Երևանը Մոսկվայից և Բաքվից Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ գործողություններ է ակնկալում՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է Մոսկվայից օրերս վերադարձած արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի արտգործնախարարի հետ նրա վերջին բանակցությունների ընթացքում՝ հայտնի չէ։ Հետբանակցային ասուլիսի մեծ մասը նվիրված էր ղարավաղյան հայերի իրավունքներին և Արևմուտքին՝ Սերգեյ Լավրովը հարցադրում էր դրա պարկեշտությունը և հայտարարում, որ արևմտյան երկրները սեպ են խրում Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտում էր՝ խնդիրը պետք է դիտարկել բացառապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոնտեքստում, որի յուրաքանչյուր կողմ ունի իր մասով ստանձնած պարտավորություններ։
«Երեք երկրներ ստորագրել են տեքստ, որտեղ պայմանավորվել են այն մասին, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմանի երթևեկությունը, և ահա այս երկու երկրներն անելիքներ ունեն միջանցքը բացելու ուղղությամբ. Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերահսկի այնպես, ինչպես գրված է հայտարարության մեջ», – այսօր հայտարարել է Միրզոյանը:
Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 101 օր փակ է, ադրբեջանցիները միջանցքը չեն բացում նույնիսկ Հաագայի դատարանի որոշումից հետո։
Անցակետի հարց Հայաստանը չի քննարկում
Բաքուն պնդում է, թե Լաչինի միջանցքում պետք է ադրբեջանական անցակետ տեղադրվի։ Իլհամ Ալիևը նաև երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում էր խոսել միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։ Ադրբեջանական այդ մեղադրանքները Երևանը բազմիցս հերքել է։
Միրզոյանը հավաստիացնում է՝ Հայաստանն այս հարցով նույնիսկ չի բանակցում։
«Լաչինի միջանցքի ռեժիմն ամրագրված է, սա ամրագրված պայմանավորվածություն է, և մենք էստեղ պիտի արդեն կասկած հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Այսինքն՝ ինչ իմաստ ունի ձեռք բերել անընդհատ այդ հարցերի շուրջ, օրինակ, պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանը նույն այդ հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով: Ոչ, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ մենք չենք բանակցում», – ընդգծել Հայաստանի գլխավոր դիվանագետը։
Խաղաղության շուրջ բանակցություններին զուգահեռ
Հեռավար, բայց խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են՝ պնդել է արտգործնախարարը։ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական դիտարկումները, հիմա աշխատում է դրանց շուրջ՝ Բաքվին իր առաջարկները փոխանցելու համար։
5 օր առաջ Ադրբեջանի նախագահը պայման էր առաջ քաշել՝ որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, պետք է ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և սահմանազատում անի Բաքվի պայմաններով։
«Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ՝ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են», – Ազգային ժողովում մեկնաբանել է Արարատ Միրզոյանը:
Ռազմական էսկալացիայի վտանգ, ըստ նրա, «մշտապես կա՝ անկախ բանակցություններից»:
Հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանը
Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած ասուլիսի ընթացքում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին դիմում էր Հայաստանին և Ադրբեջանին․
«Նախկինում էլ մենք ասել ենք, որ բոլոր կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը։ Մենք չենք ցանկանում բռնարարքների ականատեսը դառնալ»։
Նույն օրը ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին, անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին շփումներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Լրագրողին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է Բլինքեն-Ալիև և Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցներից հետո ամերիկյան կողմը հատուկ շեշտել, որ Վաշինգտոնն «իր շարունակական աջակցությունն է առաջարկել կողմերին՝ խաղաղության [պայմանագրի] շուրջ քննարկումների ընթացքում», ի՞նչ կարիք կար դա ընդգծելու, եթե ամերիկացի բանագնացը Հարավային Կովկաս էր ժամանել ընդամենը մի քանի օր առաջ։
«[Պետքարտուղար Բլինքենը] Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն էր առաջարկում այդ շփումներում։ Գիտեք, որ մենք հավատարիմ ենք մեր ստանձնած այդ պարտավորությանը», – հայտարարում էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Արևմտյան երկրների ակտիվությունը Մոսկվան մեկնաբանում է որպես Ռուսաստանին տարածքաշրջանից դուրս մղելու փորձ։ Մինչ ամերիկյան կողմը շեշտում է Բաքվի և Երևանի միջև «ուղիղ բանակցությունների» անհրաժեշտությունը, ռուսականը հիշեցնում է եռակողմ պայմանավորվածությունների մասին։
Ո՞ւմ միջնորդությամբ են այս պահին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Հարցին օրեր առաջ պատասխանել էր Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը․
«Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը՝ ռուսական կողմի միջոցով փոխանակումն է։ Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նաև կան նախաձեռնություններ Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից, որոնք բավականին ակտիվ են, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության կողմից»: