Դեկտեմբերի 14-ի թարմացումները՝ այստեղ
19:07 Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը՝ ահազանգում է Արցախի տեղեկատվական շտաբը․
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ», – գրված է հաղորդագրությունում։
18:55 Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի արգելափակված հատված են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները և ոստիկանական ուժեր՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պատրվակը՝ ապահովել «բողոքի ակցիայի» մասնակիցների անվտանգությունը։ Տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, ինչպես են ռուս խաղաղապահները «ամրանում» ճանապարհի փակված հատվածում:
մանրամասները տե՛ս Բաքվի «ակտիվիստներին» միանում է զորքը
17։40
Ադրբեջանը հող է նախապատրաստում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու համար՝ ահազանգում է Ղարաբաղի իշխող խմբակցության ղեկավարը։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը հիշեցնում է՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ԼՂ-ն և ՀՀ-ն միջանցքում որևէ գործառույթ չունեն։ Ղարաբաղի արտգործնախարարը հիշեցնում է՝ Ստեփանակերտը առաջարկել էր ավելացնել խաղաղապահ առաքելության թվաքանակը («Ադրբեջանական այս թատերական ներխուժման դեմ կանգնած էր ընդամենը 2-3 զինվոր»), և ահազանգել՝ խաղաղապահներն առ այսօր չունեն միջազգային մանդատ։
մանրամասները տե՛ս Ղարաբաղը շրջափակման մեջ է․ ՀՀ-ի և ԱՀ-ի արձագանքները
14:30 Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արդեն երկրորդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։
«Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իր ընտանիքին», – նշել է Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Ճանապարհին մնացած քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մի մասը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Արցախից Հայաստան եկողները մնացել են Ստեփանակերտում։ Ղարաբաղի ոստիկանության տվյալներով, ընդհատվել է նաև Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
«Կեղծ բնապահպանական պատճառաբանությունների» իրական նպատակը, ըստ Ղարաբաղի ՄԻՊ-ի, Արցախի ժողովրդին ահաբեկելն է և «գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելը»։
մահաբեր պետական ակտիվիզմ
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ՝ ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով տեղաշարժը Լաչինի միջանցքով, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապն ապահովելու նպատակով՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
«Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ և ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության և այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից:
Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ:
Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ», – նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի այս վարքագիծը, ըստ պաշտոնական Երևանի, ակներեև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը։ Այն «հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:
նիստեր նիստերի հետևից
Ղարաբաղի Անվտանգության խորհուրդը համապատասխան նամակով դիմելու է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության․ որոշումը ընդունվել է Ղարաբաղի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։ Ընդլայնված նիստ է գումարել նաև Հայաստանի Անվտանգության խորհուրդը։
Ղարաբաղի պետնախարար Պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ Արցախի կառավարությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։ Սյունիքի մարզպետարանում ձևավորված օպերատիվ շտաբը համակարգելու է Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակվելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը։
Ղարաբաղի Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվել։
«Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի», – խորհրդարանում հայտարարել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան, ըստ նրա, Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել։
«Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիթորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել», – նշել է Հարությունյանը։
Կոնտեքստ
Երեկ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով, դրոշներով և պաստառներով, փակել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը՝ փաստացի արգելափակելով նաև Լաչինի միջանցքը։
տե՛ս Ադրբեջանցիները արգելափակել են Ղարաբաղի հայկական հատվածը (թարմացվող)
Ճանապարհին վրաններ տեղադրած ադրբեջանցիները ներկայանում են որպես «բնապահպաններ»․ եկել են «պայքարելու Ադրբեջանի ընդերքի ապօրինի շահագործման դեմ»։
Նրանք «դժգոհ են», որ դեկտեմբերի 10-ին իրենց հնարավորություն չի տրվել շրջայց կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հանքերի «աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը տարածք»։ Մայրուղում հավաքվածները պնդում են, թե շրջայցը նախօրոք համաձայնեցվել էր ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ և հանդիպում են պահանջում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
«Բնապահպանական թեման» ի հայտ է եկել նախորդ շաբաթ։ Սա արդեն երկրորդ անգամ է, ինչ ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակում են Լաչինի միջանցքը։ Մինչ այդ Բաքուն առավել հաճախ շահարկում էր այսպես կոչված «ականների» թեման։ Ստեփանակերտում դեռ շաբաթներ առաջ էին ահազանգում՝ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում՝ Լաչինի միջանքը վերահսկողության տակ առնելու համար։