Home / Հայաստան / Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար

Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար

Բաքվի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանը Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել՝ ադրբեջանական բանագնացի հայտարարությունները հերքել է Արցախի արտգործնախարարությունը։

Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Իվանյանում (Խոջալու) տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր», – շեշտել է Ղարաբաղի արտգործնախարարությունը։

Ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն Ստեփանակերտը որակել է որպես իրականությանը չհամապատասխանող և ընգծել․ «Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները<․․․> Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք»։

Բաքու․ «Երկխոսությունը կայացած է»

Թեև կողմերի միջև նախկինում էլ են նման շփումներ եղել, Բաքուն հատուկ հնչեղություն է տվել հենց մարտի 1-ի հանդիպմանը՝ պնդելով, թե քննարկել են «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ Հայտարարվել է նաև, որ Բաքուն Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին, ով բանակցություններից հետո վստահեցրել է՝ երկխոսությունը կայացած է։

Ղարաբաղի ներկայացուցիչների հետ մարտիմեկյան հանդիպումից հետո Մամեդովը հավաստիացրել է՝ իր հիմնական նպատակն է արագացնել Ղարաբաղի հայկական բնակչության վերաինտեգրումը։ Ադրբեջանի բանագնացը շեշտել է՝ այս ձևաչափով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է դեռևս Մյունխենում՝ Հայաստանի վարչապետի հետ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը։

Լրատվամիջոցի հարցին՝ Ղարաբաղի հայերը պատրա՞ստ են Ադրբեջանի ամենօրյա կյանքին վերաինտեգրմանը, Մամեդովը պատասխանել է․ «Որպես առաջին հանդիպման արդյունք, կարելի է արձանագրել, որ երկխոսությունը կայացել է»։

«Մենք անդրադարձել ենք հիմնականում հումանիտար խնդիրներին, հետագայում մի շարք հումանիտար հարցեր լուծելուց հետո կարող ենք առաջ շարժվել և քննարկել ավելի լայն ձևաչափի հարցեր», – հավելել է Ադրբեջանի բանագնացը։

Մամեդովից բացի ադրբեջանական պատվիրակության կազմում է եղել նաև Բնական պաշարների ապօրինի շահագործման հարցերով մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը (ըստ «Թուրան» գործակալության՝ մոնիթորինգային այս խմբի մեջ են մտնում նաև Բնապահպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության անշարժ գույքի պետական ծառայության և «Ազերգոլդ» ընկերության մասնագետները՝ այն նույն պաշտոնյաները, որոնց արցախցիները ամիսներ առաջ թույլ չեն տվել մոնիտորինգ իրականացնել Ղարաբաղի ոսկու հանքերում)։

Ստեփանակերտ․ «Ինտեգրացիոն գործընթացը բացառված է»

Պաշտոնական Ստեփանակերտը անմիջապես հերքել է՝ Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը «վերաինտեգրմանը» վերաբերող հարցեր չեն քննարկվել։

Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց բացառված է՝ նույն օրը հայտարարել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մարտի 1-ի Կառավարության նիստի ժամանակ Հարությունյանը հավաստիացրել է՝ անկախ դժվարություններից և ճնշումներից հավատարիմ են մնալու «Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու»:

Արդեն այսօր պարզաբանումներով է հանդես եկել Ղարաբաղի անվտանգության խորհուրդը։ Ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարի համաձայն, վերջին հանդիպմանն Արցախից մասնակցել է այս կառույցի ղեկավար Սամվել Շահրամանյանը։ 

Մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպման օրակարգում, ըստ ԼՂ ԱԽ-ի, երեք հարց է եղել՝  գազամատակարարման անխափանության ապահովումը, էլեկտրամատակարարման վերականգնումը (Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձավոլտ գծի վերանորոգման հնարավորությունը), «Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը» և Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացումը։

«Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։

Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ։

Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։

Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ <․․․> Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն», – գրել է ԼՂ ԱԽ-ն։

Հանդիպմանը, ըստ Ստեփանակերտի, կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն, «սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել»։

Ի՞նչ է «միջազգային տեսանելի մեխանիզմը»

Մինչ Բաքուն Ստեփանակերտի հետ ընթացիկ շփումները ներկայացնում է իբրև կայացած երկխոսություն, պաշտոնական Երևանը և Ստեփանակերտւ շարունակում են խոսել միջազգային տեսանելի մեխանիզմի/միջազգային միջնորդական ձևաչափի անհրաժեշտության մասին, որի շրջանակում Ղարաբաղը և Ադրբեջանը պետք է քննարկեն հակամարտության կարգավորմանը, Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու իրավունքներին առնչվող հարցեր։

Թե ինչպիսին կարող է լինել այս մեխանիզմը/ձևաչափը՝ Երևանը և Ստեփանակերտը մինչ օրս չեն ասում։ Պարբերաբար նշվում է, որ այդ մեխանիզմի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Բլինքեն-Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիությունը այն մասին, որ այդ քննարկումները, այդ երկխոսությունը՝ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա», – նշել էր նախարարը:

Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել էին նաև փետրվարի 25-ին՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից երկու օր անց։ Հանդիպումից հետո Արցախպրեսը գրել էր, թե «պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի աշխատանքը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ»։ Չնայած գազամատակարարումը վերականգվել է, Հայաստանից Ղարաբաղը սնուցող միակ բարձրավոլտ գիծը մնում է վթարված։ Դեկտեմբերի 12-ից Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Հունվարի 10-ից խափանված է նաև էլեկտրամատակարարումը․ Ստեփանակերտում և շրջաններում հովհարային անջատումներ են՝ օրական նվազագույնը 6 ժամ լույս չկա։