Home / Հայաստան / ՀՀ-ն և ԱՀ-ն ճանաչում են միմյանց ամբողջականությունը, ԵՄ-ն առաքելություն է ուղարկում

ՀՀ-ն և ԱՀ-ն ճանաչում են միմյանց ամբողջականությունը, ԵՄ-ն առաքելություն է ուղարկում

Հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որի տեքստը հրապարակել է նաև Հայաստանի կառավարությունը.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:


հոկտեմբերի 6-ի հանդիպման երկրորդ մասը

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին քառակողմ հայտարարության մեջ խոսք չկա։

Քիչ առաջ Հայաստանի վարչապետը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատել եմ մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը դրական չի արձագանքել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա»։


հոկտեմբերի 6-ի հանդիպման առաջին մասը

Պրահայում ընդունված հայտարարությունը մեկնաբանել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»։

Հայկական կողմի պաշտոնական հայտարարությունների համաձայն, Ադրբեջանը 2021 թվականի մայիսի ներխուժման և 2022 թվականի սեպտեմբերի հարձակման ընթացքում օկուպացրել է Հայաստանի տարածքի շուրջ 40 քառակուսի կիլոմետրը։ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մի քանի անգամ հայտարարել են ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին։

Մարուքյանը ընդգծել է՝ Ադրբեջանը համաձայնել է նաև համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով․ «Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց»։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում․ բանակցությունների երկու փուլով էին, առաջնորդները հանդիպել էին ցերեկը, այնուհետև՝ ուշ երեկոյան կրկին վերադարձել բանակցությունների սեղանին։ Վերոհիշյալ հայտարարությունը ընդունվել է ժամեր տևած փակ բանակցությունների արդյունքում։

Ալիև-Փաշինյան-Մակրոն-Միշել քառակողմ բանակցություններից բացի Հայաստանի վարչապետը առաջին անգամ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ 

Գագաթնաժողովի կուլիսներից տարածվում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների ոչ պաշտոնական շփումների տեսանյութերը։