գրված է, որ Հայաստանի անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվում են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց ոչ որպես քաղաքացիության հավաստում», – Epress.am-ի հետ հարցազրույցում բացատրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Հիշատակած համաձայնագիրը գաղտնի է, դրա բովանդակությանը հնարավոր չէ ծանոթանալ։ ԱԳՆ-ն այն հրապարակել հրաժարվում է։ Նորանկախ Հայաստանը առնվազն երկու ղարաբաղցի նախագահ, բազմաթիվ ղարաբաղցի պատգամավորներ է ունեցել։ Ղարաբաղցիները աշխատել են Հայաստանի Զինված ուժերում։ Սահմանադրությունն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նման պաշտոններ զբաղեցնել։ Արդյո՞ք նրանց պաշտոնավարումը հակասահմանադրական է եղել։ «Ինձ թվում է, ես ամենառելևանտ պաշտոնյան չեմ, որ պատասխանի այդ հարցին», – ասել է Միգրացիոն ծառայության պետը։

«Նմանատիպ դեպքեր աշխարհում կան (ընդամենը մի քանիսն են, բայց կա՛ն), որ փախստականներին այլ երկրներ տալիս են իրենց անձնագրերը առանձնացված կոդով՝ որպես ճամփորդական փաստաթուղթ։ Հայաստանի Հանրապետությունը և՛ս տրամադրել է իր անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը որպես ճամփորդական փաստաթուղթ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հնարավորություն ունենա իրացնել իր առողջապահական, կրթական և տեղաշարժի իրավունքները», – ասել է Ղազարյանը։

Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն էր, Լեռնային Ղարաբաղի անձնագրով որևէ սահման հատել չէր լինի։ Հայաստանը, ըստ Ղազարյանի, գնացել է այս քայլին՝ ղարաբաղցի հայերին լիակատար մեկուսացումից պաշտպանելու համար։

90-ականներն ուրիշ էին

Փախստականներից շատերը երազում են գնալ Ֆրանսիա, բայց Ֆրանսիան նրանց ընդունել չի ուզում։ «Ոչ ոք, Հայաստանից բացի, մեզ չի համարում փախստական», – ասում է ստեփանակերտցի Նինան։ Նա ենթադրում է, որ պատճառը հայաստանյան կապույտ անձնագիրն է․ «Ճամփորդական փաստաթղթի տրյուկին դրսերում էլ չեն հավատում»։

Միգրացիոն ծառայության պետը հերքում է սա․ «Հայաստանի Հանրապետությունն այն առաջին երկիրն է, որտեղ բռնի տեղահանվածները ստացել են փախստականի կարգավիճակ։ Զանգվածային ներհոսքերի դեպքերում ապաստանի անհատական վարչարարություն չի իրականացվում։ Կա ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, որը թույլ է տալիս մեկ որոշմամբ փախստականի կարգավիճակ շնորհել ամբողջական խմբին։ Այդ մեխանիզմը կիրառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։

Նրանք Հայաստանում արդեն իսկ ճանաչվել են փախստական, այսինքն ստացել են պաշտպանություն։ Սա նշանակում է, որ չկա որևէ ռեալ ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նրանք կարող են հարկադրաբար վերադարձվել այնպիսի տարածք, որտեղ նրաց կյանքին վտանգ է սպառնում։ Եթե անձը [որը Հայաստանում պաշտպանություն է ստացել] որևէ այլ երկրում ապաստանի հայց է ներկայացնում, նրա տեղաշարժը դիտարկվում է որպես երկրորդային։ Երրորդ երկրի աչքերում դա պարզ միգրացիոն, ոչ թե փախստականական տեղաշարժ է»։

00052.MTS_snapshot_06.02.729
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը

Բայց 80-ականների վերջին 90-ականների սկզբին Ադրբեջանից փախած հայերն էլ էին Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացել։ Դա չէր խանգարում նրանց, որպես փախստական, տեղափոխվել երրորդ երկրներ, ապաստան հայցել և ստանալ։ Հայաստանցիները առնում էին ադրբեջանահայերի ծննդական վկայականները, որ կեղծ փաստաթղթերով հետո հանձնվեն եվրոպական և ամերիկյան երկրներ։

Ղազարյանը համարում է, որ սրանք տարբեր բաներ են, այսինքն՝ տարբեր ժամանակներ և տարբեր կոնտեքստեր․ «Հիմա ևս ցանկացած երկիր իրավասու է իրականացնել իր անհատական ապաստանի վարչարարությունը, բայց թե ինչ որոշման կհանգի՝ դժվար է ասել։ Ուղղակի այս պարագայում, ներկայիս միգրացիոն ռեժիմներով աշխարհում պարզ է, որ 90 և ավել տոկոս հավանականությամբ Լեռնային Ղարաբաղից ապաստանի նման հայցերը կմերժվեն»։

Առհասարակ իրավիճակը հիմա այնպիսին է, որ Հայաստանից ապաստան հայցողների մեծ մասը (2023-ի տվյալներով՝ մոտ 96 տոկոսը) եվրոպական երկրներում մերժում է ստանում․ «Սրանից դուք կարող եք գործող միգրացիոն կարգավորումների մասին պատկերացում կազմել»։

քաղաքացիություն են հայցել ընդամենը 3700 ղարաբաղցի

2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված՝ Կառավարության N 1864-Ն որոշման համաձայն, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել (փախստականի կարգավիճակ են ստացել)․

1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
2) Հայաստանի տարածքում կամ Հայաստանից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Կառավարությունը հիմա ակտիվորեն խրախուսում և անուղղակիորեն հարկադրում է փախստականներին Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Բողոքներ կան, որ մանկահասակ երեխաներին հրաժարվում են փախստականի կարգավիճակ տալ։ Դժվարությունների են բախվում նաև Արցախում հաշվառված, բայց նախքան տեղահանությունը Հայաստանում հաստատված ղարաբաղցիները։

Հայաստանի քաղաքացի դառնալ շատերը չեն ուզում։ 

Epress.am — Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց շրջանում շատ տարածված մի կարծիք կա, որ եթե քաղաքացիություն ստանանք՝ կզրկվենք փախստականի կարգավիճակից և հետևաբար․․․

Արմեն Ղազարյան — Այո, դա այդպես է։

Epress.am — ․․․և հետևաբար՝ կզրկվենք որոշակի աջակցություններից և արտոնություններից․․․

Արմեն Ղազարյան — Ոչ, դա այդպես չէ։

Epress.am — ․․․նաև որ քաղաքացիություն ստանալը կզրկի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու պոտենցիալ հնարավորությունից։

Արմեն Ղազարյան — Եկեք հերթով։ Ձեր առաջին հարցի պատասխանը շատ պարզ է՝ այո, դա այդպես է։ Եթե անձը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ, դա պաշտպանության բարձրագույն ձևն է՝ ավելի բարձր, քան փախստականի կարգավիճակը։ Այդ կարգավիճակի բերումով նա ինքնին արդեն չունի վերադարձման վտանգի հարց։ Իհարկե՝ մարդը չի կարող միևնույն երկրում զուգահեռաբար լինել և՛ քաղաքացի, և՛ փախստական։ Դա տարրական իրավական տրամաբանությունն է ամբողջ աշխարհում։

Epress.am — Փախստականներին չեն կարող զորակոչել, իսկ քաղաքացիություն ստացածներին կարող են։

Արմեն Ղազարյան — Այո, դա այդպես է։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Կառավարությունը շատ ուշադիր է եղել՝ սոցիալական բոլոր ծրագրերը դիզայն անելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերը չկապվեն նրանց իրավական կարգավիճակի հետ՝ լինի դա 100 հազարի սկզբնական աջակցությունը, լինի 40+10 հազարի սոցաջակցությունը։ Միակ դեպքը, երբ կարգավիճակը որոշակիորեն կապվել է աջակցության ծրագրի հետ, բնակարանային աջակցության ծրագիրն է, որում նշված է՝ եթե անձը ցանկանում է այդ ծրագրով բնակարան ձեռք բերել, նախապայմաններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է։ Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե մենք երկարաժամկետ հանձնառություն ենք ստանձնում աջակցելու, պետք է անձը ունենա որոշակի երկարաժամկետ իրավական կապ մեր պետության հետ։ Իսկ այդ կապի միակ դրսևորումը քաղաքացիությունն է։

Epress.am — Իսկ վերջի՞ն հարցը։ Կա անհանգստություն, որ անձնագրեր վերցնելը կզրոյացնի, կխաթարի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու վերջին շանսերը։

Արմեն Ղազարյան — Պատասխանս կլինի կարճ՝ ոչ, չի խաթարի։

Epress.am — Փախստականներից քանիսն է արդեն ստացել քաղաքացիություն։

Արմեն Ղազարյան — Դիմումների քանակն անցնում է 3700-ը, 2700-ից ավելին արդեն ստացել է քաղաքացիություն։ Խոսքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասին է։ Մի կարևոր հանգամանք նշեմ՝ անչափահասները քաղաքացիության դիմելու կարիք չունեն։ Երբ ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն, անչափահասը ուղղակի անձնագրի փոփոխությամբ ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ այս թվերի մեջ անչափահասները չկան և չեն լինելու։