Ստեփանակերտ-Գորիս մայրուղին արգելափակած ադրբեջանցիներին «միացել է» նաև զորքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «ակցիայի» վայր են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները և ոստիկանական ուժեր։ Պատրվակը՝ ապահովել «բողոքի ակցիայի» մասնակիցների անվտանգությունը։
Տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, ինչպես են ռուս խաղաղապահները «ամրանում» Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակված հատվածում․ խաղաղապահներն այնտեղ մոդուլային տնակներ ու վրաններ են տեղադրում, էլեկտրաէներգիայի գեներատորներ են մոտեցրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ խաղաղապահները՝ տեսնելով, որ բնապահպանների ակցիան շարունակվելու է, որոշել են տեղում իրենց ծառայության համար պայմաններ ապահովել։
Արդեն երկրորդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Երեկ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով, դրոշներով և պաստառներով, փակել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը՝ փաստացի արգելափակելով նաև Լաչինի միջանցքը։ Ղարաբաղ մատակարարումները դադարեցվել են, շուրջ հազար մարդ մնացել է ճանապարհին։
Մայրուղին արգելափակած ադրբեջանցիները ներկայանում են որպես «բնապահպաններ»՝ եկել են «պայքարելու ընդերքի ապօրինի շահագործման դեմ», «դժգոհ են», որ դեկտեմբերի 10-ին իրենց հնարավորություն չի տրվել շրջայց և մոնիթորինգ կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։
«Բնապահպանական թեման» ի հայտ է եկել նախորդ շաբաթ։ Սա արդեն երկրորդ անգամ է, ինչ ադրբեջանցիները նման պատճառաբանությամբ փակում են Լաչինի միջանցքը։ Մինչ այդ Բաքուն առավել հաճախ շահարկում էր այսպես կոչված «ականների» հարցը։
Ղարաբաղում դեռ շաբաթներ առաջ էին ահազանգում՝ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում Լաչինի միջանքը վերահսկողության տակ առնելու համար։ Արդեն այսօր Ղարաբաղի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը զգուշացնում էր՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու համար։