Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն հաղորդում են հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայկական կողմերը Բաքվի մեղադրանքները հերքում են՝ մեկնաբանելով դրանք որպես ադրբեջանական կողմի ռազմական սադրանքերը արդարացնելու միջոց։
Նախօրեին Հայաստանի ԶՈՒ զինծառայող է վիրավորվել, նոյեմբերի 28-ին վիրավորվել են նաև Ղարաբաղի ՊԲ երկու զինծառայողներ։ Հրադադարի ռեժիմի խախտումներին զուգահեռ Ադրբեջանը հրաժարվել է նախօրոք համաձայնեցված բանակցություններին մասնակցելուց։ Ղարաբաղում Լաչինի միջանցքի հետ կապված մտահոգություններ կան։
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի զինուժը շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ առավոտյան հաղորդել է Ղարաբաղի ՊՆ-ն։
Հայաստանի ՊՆ-ն հավելել է՝ գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և ականանետից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը էլ առավոտյան հայտարարել է, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ երեկոյան և գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը «Քելբաջարի շրջանի Ելիջա, Լաչինի շրջանի Հաջիլար բնակավայրերի և Ղարագյոլի (Սև լճի) ուղղություններով», Ղարաբաղի ՊԲ-ն երեկոյան գնդակոծել է ադրբեջանական դիրքերը Աղդամի ուղղությամբ:
Ինչպես և նախորդ օրերին, Ստեփանակերտը այս մեղադրանքները հերքել է՝ դրանք «հերթական ապատեղեկատվությունը» որակելով։
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։50-ի սահմաններում (հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում) հակառակորդի կրակոցից վիրավորվել է Հայաստանի ԶՈՒ զինծառայող Ա․Զ․՝ երեկ երեկոյան հաղորդել էր Երևանը․ «Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով նոյեմբերի 28-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևմտյան ուղղությամբ, ՊԲ երկու զինծառայողներ են վիրավորվել։ Ղարաբաղի առողջապահության նախարարության փոխանցմամբ, «երկուսն էլ թեթև բեկորային վնասվածքներ էին ստացել»։
Հրադադարի ռեժիմի խախտման մասին Ստեփանակերտի այս հաղորդումը նույն օրը Մոսկվայից հերքել էին։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները երկուշաբթի ժամը 19։00-ի դրությամբ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։ Ստեփանակերտի հայտարարությունը մինչև 19։00-ն էր հրապարակվել։
Լաչինի միջանցքը վտանգված է
Փոխադարձ մեղադրանքների ինտենսիվությունը ինքնին ահազանգ է։ Ստեփանակերտում չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է փորձել փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Եթե Ադրբեջանը նման քայլի դիմի, դա կլինի սադրանք ոչ միայն Արցախի, այլև Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հայտարարել էր Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը․ «Լաչինի միջանցքը, փաստորեն, միակ ճանապարհն է, միակ միջանցքն է, որը կապում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին: Այն չափազանց խոցելի է, որովհետև անցնում է նաև Շուշիի մոտով, որտեղ կանգնած է ադրբեջանական զինուժը: Եվ բնական է, որ կարող են տարբեր սադրանքների դիմել․․․»։
Արձագանքելով միջանցքով զենքի փոխադրման մասին Բաքվի պարբերական մեղադրանքներին՝ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ օրերս հայտարարել էր, թե Ադրբեջանն այդ կերպ փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
Բանակցությունները կանգ են առել
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված բանակցությունները տապալվել են․ Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցել դրանց։
Ըստ Ալիևի, Հայաստանի վարչապետը պնդել է, որ հանդիպմանը պետք է ներկա լինի նաև Էմանուել Մակրոնը։ «Սա նշանակում է, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա», – եզրակացրել է Ադրբեջանի նախագահը։
Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հավելել է Ալիևը՝ դա բացատրելով Փարիզի «հակաադրբեջանական դիրքորոշմամբ»։
Հայաստանի արտգործնախարարությունից հիշեցրել են՝ հանդիպման օրվա, վայրի և ձևաչափի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունների ժամանակ։
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը․․․ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում», – «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը։
Բրյուսելյան հանդիպման չեղարկումը վկայում է այն մասին, որ բանակցությունները կանգ են առել՝ պնդում են Stratfor (ամերիկյան) վերլուծական կենտրոնի փորձագետները։
Stratfor-ի կարծիքով, խաղաղության գործընթացում էական առաջխաղացման բացակայությունը և Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը թույլ են տալիս ենթադրել, որ հայ – ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում նոր էսկալացիաների հավանականությունն աճում է: