Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո բացվել, ժամը 15։40-ի սահմաններում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ավելի վաղ Ստեփանակերտից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են ճանապարհը։ «Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», – մեկնաբալ էին տեղեկատվական շտաբից։
Մայրուղին փակելու մասին Արցախի հաղորդումներից մոտ 2 ժամ անց պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։ Թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը՝ պարզ չէ։
«Այսօր՝ ժամը 11-ին, Ադրբեջանի բնապահպանության նախարարության աշխատակիցները, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ընկերության աշխատակիցները մոտեցել են Ստեփանակերտի ու Շուշի քաղաքների միջև տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի անցակետին՝ տարածք մուտք գործելու համար»,- հաղորդել է Բաքուն՝ հավելելով՝
այս պահին խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ քննարկվում է այդ տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետաքննման և մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեությունը։
Արցախի բնապահպանական կոմիտեից հակադարձել են՝ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով․ «Արցախի բնապահպանության կոմիտեն՝ որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։
Վերջին շրջանում Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն ամենօրյա ռեժիմով մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Հայկական կողմերը Ադրբեջանի մեղադրանքները հերքում են՝ մեկնաբանելով դրանք որպես ռազմական սադրանքների նախապատրաստման և արդարացման միջոց։
Ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար խոսում են նաև Լաչինի միջանցքի մասին։ Դեկտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ելույթ ունենալիս, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե «Հայաստանը շարունակում է անխտիր ականապատել Ադրբեջանի տարածքները», «ականներ է տեղափոխում մարդասիրական նպատակներով նախատեսված Լաչինի ճանապարհով»։
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանն էլ Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին: Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում:
Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները: Օրեր առաջ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, թե Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները իրականում հայտնաբերվել են ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքում, որը Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերյան հարձակումից հետո։
«Ադրբեջանը Հայաստանից օկուպացված շուրջ 140 կմ տարածքներից Հայաստանի Հանրապետության տեղադրած հետևակային ականները հանել է, տեղափոխել է նշված բարձունք, որը իրենց լեզվով ասում են Սարիբաբա, և այնտեղ ուզում են ցույց տալ, որ «տեսեք, Լաչինի միջանցքն օգտագործվել է ռազմամթերք տեղափոխելու համար»», – ասել էր Մարուքյանը՝ ընդգծելով` Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարահով իբր թե ռազմամթերք տեղափոխելու մասին մեղադրանքները Ստեփանակերտը մեկնաբանում է որպես տեղեկատվական արշավ, որը նպատակ ունի լեգիտիմացնել միջանցքը փակել/այնտեղ ադրբեջանական վերահսկողություն սահմանելու պլանները։ Ղարաբաղի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր՝ եթե Բաքուն նման քայլի դիմի, դա կլինի սադրանք ոչ միայն Արցախի, այլև Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
Ադրբեջանի այս մտադրության մասին այսօր տեղի ունեցած միջադեպից հետո ահազանգել է նաև Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը․ «Վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով»: