Home / Բանակ / Ոչ բոլոր ղարաբաղցիներն են արցախցի

Ոչ բոլոր ղարաբաղցիներն են արցախցի

Երրորդ մասում վարձակալած քրոջս տան պատշգամբում սառը սուրճ ենք խմում։ Փոքր տղան՝ Մեսսիի շապիկը հագը, հեռախոսի մեջ է, միջնեկն ընկերների հետ հանդիպման է պատրաստվում, մեծ աղջիկը Ֆրանսիայում է սովորում՝ արդեն Փարիզ է հասել, ինչը նշանակում է՝ ծախսերն ավելանում են։ Մյուս զարմուհիս էլ ճամբար պիտի գնա՝ մի 20 հազար էլ էդտեղ․․․

Շրջափակված Ստեփանակերտում մնացած ամուսինը քրոջս չուզող էր անվանել, քանի որ բարեկամներից մեկի հարսանիքի մասին իմանալով, քույրս զարմացած նկատել էր․ «Էս նեղ մաջալին ի՞նչ հարսանիք, մարդիկ ուտելու բան չունեն»։

– Իրականում, – ասում ա քույրս, – հիմա նրանք, ովքեր միշտ էլ շատ լավ չէին ապրում, է՛լ ավելի վատ են։ Էն ա՝ Սիլվան էր զանգել, հինգ էրեխա էլ ինքը ունի․․․ Արդեն չգիտի՝ ուր գնա, փողը ձեռը․․․ Ասում ա՝ ուզում ա էրեխեքին հավաքի, ոտքով հասնի ԿՊՊ, թող բաց թողնեն։

Մասնավոր զրույցներում ասվում է այն, ինչի մասին ամոթ է բարձրաձայնել։ Օրինակ, որ Արայիկ Հարությունյանը, ով չգիտես՝ ինչ խնդիր է ուզում լուծել կենտրոնական հրապարակում նստելով, դժվար թե սոված է մնում [Հուլիսի 26-ին Հարությունյանը որոշեց դադարեցնել նստացույցը]։

– Գիտե՞ս՝ ինչի՞ համար ա․․․ Մարդիկ կային, է՛, գնում էին, ռուսին ասում՝ թող մենք գնանք, ադրբեջանցիների հետ խոսանք, այ դրանց էտ ճանապարհից հանելու համար։ Վսյո, լի, ստեղ նստեցիք, ես ձեր հետ եմ։ Իբր ի՞նչ էլի։ Ես որ մտածում եմ՝ ընդեղ մնացած լինեի, երեխեքիս հավաքելու էի, գնայի, կռիվ անեի, որ բացեն ճանապարհը։ Իրար թասիբի են գցել, մնացել տակը։ Սպասում են՝ մեկը հայտնվի, դա ասի, իրանք միանան, որ ամոթը իրանց վրա չընկնի։

Մեկ շաբաթ անցավ։ Փաշինյանը ասուլիս տվեց։ Երկար-բարակ զրույցներ, «լավաշ» հարցեր, այդ թվում՝ վարչապետի մահվան մասին, լրագրողների հեռախոսներից հնչող ղարաբաղցիների ձայնագրություններ․․․ Վատ բան չի, թեկուզ՝ բռնաբարված, անոտ, կիսատ-պռատ ժողովրդավարությունը։

Ղարաբաղի հարցը շահարկելով Հայաստանում իշխանության գալու ցանկացող ընդդիմության առաջնորդները ո՞ւմ են/էին ասուլիսների հրավիրում ու ինչպիսի՞ հարցերի պատասխանում։

Երեկոյան քույրս հարցրեց՝ նայե՞լ ես ասուլիսը։ «Մանթո եմ», – ասեց։ Իսկ ես վաղուց եմ նմանատիպ թեմաները շրջանցում․ չեմ ուզում քրոջս (ինձ համար պարզ) բաներ ասել։ Փաշինյանն էլ երեկ հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն է։ Հասարակ փաստ, որի մասին արժեր, որ միշտ հիշեր ու կրկներ՝ 2018-ից սկսած։ Ոչ թե նոր կետերից խաղեր տար։

Հիմա այս փաստը էլի չի ընկալվում։ Չէր էլ ընկալվի, դիմադրությունը մեծ է, բայց, ուրեմն, պետք էր խուսափել արկածախնդրությունից։

Այժմ նորից ասվածի զգալի մասը կիսատ է թվում։

Իսկ երբևէ եղե՞լ է հարմար ժամանակ, երբ ինչ-ինչ իրողությունների մասին խոսելը, տհաճ իրականությունը փաստելը հասարակության կողմից (այլ ոչ` մեդիայի, ԶԼՄ-ների, ֆեյսբուքների) կընկալվեր ու չէ՛ր բերի «դավաճան» ծիծաղելի ու շատ քաղաքական պիտակի կամ սարքովի իրարանցման։

Դրանով հեշտ է փակել ընդունված, վերևից իջեցված գաղափարները կասկածի տակ դնողների բերանը։

Երեկ պատկերացրեցի, որ մարդկանց հաջողվեց շրջափակումից փրկվել, գալ Հայաստան։ Ե՞վ։ Նրանց՝ շփոթված, նորից ամեն ինչ կորցրած, բազմաթիվ խնդիրներով հանդերձ, ինչ-որ պահի էլի կկանչեն հրապարակներ՝ ընդդիմության հավաքների։ Ու նորից կստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանում իշխանություն փոխելը, իշխանության գալը իբր պետք է Ղարաբաղի հարցով պայմանավորվի։

Ղարաբաղցիների վիճակը կշահարկվի ու, որպես հետևանք, քույրս աշխատավայրում նորից ղարաբաղցիներից բողոքողների շշուկներ կլսի ու չլսելու կտա։

Արցախասիրության մրցավազքին զուգահեռ ղարաբաղյան կլանի պարագլուխներից չթուլացող զզվանքը հասանելի ղարաբաղցիների գլխին է կոտրվում․ նախկին շուշեցի քրոջս ուշ երեկոյան Իսակովի պողոտայում տաքսիստը ստիպել էր իջնել մեքենայից հեռախոսով Ղարաբաղի բարբառով խոսելու համար։

Ա․Մ․