Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ բանակցությունների օրակարգի առաջնահերթ խնդիրը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումն ու ընդհանուր առմամբ՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակն է, Արարատ Միրզոյանի հետ մոսկովյան բանակցությունների մեկնարկին հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Բանակցություններին հաջորդած ասուլիսին ռուս դիվանագետը ընդգծել է՝ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես եռակողմ հայտարարությունների համատեքստում, որի յուրաքանչյուր կողմ ունի իր մասով ստանձնած պարտավորությունը․
«Մենք կողմ ենք, որպեսզի խստորեն և ամբողջ ծավալով, առանց որևէ իմպրովիզների կատարվեն բոլոր այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այս համատեքստում»։
Ղարաբաղի հայերի իրավունքները կախված են միջնորդների պարկեշտությունից
Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների ու Բաքվի միջև՝ հայտարարել է Լավրովը։ Մոսկվան, ըստ նրա, աջակցում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների շուրջ երկխոսության վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարը հավելել՝ կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ պայմանավորվածությունները։
«Նույնը եղել է նաև Մինսկի համաձայնագրերում՝ Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչների իրավունքների մասով։ [Այդ իրավունքների մեջ մտնում են] մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով սովորեցնելու, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորության և հայրենակիցների հետ որոշակի հատուկ կապեր ունենալու իրավունք։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես նույն իրավունքներն են նախատեսվել նաև 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում ՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ», – նշել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ բարդ չէ նման պայմանավորվածությունների հասնել, և շեշտում՝ ամեն բան կախված է միջնորդների պարկեշտությունից։
Արևմուտքը, ըստ նրա, պարկեշտ չի գտնվել ոչ Դոնբասի, ոչ Կոսովոյի սերբերի հարցերում։
«Դիվանագիտական ռեյդեր»
Արևմուտքը փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և իրենով անել Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակել է ռուս դիվանագետը։
«Նրանք, մեծ հաշվով, զբաղված են, ես կասեի, դիվանագիտական ռեյդերով, փորձում են իրենցով անել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրերը, փորձում են իրենց կուրատորությունը պարտադրել այս ամբողջ աշխատանքին՝ ուղղակիորեն խարխլելով այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, որոնք ենթադրում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ մասնակցությունը և՛ տրանսպորտային, և՛ տնտեսական կապերի ապաշրջափակման, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, և՛ խաղաղության պայմանագրի կնքման հարցում կողմերին աջակցելու հարցերում», – հայտարարել է Լավրովը։
Բացի այդ՝ Արևմուտքը, ըստ նրա, փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին։
«Այսօր խոսել ենք Հարավային Կովկասում նկատվող մտահոգիչ միտումների մասին։ Մենք տեսնում ենք, եկեք իրերն իրենց անունով կոչենք, Ռուսաստանն ու Հայաստանը կռվեցնելու՝ Արևմուտքի անթաքույց ցանկությունը։ Փորձեր են կատարվում խաթարել անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ վերահաստատելով Մոսկվայի հայտարարությունները, թե «Արևմուտքին մտահոգում են ոչ թե տարածաշրջանում գտնվող պետությունների, այլ իր աշխարհաքաղաքական եսասիրական շահերը»։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին՝ Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը չի հրաժարվել այդ առաքելության տեղակայման որոշումից։
Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումը չէր կայացել՝ Միրզոյանը չէր մեկնել Մոսկվա։ Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ «Մեր հայ գործընկերները հաստատել են մի քանի օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Հայաստանը պատրաստ է այդպիսի հանդիպման անցկացմանը»։